Մեկնաբանություն

22.07.2013 17:55


Թիվ մեկ գծատիրոջ դեմ պայքարի մեթոդների մասին

Թիվ մեկ գծատիրոջ դեմ պայքարի մեթոդների մասին

Տրանսպորտի թանկացումն առաջացրել է շատերի արդարացի զայրույթը։ Կազմակերպվում են բողոքի ակցիաներ, որոնց մեջ հասարակական–քաղաքական գրեթե բոլոր շրջանակներն ուզում են փայ մտնել։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Իշխանություններից փող ստացողներն էլ են դարձել բողոքավորներ, անկեղծ պայքար մղողներն էլ։

Ոմանք մտավախություն ունեն, որ այս ակցիաներն ուղղորդվում են կամ կարող են ուղղորդվել նախագահական նստավայրից, և ամեն ինչ կարող է վերջանալ «Տարո՛ն ջան, սիրու՛ն չէ» էժանագին շոուով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 150 դրամի դեմ ձայն են բարձրացրել նաև վաղուց բացահայտված «դիշովկեքը», մտավախություններն անհիմն չեն, սակայն անհանգստության կարիք չկա։ Թող որքան ուզում են Բաղրամյան 26–ից մարդիկ ներդնեն և «դոբրիի» մեջ գործողություններ բեմադրեն Երևանի փողոցներում։

Շատ հանգիստ կարելի է այնպես անել, որ այդ մարդիկ դառնան ընդհանուր բողոքի ալիքում օգտագործվող օբյեկտ, այլ ոչ թե ալիքը դեպի անմեղսունակ Տարոն Մարգարյանն ու «չար գծատերերն» ուղղորդող սուբյեկտ։ Ժողովրդական լեզվով ասած՝ նախագահականի սրած բիզը պետք է «տեխնիչնի» մտցնել ...։ Մի խոսքով, դուք ինձ հասկացաք։

Տարատեսակ ներդվածների դեմ պայքարելն անիմաստ է և էներգիայի ավելորդ կորուստ։ Դրանց բացահայտելու վրա իմաստ չունի ժամանակ ծախսել։ Մեկ–երկու քայլ, և ներդրվածները կանհետանան ինչպես «տառականները» լուսը վառելուց հետո։ Պարզապես պետք է հստակեցնել թիրախները և գործընթացները տանել համապատասխան ուղղությամբ։ Ով կմտնի այդ գործընթացի մեջ, լավ։ Ով չի մտնի, ավտոմատ դուրս կթռնի։

Նախ թիրախի մասին։

Պարզից էլ պարզ է, որ հասարակական տրանսպորտի թանկացման որոշումը կայացվել է նախագահական նստավայրում։ Ընդ որում՝ կայացվել է վաղուց ու թանկացման պահն էլ պատահական չի ընտրվել՝ երկու համապետական ու Երևանի ավագանու ընտրություններից հետո և ամառային արձակուրդների շրջանում, երբ մարդիկ ավելի շատ մտածում են մայրաքաղաքը լքելու, քան այստեղ պայքար մղելու մասին։ Հետևաբար՝ ծիծաղելի է խոսել թանկացումների դեմ ու թիրախ դարձնել գծատերերին այն դեպքում, երբ ՀՀ թիվ մեկ գծատերը Սերժ Սարգսյանն է։ Նա հիմա գծատերերին «պրեմիա» է տալիս։

Գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ «բոմժերին» ու կաշառվածներին տեղափոխում էին գծից հանված երթուղային տաքսիներով։ Թիվ մեկ գծատերն, ահա, վարձահատույց է լինում իր թիմակից գծատերերին՝ ավելի շատ փողի ակնկալիք ունենալով։ Հետևաբար՝ պայքարի թիրախը պետք է լինի Բաղրամյան 26–ը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը։ Տարոն Մարգարյանը դրածո է և իր դրածոյության դիմաց ստանում է իր փայ վարձն ու պարբերաբար «փչանում»։ Այս միտքը պետք է անընդհատ առաջ մղել։

Եթե «Երկրի թիվ մեկ գծատերը Սերժ Սարգսյանն է և միայն նրան փոխելով է հնարավոր լուծել ինչպես տրանսպորտի թանկացման, այնպես էլ շատ ավելի կարևոր հարցերը» միտքը դառնա դոմինանտ, ապա հավատացած եղեք, որ ներդրված «ակտիվիստներն» անմիջապես կանհետանան։ Ինչպես «Նեմե՛ց, մարդասպա՛ն» վանկարկումները «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի վերածվելու դեպքում որոշ «թունդ ընդդիմադիր» ջահելներ տեղում սփրթնեցին ու մեղավորի հայացքով սկսեցին արդարանալ բազազների մոտ, այնպես էլ հիմա կլինի։

Եթե նշածս կոդը դառնա գործողությունների հիմք, ապա թող ինչքան ուզում են դրածոներ հայտնվեն։ Ավելի լավ։

Եվ այսպես, թիրախի ընտրության հարցը լակմուսի թղթի պես մի բան է պետք դարձնել։

Ինչ վերաբերում է բողոքի գործողությունների ճիշտ կազմակերպմանը, ապա քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ձգտեն քաղաքականացնել պայքարն ու նախադրյալներ ստեղծել ոչիշխանական ուժերի հետ ինտեգրվելու և պայքարին քաղաքական բովանդակություն տալու համար։

Պետք է լինի քաղաքացիականի ու քաղաքականի համադրություն, այլ ոչ թե հակադրություն։ Այստեղ էլ հստակ լակմուսի թուղթ կա։ Այն լրատվամիջոցը կամ ակտիվիստը, ով թանկացման առիթով գեղամյանավարի կքննադատի Սերժ Սարգսյանին (այսինքն՝ փաստացի կպաշտպանի) ու հարձակում կգործի ոչիշխանական ուժերի դեմ, ապա իմացած եղեք, որ գործ ունենք «դհոլության» հետ։

Կյանքը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքացիական պայքարն ավտոնոմ վիճակում չի կարող արդյունավետ լինել։ Այն առավելագույնը կարող է ավարտվել «Տարո՛ն ջան, սիրուն չէ» թատրոնով կամ մոմավառությամբ։

Առանց պայքարի քաղաքականացման, հետևաբար, հնարավոր չէ իրական փոփոխությունների հասնել։ Իսկ այն, որ պայքարը պետք է ոչ միայն ու ոչ այնքան տրանսպորտի թանկացման դեմ, այլ իշխանափոխության համար լինի, չեն ընդունում միայն «անկախ» լրատվամիջոցները և պետպատվերով «ակտիվիստները»։

Եվ այսպես, «Կորչի՛ 150–դրամանոց ուղևորափոխադրումը» սոցիալական կոչը պետք է տրանսֆորմացնել իշխանափոխությանը միտված կարգախոսների ու անցնել գործի։ Հասարակությունը միայն այդ դեպքում կարող է հաղթանակի շանս ստանալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը