Մեկնաբանություն

25.07.2013 09:10


Պասերով, տղե՛րք, պասերո՜վ

Պասերով, տղե՛րք, պասերո՜վ

Ոստիկանությունը մի հաղորդագրություն էր տարածել և ահագին «մուննաթ» եկել «lragir.am» կայքի վրա։ Բանից անտեղյակ մարդը եթե ծանոթանա ոստիկանության պատրաստած այդ տեքստին, ապա կմտածի, թե քննադատվող լրատվամիջոցը թունդ ընդդիմադիր է և սարսափելի հալածանքների է ենթարկվում՝ իշխանության դեմ պայքարելու համար։

««Լրագիր» կայքէջը ստահոդ լուր է տարածել, թե ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ավտոբուսները` ուղեվարձի վճարումներն ապահովելու համար: Քիչ է ասել, թե այս լուրը չի համապատասխանում իրականությանը. սա բացահայտ ապատեղեկատվություն է և միտումնավոր ստախոսություն: Այս լուրը հորինողներն էլ հրաշալի գիտեն, որ ոստիկանությունը երբեք չի ծառայել որևէ մեկին, բացի օրենքից, պետությունից ու ժողովրդից»,–մասնավորապես նշված է ոստիկանության ոչ այն է հերքման, ոչ այն է բարոյախրատական, ոչ այն է ինքնագովազդի տեքստում։

Նմանատիպ հաղորդագրություններ ոստիկանությունը հաճախ է ուղարկում լրատվամիջոցներին, և հերթականին անդրադառնալն իմաստ չէր ունենա, եթե քննադատության թիրախը տխրահռչակ «lragir.am»–ը չլիներ։

Բանն այն է, որ Բաղրամյան 26–ի «մուտիտները» տարածող և թուրք–ադրբեջանական շահերն առաջ մղող այդ կայքը զբաղվում է նաև շոումեն և «աստվածավախ» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի PR–ով։ Զբաղվում է շուտվանից ու հետևողականորեն։

Գասպարյանն այս կայքի մատուցմամբ մեկն է, ով պետք է կողմնորոշվի օլիգարխիայի և քաղաքացիների միջև։ Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանապետը դեռ սահմանի վրա է, և պետք է ամեն ինչ անել, որ հանկարծ օլիգարխիայի կողմը չանցնի։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Փաստորեն, երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանին անվերապահորեն ծառայող, վերջին երեք խոշոր ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայի շրջանակներում տոկոս «խփող» և այս իշխանության գրեթե միակ հենարան հանդիսացող ոստիկանության վերնախավը Գասպարյանի գլխավորությամբ պոտենցիալ բարեփոխիչ է և կանգնած է օլիգարխիայի ու քաղաքացիների միջև ծանր ընտրության առաջ։ Ահա այսպես է «անկախ» մամուլի կարկառուն ներկայացուցիչներից մեկը ստահոդ լուրեր տարածում ոստիկանության մասին։

«lragir.am»–ում նաև հաճախ կարելի է հանդիպել «ընդդիմադիր» կամ «անաչառ» փորձագետ կոչվածների հետ հարցազրույցներ, որի շրջանակներում նույնպես PR է արվում Վլադիմիր Գասպարյանի օգտին։ Երբեմն PR–ը վերածվում է արևելյան ոճի քծնանքի։ Դա, թերևս, դուր է գալիս քծնանքի օբյեկտին ու սուբյեկտին։

Իսկ թե ինչու է այսքանից հետո Վլադիմիր Գասպարյանը հայրական ապտակի պես մի բան հասցնում իրեն ծառայող այդ լրատվամիջոցին, արդեն շոուի ոլորտին վերաբերող հարց է։ Տղերքն իրար «պաս» են տալիս ու «պաս» բռնում. շատ «կրեածիվ» մոտեցում է։

«Կոնտրագենտները», հավանաբար, որոշել են միմյանց PR անել և ընտրել են սադո–մազոխիստական տարբերակը, այն է՝ «lragir.am»–ը որպես բարեփոխիչ է ներկայացնում Վովային, իսկ վերջինս էլ «lragir.am»–ին՝ որպես միտումնավոր ստախոս։ Ոստիկանության «մուննաթն» առ «lragir.am», ըստ այդմ, սեփական հարեմում պրոֆիլակտիկ ծեծի միջոցով կարգուկանոն հաստատելու պես մի բան է հիշեցնում։

Վովա–շոուն շարունակվում է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը