Մեկնաբանություն

22.07.2013 14:05


Պայքարել գլխավոր «դինոզավրի» դեմ

Պայքարել գլխավոր «դինոզավրի» դեմ

Ա՛յո, մենք հնագույն եւ հերոսական ժողովուրդ ենք:

Այնքան հին ենք, որ մեր ուղեղը բորբոսնել է եւ ի վիճակի չէ մտածելու՝ ինչպես վերացնել նորօրյա դինոզավրերին:
Եվ այնքան հերոսական ենք, որ կարողանում ենք շունչը կտրվելու աստիճան ձգել մեր գոտիները...

Ա՛յ, էսքան հերոսական ենք:

Կանխազգում եմ, որ հաջորդ ամիս էլ Երեւանի փողոցներում տեղադրած 175 հազարանոց նստարաններն են սարքելու փողով. նստելու համար՝ 150 դրամ:
Մեկ էլ բարձրացնելու են բիոզուգարանների մուտքավճարը:
Չի բացառվում նաեւ՝ գետնանցումներից օգտվելը եւս դարձնեն վճարովի:
Ամեն ինչից փող քամելու մոլուցքով տառապող իշխանության երեւակայությունն անսահման է...

Ավելի ճիշտ՝ ոչ թե իշխանության, այլ՝ Սերժ Սարգսյանի, քանի որ նա է գլխավոր «դինոզավրը», որ բացահայտորեն հարձակվել է սեփական ժողովրդի վրա:

Իսկ ինչ ենք անում մենք:

Առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, հոսանքի, տրանսպորտի թանկացումները բավարար էին, որ մի բռունցք դարձած հայտնվեինք նախագահական պալատի դիմաց՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, որը, ինչպես բազմիցս ենք համոզվել՝ գայլի ախորժակ ունի:

Սա անելու փոխարեն, ինչ-որ կցկտուր, խեղճ, անվճռական քայլեր ենք անում:

Գլխավոր «դինոզավրին» թողած՝ պայքարում ենք նրա խամաճիկների դեմ, ինչն անհեթեթություն է:

Եթե մեկը, որ ի պաշտոնե պարտավոր է զսպել գնաճը, դա չի անում, ուրեմն՝ հենց նրան է ձեռնտու գնաճը: Ի դեպ, նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանելով գնաճի հետ կապված քաղաքացիներից մեկի հարցին՝ զարմացած հարցրեց՝ «Ե՞րբ եք տեսել, որ ապրանքի գինը բարձրացնեն, հետո՝ իջացնեն»:

Իսկ 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում հայտարարում էր, որ 2-3 ամսից գները կիջնեն: Դեմը ամառ էր՝ խոտը կաճեր… Բայց գների իջեցում այդպես էլ տեղի չունեցավ:

Այնպես որ, պայքարել նրա խամաճիկների դեմ՝ աչքաթող անելով գլխավոր «դինոզավրին» ուղղակի, անմտություն է:

Սերժ Սարգսյանը, ասենք, կարող է նախագահի աշխատակազմի անունից 500 մլն դրամ հատկացնել իրավապաշտպան գործունեություն իրականացնող 31 հասարակական կազմակերպությունների (2010-2012թթ.), որոնց մասին հետագայում ոչ մի տվյալ չի հայտնաբերվում: Հասցեները նշված են, բայց այնտեղ նման գրասենյակներ չեն գործում:

Հետո երբ կարկուտից տուժած գյուղացիները փակում են մայրուղին, նույն Սերժ Սարգսյանը 80 մլն դրամ է փոխանցում համապատասխան հիմնադրամին:

Հացնում ենք՝ որտեղից, պատասխանում են՝ էն 500 մլնից, որ ժամանակին նախագահի աշխատակազմը տրամադրել է հասարակական կազմակերպություններին:

Եվ ոչ ոք այլեւս չի հետաքրքրվում, թե բա մնացած 420 մլնը ինչ եղավ, երբ նման կազմակերպություններ իրականում չեն գործել:

Դե՛հ, հիմա էլ երեւի պետք է ոչ թե «ապավինել» ակտիվիստների խմբերին կամ հայկոներին, որոնք ակցիաներ են իրականացնում քաղաքապետարանի դիմաց ու պրոսպեկտից մինչեւ Կոմիտաս ձրի մարդ են տեղափոխում, այլ պետք է փակել դեպի նախագահական պալատ տանող ճանապարհը:

Ով իմանա՝ գուցե Սերժ Սարգսյանի գութը շարժվի ու ավազի վրա գրած հասարակական կազմակերպություններին «հատկացրած» դրամաշնորհային գումարից մնացած 420 մլնն էլ փոխանցի «գծատերերեին», որ չթանկացնեն տրանսպորտը:

Բայց դե ապավինել Սերժ Սարգսյանի գթասրտությանը՝ նույնն է, թե հավատալ, որ նա չի շարունակի պարտադրել էլի ու էլի ձգել մեր գոտիները:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը