Լրահոս

25.07.2013 11:43


Տարոն Մարգարյանի գծի վարորդը հարձակվել է ուղևորների և «7օր»–ի լրագրողի վրա (տեսանյութ)

Տարոն Մարգարյանի գծի վարորդը հարձակվել է ուղևորների և «7օր»–ի լրագրողի վրա (տեսանյութ)

Այսօր առավոտյան Ավանից դեպի Աջափնյակ գնացող թիվ 5 երթուղային միկրոավտոբուսում մի կին 200 դրամանոց է տվել վարորդին, ով որպես մանր վերադարձրել է 50 դրամ։ Կողքին նստած մեկ այլ կին վրդովվել է՝ ինչո՞ւ 100 չտվեցիք։ Վարորդը միանգամից սկսել է բղավել, որ ուղեվարձը 150 դրամ է, իսկ ով 100 է վճարելու, կարող է հենց այդտեղ էլ իջնել։ Միկրոավտոբուսից ուղևորների մի մասն իջել է, իսկ չիջնողները հայտարարել են, թե շտապում են, գնում են անալիզ տալու և այլ արդարացումներ են բերել։ Նրանց միտքը չեն փոխել անգամ իջնողների ամոթանքները՝ այդպիսինների պատճառով է, որ միասնականություն չի լինում։

Քիչ անց եկել է մյուս 5 համարը, որի վարորդը, տեսնելով իր մեքենան նստող և նախորդ վարորդի արարքը քննադատող ուղևորներին, հայտարարել է. «Եթե 100 եք տալու, ուրեմն իմ մեքենան չնստե՛ք»։ Սա է՛լ ավելի է բորբոքել թե՛ նախորդ երթուղայինից իջած, թե՛ ներսում գտնվող ուղևորներին։ Նրանք պնդել են, որ նստելո՛ւ են և տալու 100 դրամ։ Ուղևորների այս համարձակ քայլը պարզապես կատաղեցրել է 5 համարի վարորդին, ով գոռգոռալով իջել է մեքենայից և սպառնացել, որ չի վարի։

Այս ամենին ականատես է եղել նաև «7օր»–ի թղթակից Արեգնազ Մանուկյանը։ Երբ նա վարորդից փորձել է ճշտել, թե ի՞նչ իրավունքով չի տեղափոխում իր մեքենան նստած ուղևորներին, վարորդը բառի բուն իմաստով հարձակվել է մեր լրագրողի վրա, քաշքշել նրան, փորձել կոտրել տեսախցիկը։ Միջամտել են ուղևորները, ովքեր սթափության կոչ են արել իրեն կորցրած վարորդին և պնդել, որ նա տղամարդու պահվածք չի դրսևորում։ Սակայն նա իրեն զսպել ու դեպքի վայրից ճողոպրել է միայն այն ժամանակ, երբ մի տղամարդ է միջամտել՝ քաղաքացիներին պաշտպանելով կատաղած վարորդից։

Ողջունելի է, որ դրանից հետո կանգառ հասած մյուս 5 համարի երթուղայինի վարորդը բավական պարկեշտ պահվածք է դրսևորել և բոլոր ուղևորներին տեղափոխել 100 դրամով, ինչը վերջիններն ընդունել են ծափողջույններով։

Ավելացնենք, որ, ինչպես շատերին է հայտնի, 5 համարի երթուղին պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը