Մեկնաբանություն

27.07.2013 12:35


Քաղաքական և իրավական պատասխանատվության խնդիրը

Քաղաքական և իրավական պատասխանատվության խնդիրը

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը սկսելուց առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր բացել հայ–թուրքական սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։

«Ես կմեկնեմ Թուրքիա, եթե մենք ունենանք բաց սահմաններ կամ լինենք սահմանների բացման նախաշեմին»,– հայտարարում էր հայկական Գորբաչովը։

Պաշտոնական Երևանի «նախաձեռնողականությունը», սակայն, չբերեց սահմանների բացմանը, և չհաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Այսինքն, Սերժ Սարգսյանը չլուծեց այն խնդիրները, որոնք խոստացել էր լուծել։ Ավելին, հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների առկայությունը հնարավորություն տվեց Թուրքիային լեգիտիմորեն միջամտել Ղարաբաղի հարցում։ Էլ չասած այն մասին, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն կողմ արտահայտվելով՝ Սարգսյանը նպաստեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցմանը։

«ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով հայտնվելով թուրք–ադրբեջանական աքցանի մեջ՝ Սարգսյանը, հետագա բարդություններից խուսափելու համար, նետվեց ռուսների գիրկն ու 49 տարվա պայմանագիր կնքեց ՌԴ ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում երկարաձգելու թեմայով։ Ասել է թե՝ արևմտամետ հռչակված Սերժ Սարգսյանի վերջին հանգրվանը դարձավ ռուսական «սապոգի» վկա դառնալը։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը ֆիասկո արձանագրեց, լուրջ խնդիրներ առաջացան ՀՀ–ի ու ԼՂՀ–ի անվտանգության հետ կապված, սակայն Սերժ Սարգսյանն ու իր թիմը քաղաքական պատասխանատվության չենթարկվեցին։

Քաղաքական պատասխանատվություն չկրեցին նաև Բաղրամյան 26–ին կից սազանդարները (փորձագետներ, թուրքագետներ, լրատվամիջոցներ, մեկ կամ մի քանի հոգանոց կուսակցություններ, քաղաքական կոչված գործիչներ և այլն), ովքեր գովերգում էին ՀՀԿ ղեկավարի «իմաստուն» և «առաջադեմ» քայլերը։

Քաղաքական պատասխանատվության չենթարկվելն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը կարողացավ տոկոս «խփել», մնալ աթոռին ու «ֆուտբոլային» դիվանագիտության երկրորդ սերիայում նկարահանվել։ Անունը դրել են «ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր», սակայն իրականում առևտրի առարկա են դարձրել Ղարաբաղը։

Հարկ է հստակ արձանագրել, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի նպաստելու ՀՀ–ի եվրաինտեգրմանը, այլև մեր երկիրը լավագույն դեպքում դարձնելու է ՌԴ–ի գուբերնիա («ռուսամետների» նախընտրած տարբերակը), իսկ վատագույն դեպքում՝ թուրք–ադրբեջանական զույգի կողմից վերահսկվող տարածք («lragir.am»–ների նախընտրած տարբերակը)։ Իսկ թե այս երկու տարբերակներից որն է նախընտրում Սերժ Սարգսյանը, արդեն էական չէ։

Այն, որ Սերժ Սարգսյանին ԵՄ–ի հետ ինտեգրման հարցում հետաքրքրում է ֆինանսական կողմը, ակնհայտ է, քանզի արևելյան ոճի սուլթանատ կառուցելու ձգտում ունեցող Սարգսյանն ուր, ժողովրդավարական արժեքներն ուր։ Սակայն անհասկանալի է, թե ինչու են Բաղրամյան 26–ն ու իրեն կցված մյուս «արևմտամետ» ուժերը (իրականում՝ մանր ժուլիկներն ու քյառթու գեղցիները) հետևողականորեն քանդում Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության համակարգը՝ արհեստականորեն հակառուսական հիստերիա բարձրացնելով։

Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ նման անմիտ քաղաքականության գինը լինում է տարածքների կորուստը։ Եթե Սերժ Սարգսյանը որոշել է ՌԴ–ի հետ հարաբերությունները փչացնելու, ՀԱՊԿ համակարգը Կովկասում ոչնչացնելու, Արևմուտքին փողի դիմաց ծառայություններ մատուցելու և Ղարաբաղը կորցնելու գնով ինտեգրվել ԵՄ–ին, ապա դա առնվազն քաղաքական անմեղսունակություն է, քանզի Ղարաբաղի կորուստը բուտաֆորիայի կվերածի Հայաստանը, իսկ բուտաֆորիկ տարածքները չեն հետաքրքրի ոչ մեկին, այդ թվում ու նախ և առաջ՝ ԵՄ–ին։

Արևմուտքը մեզ անվտանգության համակարգ չի առաջարկում, ու այնպես չէ, որ ԵՄ–ն դռները բացել ու սպասում է բոլորիս։

Պետք է հասկանալ մի շատ պարզ բան. ասոցացման պայմանագիր առաջարկելով՝ ԵՄ–ն չի հետապնդում ՀՀ–ին իր համակարգում ներառելու խնդիր։ Դա ավելի շատ ադրբեջանական գազի տրանզիտն ապահովելու համաձայնագիր է, քան մեր ու ԵՄ–ի մեձեցման փաստաթուղթ։ Հետևաբար, առնվազն հիմարություն է սեփական ձեռքերով ՀՀ–ի անվտանգության համակարգը քանդելը, ռուս–ադրբեջանական հարաբերությունների մերձեցմանը նպաստելը և օդում կախված մնալն այնպես, ինչպես Սևրի պայմանագիրը կնքելուց հետո։

Պետության անվտանգության ապահովման հարցերում գնալով Սահակաշվիլու տարբերակով՝ Սերժ Սարգսյանը հարցականի տակ է դնում Հայաստանի հետագա գոյության հարցը։

Փչացնելով հայ–ռուսական հարաբերությունները և փորձելով դա ներկայացնել որպես առաջադեմ քայլ՝ Սարգսյանն ու իրեն կցված «սութի» դեմոկրատների տիպի կոմերսանտները Հայաստանին դնում են կամ–կամ ընտրության առաջ, ինչը հղի է շատ կանխատեսելի ողբերգական հետևանքներով։

Եթե ոմանց թվում է, թե եվրաինտեգրումն անպայման նշանակում է ՌԴ–ի հետ հարաբերությունների վատացում, ապա նրանք կա՛մ անմեղսունակ են, կա՛մ դավաճաններ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են ԵՄ–ի հետ ասոցացվելու քողի տակ թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվում, կարող ենք վստահաբար պնդել, որ անմեղսունակության վարկածը բացառվում է։ Հետևաբար, քաղաքական պատասխանատվությունից զատ առաջ է գալիս իրավական պատասխանատվության հարցը։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ պետական դավաճանությունը նաև իրավական կատեգորիա է։

ՀՀ սահմանադրության մեջ, ի դեպ, հատուկ հոդված կա պետության դավաճանության մասով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը