Լրահոս

26.07.2013 17:14


Վիրահատությունն անցել է բարեհաջող

Վիրահատությունն անցել է բարեհաջող

Հուլիսի 25-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Լ. (ծնված 2009թ.), Ռ. (ծնված 2001թ.), Մ. (ծնված 2004թ.) Կարապետյանների և Հ.Դավթյանի (ծնված 1989թ.) Հայաստան տեղափոխումը, անհրաժեշտ հետազոտություններն ու հետագա բուժումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և անմիջական հսկողությամբ։

Վնասվածքներ ստացած երեխաներից Մ. Կարապետյանի առողջական վիճակը Վրաստանի մասնագետների կողմից գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Այդ իսկ պատճառով Հայաստան տեղափոխելուց անմիջապես հետո Գյումրու բժշկական կենտրոնում կազմակերպվել է նրա համալիր հետազոտությունը։ Համակարգչային շերտագրությամբ պարզվել է, որ երեխայի մոտ առկա են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքներ։ Գյումրու մասնագետները, խորհրդակցելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների հետ, կարողացել են հիվանդի տեղափոխումը ռեանիմոբիլով այնպես կազմակերպել, որ վիճակի վատթարացում տեղի չունենա։

Երեկ երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հասցնելուց անմիջապես հետո կատարված գանգուղեղի, կրծքավանդակի և պարանոցի համակարգչային շերտագրությամբ հաստատվել է, որ աղջնակի մոտ առկա է գանգոսկրի կոտրվածք աջից ճակատ-քունքային շրջանում, ներգանգային հեմատոմաներ և ողնաշարի երկրորդ ողի փուշելունի կոտրվածք։ Երեկ երեկոյան ժամը 9-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվեց Մ. Կարապետյանի վիրահատությունը։ Վիրահատող բժիշկ, մանկական նյարդավիրաբուժության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգար Մարտիրոսյանի գնահատմամբ` վիրահատությունը հաջող է ընթացել։ Այսօր կատարված ստուգիչ համակարգչային շերտագրմամբ արձանագրվել է, որ ներգանգային հեմատոմաները լիարժեք հեռացվել են։ Միաժամանակ, պլաստիկ վիրահատությամբ փակվել է գանգի վիրահատական լուսամուտը և վերականգնվել բնական կորությունը։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր` լավացման միտումով։ Աղջնակը նորմալ հաղորդակցվում է։

Մյուս երեխաները հետազոտվել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Մեկի մոտ եղել է ոտքի թեթև քերծվածք, մյուսի մոտ ուղեղի ցնցման թեթև երևույթներ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո վերջիններս դուրս են գրվել և շտապօգնության մեքենայով հասցվել Երևան` իրենց տուն:

Գյումրու բժշկական կենտրոնում կատարված համակարգչային շերտագրությամբ մյուս տուժողի` Հ.Դավթյանի (ծնված 1989թ.) մոտ ախտորոշվել է սալջարդ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո հիվանդը դուրս է գրվել և վերադարձել Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը