Մեկնաբանություն

22.07.2013 11:55


Երկու ճակատագիր

Երկու ճակատագիր

Նոր Մոսկվայում ողբերգական պատմության մեջ է հայտնվել ղարաբաղյան պատերազմի մասնակից Հրաչյա Հարությունյանը։ Նա մեկնել էր Ռուսաստան որդու գերեզմանի քարի փողը վաստակելու նպատակով, բայց ակամայից այլոց մահվան պատճառ դարձավ. դաժան ճակատագիր։

Հրաչյան այն ազատամարտիկներից չէ, ում կյանքը խաղաղության պայմաններում նորմալ է դասավորվել։ Էլ չասած այն մասին, որ նա պատգամավոր, նախարար կամ, առավել ևս, նախագահ չի դարձել։ Մինչդեռ, հաշվի առնելով այն, թե ովքեր են ազատամարտիկի «անցագրով» դարձել պատգամավոր, նախարար կամ նախագահ, Հարությունյանը լրիվ կարող էր նրանց փոխարեն լինել։

Ընդհանրապես շատ մեծ հակադրության մեջ են հայտնվել ղարաբաղյան պատերազմի անմիջական մասնակիցների ճակատագրերը։

Ամենամեծ հակադրությունն առկա է Սերժ Սարգսյանի ու Հրաչյա Հարությունյանի միջև։ Մեկը որպես պաշտոնական Երևանի լոբբինգով պաշտոնյա է մասնակցել պատերազմին ու հաջողացրել կապիտալի նախնական կուտակման փուլի վերածել Ղարաբաղում փաստացի թիկունքի պետ աշխատած տարիները։ Իսկ մյուսը որպես շարքային է մասնակցել կռվին ու չի մտածել կապիտալի նախնական կուտակման մասին. խրամատում նման բաների մասին չես մտածի։

Պատերազմի ամենաթեժ շրջանում Սերժ Սարգսյանը հայտնվել է Մոսկվայում ու այնտեղից մեր բանակի մատակարարման «ճակատում» կռիվ տվել՝ մեծացնելով կապիտալի նախնական շրջանում կուտակածի ծավալները, իսկ Հրաչյա Հարությունյանը հայտնվել է Մոսկվայում արդեն հարաբերական խաղաղության ժամանակահատվածում՝ փորձելով Հայոց բանակում զոհված տղայի շիրմաքարի փողը վաստակել։

Տոկոս «խփելով»՝ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը սիրում է Ռուսաստան գնալ «Դաբրո» անունը կրող ինքնանվաստացման արար բեմադրելու նպատակով։ Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան է գնում ստիպված ու նվաստացման է ենթարկվում ռուսների կողմից այն պարզ պատճառով, որ իրենից առաջ սեփական կամքով և հանուն աթոռի նվաստացել էր Սերժ Սարգսյանը։ Այսինքն, ոչ թե Հարությունյանն է Մոսկվայում խալաթով ներկայացվել հանրությանը, այլ Սարգսյանը։ Պարզապես տեսախցիկները սխալ են ֆիքսել դեպքերն ու դեմքերը։ Ու դեռ հարց է, թե ում արժանապատվությունն է ավելի ոտնահարված՝ խալաթով դատարանի դահլիճ զոռով բերված Հրաչյայի՞, թե՞ սեփական կամքով ու թանկարժեք կոստյումով Կրեմլ մտած Սերժի։

Այս հակադրությունը փոխելու համար հարկավոր է ներքին կյանքում փոխել իրավիճակը և շտկել այն բոլոր անարդարությունները, որոնք առաջացել են խաղաղության պայմաններում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը