Լրահոս

23.07.2013 21:40


ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի

ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի

Հուլիսի 24-ին` ժամը 15:15-ին, ՀՀ վարչական դատարանում (326 դահլիճում) տեղի կունենա ԻԱԿ-ն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության գործով դատական նիստը:

2013թ. ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, քանի որ վերջինս թերի էր պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին` ըստ էության չտրամադրելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները:

Դեռեւս 2013թ. փետրվարի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ-ին` խնդրելով հայտնել, թե «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի շրջանակներում ո՞ր տեղեկությունների գաղտնիության աստիճանն է վերանայվել, ովքե՞ր կարող են դիմել գաղտնազերծված տեղեկությունները ստանալու համար, գաղտնազերծված տեղեկությունները ո՞ր մարմնից կարելի է ստանալ, ինչպես նաեւ խնդրել էր տրամադրել 18.04.2011 թ. ստորագրված «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի պատճենը»:

ԱԱԾ-ն տրամադրել էր թերի պատասխան` ըստ էության չեր պատասխանել ԻԱԿ-ի ներկայացրած հարցերին, ինչպես նաեւ չէր տրամադրել խնդրված համաձայնագրի պատճենը: 2013թ. մարտի 7-ին տեղեկություն ստանալու գրավոր կրկնակի հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նորից էր դիմել ԱԱԾ-ին` սակայն կրկին ստացել էր նույն թերի պատասխանը:

ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն (այս դատական գործի մասին ավելի մանրամասն, ինչպես նաեւ հայցադիմումը տես`http://foi.am/hy/all-cases/item/1210/):

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը