Մեկնաբանություն

24.07.2013 11:55


Սերժ Սարգսյանի երգով նահանջը

Սերժ Սարգսյանի երգով նահանջը

ԱԱԾ–ն դադարեցել է Վարդան Օսկանյանի դեմ քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով այն, որ «Սիվիլաթաս» հիմնադրամի ղեկավարի գործողություններում դիտավորություն չի եղել, նա կատարել է իր հարկային պարտավորությունները, փոխհատուցել է պետբյուջեի կրած վնասը և հետևաբար՝ չի կարող մեղադրվել փողերի լվացման համար։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը երգով նահանջելու տարբերակ գտավ։ Մի կողմից ստացվում է, թե իբր «Սիվիլիթասում» խնդիրներ եղել են (հաշվապահական բնույթի), այսինքն՝ այնպես չէ որ իրավապահ մարմինները դատարկ տեղը գործ են սարքել, իսկ մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանն իր թքածը չլիզելու տարբերակով փակում է ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունեցող գործը։

Քրեական գործը դադարեցնելու մասին ԱԱԾ–ի որոշումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նախագահական ընտրություններից առաջ Բաղրամյան 26–ից եղել է պատվեր Օսկանյանի դեմ։ Տուժող կողմ չկար, հանցակազմ չկար, բողոք չկար, բայց դատախազությունն ԱԺ էր մտել Օսկանյանի «գործով»։

Զավեշտն այն էր, որ իրավապահներն ուզում էին «Սիվիլիթասի» աշխատակիցների շահերը պաշտպանել «Սիվիլիթասի» հիմնադիր Օսկանյանից։ Եվ դա այն դեպքում, երբ նույն «Սիվիլիթասի» աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպում ի պաշտպանություն Օսկանյանի։

Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը դադարեցնելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրեց նաև Տիգրան Սարգսյանի օֆշորային մեքենայությունների բացահայտման ֆոնին։

Եթե քրեական հետապնդումը չդադարեցվեր, ապա կստացվեր, որ դատախազությունը նախագահականի հրահանգով աչք է փակում վարչապետի կիպրոսյան արկածների վրա այն դեպքում, երբ կա տուժող կողմ (գործարար Փայլակ Հայրապետյանը), կա բողոք, կա հանցագործությունն ապացուցող փաստաթուղթ, կան ճչացող փաստեր, բայց միևնույն ժամանակ փողերի լվացման մեղադրանք է ներկայացնում Սերժ Սարգսյանի քաղաքական ընդդիմախոս Վարդան Օսկանյանին։ Դատական գործն այդպիսով հիմար վիճակի մեջ կդներ իշխանության վերին օղակներին։ Ահա այս ամենից խուսափելու համար էլ Օսկանյանի դեմ գործը կարճվեց։ Բայց դա չի նշանակում, թե Օսկանյանը պետք է բավարարվի այս բարոյական հաղթանակով։ Բարոյական հաղթանակն արժեք չունի առանց քաղաքական փոփոխությունների ձգտման։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Օսկանյանի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմամբ «փչացան» բոլոր այն իշխանական ու «թունդ ընդդիմադիր» գործիչները, ովքեր փրփուրները բերաններին կատարում էին Սերժ Սարգսյանի պատվերը՝ ԱԺ ամբիոնից ապուշություններ դուրս տալով։

Ախր հազար ենք ասել, որ պատվերը կատարելիս այդքան մեծ էնտուզիազմով մի՛ մտեք խաղի մեջ։ Միևնույն է, վերջում Սերժի թքածը դուք եք լիզելու և «խուրդվելու»։

Այս խորագրի վերջին նյութերը