Մեկնաբանություն

23.07.2013 09:09


Թանկացում-արձակուրդ չվացուցակ

Թանկացում-արձակուրդ չվացուցակ

Դատելով ամենից` Սերժ Սարգսյանն իր արձակուրդը բաժանել է մի քանի մասի՝ արձակուրդի գրաֆիկը համապատասխանեցնելով թանկացումների եւ դրանց հաջորդող հնարավոր ընդվզումների հետ:

Ընդամենը մեկ ամիս առաջ նա վերադարձավ արձակուրդից, որի տեւողությունը մեկ շաբաթ էր եւ սկսվել էր հունիսի 12-ից:

Այդ օրերին, հիշեցնենք՝ բարձրացվեց գազի սակագինը, ինչը հարուցեց հանրության զայրույթը: Ճիշտ է, մարդիկ իրենց բողոքն արտահայտելու համար փողոց դուրս չեկան, բայց Սերժ Սարգսյանն, ասես, սպասելով բողոքի հրապարակային ակցիաների, մեկնեց արձակուրդ՝ արտերկրից հետեւելով «գազային» արձագանքներին:

Երեկ նա կրկին մեկնեց արձակուրդ: Ճիշտ այն ժամանակ, երբ տրանսպորտային թանկացումների դեմ բողոքող երիտասարդների խմբերը դուրս են եկել փողոց:

Ի տարբերություն հունիսյան արձակուրդի, այս անգամ չի նշվում, թե որքան ժամանակով է մեկնել արձակուրդ: Նշվում է միայն, որ արձակուրդի մի մասը նա կանցկացնի արտերկրում, ինչպես նախորդ անգամ:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ձեւը գտել է, թե ինչպես կարելի է խուսափել հանրությանը որեւէ բացատրություն տալուց՝ ինչու, ինչպես, այդ որ տրամաբանությամբ են տեղի ունենում թանկացումները:

Հերթական թանկացումից հետո արձակուրդ մեկնելով, այդ կերպ նա փորձում է «լուծել» եւս մեկ հարց. բողոքավորները հնարավոր է ցանկություն ունենան հասնել նախագահական պալատի մոտ, սակայն իր բացակայությունը մարդկանց կստիպի իրենց մեջ «խեղդել» այդ ցանկությունը: Դե, «տունը մարդ չկա, գնում ենք, որ ինչ անենք» միանգամայն «հիմնավոր» պատճառաբանությամբ:

Ինչեւէ, մնում է գուշակել, թե երբ է նախատեսված Սերժ Սարգսյանի արձակուրդի հաջորդ մասը: Նույնն է, թե՝ երբ է տեղի ունենալու հաջորդ թանկացումը:

Գոնե մինչ այս պահը, ակնհայտ է մի բան. ասես նա իրագործում է «Փախուստ երկրից» ծրագիրը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը