Մեկնաբանություն

22.07.2013 11:15


Գազային ու «Գազել»–ային ստեր (տեսանյութ)

Գազային ու «Գազել»–ային ստեր (տեսանյութ)

Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ այս իշխանությունը հիմնված է ստի, կեղծիքի ու «մուտիլովկայի» վրա։ Խաբելը և սուտ խոստումներ տալը դարձել են սերժսարգսյանական կառավարման հիմնական գործիքները։

Իշխանությունը ստում է մակրո և միկրո մակարդակներում, ստում է անընդհատ և ամեն առիթով։ Ստում է «ափաշքյարա»։ Ստում է «նագլի» ձևով։

Այսպես, մարտի 18–ին տեղի ունեցած և միայն դրա հաջորդ օրը հանրությանը ցուցադրված փակ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գազի գնի թանկացման մասին խոսակցությունները հերյուրանք են ու բամբասանք, և որ դա անում են չար մարդիկ՝ գաղջացնելով մթնոլորտը։

Ասուլիսից շատ չանցած, սակայն, գազը պաշտոնապես թանկացավ։ Պարզվեց, որ այն պահին, երբ Սարգսյանը խոսում էր հերյուրանքներից, շատ լավ գիտեր, որ գազն արդեն թանկացել է, և այդ մասին չի հայտարարվում՝ ելնելով ընտրությունների ժամանակ բարեհաջող և առանց աղմուկի տոկոս «խփելու» հաշվարկներից, այսինքն՝ քաղաքական նպատակահարմարությունից։ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, փաստորեն, սկսեց կյանքի կոչվել։

Սերժ Սարգսյանը հիմա լռում է ու չի ասում, թե գազը թանկացնողները գաղջացնում են մթնոլորտը։ Գազի թանկացումը հո բյուջեի թալանի մասին հաշվետվությո՞ւն չէ, որ նախագահականում խորհրդակցություն հրավիրես ու բացահայտորեն պաշտպանես թալանը։

Անցնենք առաջ։

Երևանի ավագանու ընտրություններից առաջ նույն Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի շուրթերով նաև հայտարարում էր, թե հասարակական տրանսպորտի գինը չի բարձրանա (տե՛ս կից տեսանյութը)։ Հուլիսի 20–ից, սակայն, Երևանում ուղևորափոխադրումների գներն աճել են 50 տոկոսով։ Այդպիսով կյանքի է կոչվում նաև «Ավելի լավ Երևան» կարգախոսը։

Սերժ Սարգսյանը կրկին լռում է։ Իբր ինքը տեղյակ չէ, իբր ինքն էլ է դժգոհ, բայց դե ի՞նչ կարող է անել...

Բաղրամյան 26–ում հիմա որոշել են բողոքի սլաքներն ուղղել արհեստական ուղղություններով։ Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մեղավոր է հռչակվել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը և չար Ռուսաստանը (մինչդեռ գազի գնի բարձրացման հիմնական մասը Հայաստանի սահմանի ներսում է կատարվել), իսկ երթուղային տաքսիների ու ավտոբուսների գների բարձրացման համար մեղավորի դերը վերապահվել է Տարոն Մարգարյանին ու գծատերերին։ Իրականությունը, սակայն, այն է, որ բոլոր տիպի որոշումները կայացվել են Սերժ Սարգսյանի մակարդակով, քանզի պետական կառույցները խամաճիկների են վերածվել շատ վաղուց։

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել՝ ապացուցելու համար, որ, օրինակ, Երևանի քաղաքապետարանն ինքնուրույն որոշումներ չի կայացնում։ Հիշենք թեկուզ Մաշտոցի պուրակում տեղի ունեցածը։ Մինչև Սերժ Սարգսյանի «դեպքի» վայր PR նպատակներով գալը, Տարոն Մարգարյանը մի երգ էր երգում (այդպես էին թելադրել «վերևից»), բայց «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» նախադասությունից հետո քաղաքագլուխը սկսեց լրիվ ուրիշ երգ երգել։

Հիմա նույնը տրանսպորտի թանկացման մասով է։ Տ. Մարգարյանին ասել են բարձրացրու գները, նա էլ բարձրացրել է։

Տրանսպորտի թանկացմանը հաջորդած դժգոհությունը երկու սցենարով կարող է զարգանալ. եթե հանրային լուրջ դիմադրություն լինի, Սարգսյանը կարող է կիրառել «Սիրու՛ն չէ» բանաձևն ու հանրությանը վերադարձնել «Գազելների» օգնությամբ 100 դրամով ինքնանվաստացուցիչ ձևով երթևեկելու «հաճույքը»։ Իսկ եթե հանրային դժգոհությունը մեծ չլինի, ոչ մի բան էլ չի փոխվի։

Բաղրամյան 26–ում այժմ միայն մեկ հարցով են մտահոգված. հանկարծ բողոքի թիրախ չդառնա տրանսպորտի թանկացման իրական պատասխանատուն՝ Սերժ Սարգսյանը։ Այդ իսկ նպատակով վերահսկելի «ակտիվիստների» միջոցով շրջանառության մեջ է դրվել «ագահ գծատերերի և չար օլիգարխների» մասին հեքիաթը։ Բայց դե, մարդը պետք է անմեղսունակ կամ էլ «դհոլ» լինի, որ չհասկանա՝ թանկացումների աղբյուրը Բաղրամյան 26–ն է, որը գազային ու «Գազել»–ային ստերն ուզում է մարսել, ինչը թույլ տալ, բնականաբար, չի կարելի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը