Լրահոս

15.07.2009 14:39


Ռ. Դավոյան. «Առաջնայինը ԼՂ–ի կարգավիճակի հարցն է»

Ռ. Դավոյան. «Առաջնայինը ԼՂ–ի կարգավիճակի հարցն է»

Մեկնաբանելով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքները՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը «7օր»-ին ասել է, որ առաջնայինը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է (թեև նա ասում է, որ հանրաքվեն Արցախում վաղուց է եղել, և անկախությունը հռչակվել է), որից հետո նոր կարելի է քննարկել անվտանգության երաշխիքներն ապահովող մնացած կետերը։

-Ես չեմ ասում, թե մենք զիջելու բաներ չունենք, բայց մենք զիջում ենք մեր արյունով ազատագրված տարածքները։ Շատ ծանր վիճակ է մեզ համար, թե մենք ի՞նչ ենք տալու, որպեսզի Ղարաբաղի անկախությունն ապահովենք,- ասել է Ռ. Դավոյանը՝ հավելելով, որ, օրինակ,  Քարվաճառն (Քելբաջար) ամբողջությամբ ռազմավարական նշանակություն ունի և, անվտանգության տեսանկյունից, այն հանձնելու մասին խոսք լինել չի կարող, իսկ Լաչինի միջանցքը, որպես Հայաստանի հետ ցամաքային կապ, «նեղլիկ է և շատ թույլ», և նրա երկու կողմերից  գոնե 25-ական կմ էլ պետք է լինի։

Ռ. Դավոյանը նաև կարծում է, որ Հայաստան-Ղարաբաղ սահմանները կամայական չպետք է գծվեն և չլինեն այնպիսին, ինչպիսին խորհրդային իշխանության տարներին էին։

-Նոր սահմաններ գծելու համաձայնության պիտի գան, որ կարող է լինել բնական տարածքների միջոցով՝ խոր անդունդները, գետերը, լեռները։

Անվտանգությունն ապահովող այսպիսի սահմաններ գծելուց հետո էլ, ըստ Ռ. Դավոյանի, այնտեղ պետք է զորք կանգնեցվի։ Եթե սեփական ուժերը չբավականացնեն, ապա կարելի է նաև դիմել խաղաղապահների օգնությանը։ Ռ. Դավոյանը վստահություն է հայտնել, որ վերջինները խաղաղապահի անվան ներքո նոր «Կոլցո» օպերացիա չեն իրականացնի.

-Այդպիսի բան թույլ չենք տա, որովհտեև մենք էլ ունենք մեր զինված ուժերը և ԱՊՀ գործընկերության անդամ ենք։ Յուրաքանչյուր էդ տեսակ քայլ կարող է կանխվել։ Հետո, ի վերջո, միջազգային կազմակերպությունները հո չմեռա՞ն, որոշումն ընդունեցին ու սատկեցի՞ն։ Էլի գործելու են, չէ՞։ Մենք նրանց ասելու ենք, որ դուք սխալ եք գործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը