Տնտեսական

22.07.2013 12:54


Կթանկանա՞ արդյոք Մետրոյի ուղեվարձը, կամ ինչո՞ւ են կրճատել Մետրոպոլիտենի աշխատակիցների հավելավճարները

Կթանկանա՞ արդյոք Մետրոյի ուղեվարձը, կամ ինչո՞ւ են կրճատել Մետրոպոլիտենի աշխատակիցների հավելավճարները

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մի խումբ աշխատակիցներ, որոնք հրաժարվեցին ներկայանալ, «7օր»-ի հետ զրույցում պնդում էին, որ այս ամսից իրենց աշխատավարձերի հետ տրվող հավելավճարները կրճատվել են 50 տոկոսով, Մետրոպոլիտենի ղեկավարությունն աշխատակիցներին առաջարկում է շաբաթական երկու օր իրենց հաշվին չվճարվող հանգիստ վերցնել, խոսակցություններ էլ կան Մետրոպոլիտենի ուղեվարձի նախատեսվող թանկացման և Մետրոպոլիտենի աշխատակիցների շրջանում սպասվող զանգվածային կրճատումների վերաբերյալ:

Մետրոպոլիտենի ղեկավարությունը դա բացատրում է նրանով, որ պետությունը դադարել է Մետրոպոլիտենին սուբսիդավորել, սակայն աշխատակիցներին այս արդարացումները և պատճառաբանությունները չեն բավարարում, նրանց հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ Մետրոպոլիտենի խորհրդի ղեկավարը Մետրոպոլիտենի վարչական շենքի 7-րդ հարկում շքեղ վերանորոգում է իրականացրել, տնօրենն էլ 5-6 տեղակալ է պահում բարձր աշխատավարձով, սակայն Մետրոպոլիտենի շարքային աշխատակիցներին առանց այն էլ ցածր աշխատավարձի հետ տրվող հավելավճարները այս համատարած թանկացումների համապատկերում 50 տոկոսով կրճատել են՝ բարդացնելով առանց այն էլ բարդ ապրուստը:

Մետրոպոլիտենի աշխատակցի խոսքերով՝ իրենց ասվել է, որ այս ամենը տևելու է ընդամենը 3 ամիս, սակայն դա ոչ մեկին հավատ չի ներշնչում:

Մենք փորձեցինք այս կապակցությամբ պաշտոնական պարզաբանումներ ստանալ Մետրոպոլիտենի լրատվության բաժնից, սակայն «7օր»-ի թղթակցին պատասխանեցին, որ կընդունեն միայն՝ նախապես իմանալով, թե ինչի մասին են զրուցելու։ Երբ մեր լրագրողը ներկայացրեց իրեն հետաքրքրող հարցերի շրջանակը, լրատվության բաժնի աշխատակիցը, զայրացած տեղեկատվության արտահոսքից, հրաժարվեց պարզաբանումներ տալ և պատասխանել «7օր»-ի հարցերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը