Լրահոս

28.07.2013 09:45


«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

30 տարի առաջ` 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 հայորդիներ` 19-ամյա Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանն ու Արա Քրդլյանը, 20-ամյա Սարգիս Աբրահամյանը և 21-ամյա Սիմոն Յահնիյանը, նախապես պատրաստվելով անձնասպանության միջոցով Թուրքիային ու մնացյալ աշխարհին հայության պահանջատիրությունը ցույց տալու քայլին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը գրավելու և պայթեցնելու գործողության ժամանակ իրենց երիտասարդ կյանքը գիտակցաբար դրեցին ազգային-ազատագրական պայքարի զոհասեղանին:

Իմացյալ մահն ընտրած հայկազունների զոհաբերությունը ցնցեց ոչ միայն հայությանը, այլև ամբողջ աշխարհը` շատերին ստիպելով նորովի իմաստավորել մարդկային և ազգային կյանքի բոլոր առումներն ու ըստ այդմ վերաբերել հայությանը և նրա խնդիրներին:

Անգնահատելի է Լիսաբոնի 5-ի և զինված ազատագրական պայքարի մյուս արտերկրաբնակ հայ երիտասարդների զոհաբերության արժեքը: Անգնահատելի նաև այն պատճառով, որ Մեծ Եղեռնի ժամանակ Հայրենիքից հալածված պապերի ու հայրերի այս զավակները թեև ծնվել և հասակ էին առել օտար հողում ու միջավայրում, սակայն առողջ սերմի նման կրում էին ամբողջական Հայրենիքը և որպես սերմնացան` իրենց անձը հանձնեցին նպատակի, պայքարի ու հաղթանակի ցելերին:

Նրանք հասան իրենց նպատակին: Հայ ժողովրդի իրավունքները և հայկական գործոնը որպես անցյալի փաստ համարող Թուրքիայի, ինչպես նաև մյուս պետությունների համար ակնհայտ դարձավ, որ հայությունը շարունակում է մնալ որպես մեկ ճակատագիր ունեցող միասնական ազգ, կյանքի գնով պատրաստ է տեր կանգնելու իր Հայրենիքին ու նախնիների ժառանգությանը և ըստ այդմ հայտ է ներկայացնում աշխարհին: Իր հերթին` հայությունը ևս համապատասխանաբար իմաստավորեց իր նպատակը և ստանձնեց այն իրագործելու պարտականությունը:

Նրանք հաստատեցին մեր վերածննդի, ազատ ու արժանապատիվ կյանքի, Հայրենիքում համախմբվելու ու կորցրած պետականությունը վերականգնելու իրավունքը: Նրանք օրինակ ծառայելով ապացուցեցին, որ տարածությունը և ժամանակը, ինչպես նաև օրվա ուժեղների սահմանած աշխարհի կարգն ու պատկերացումները, անգամ` պետություն չունենալու հանգամանքը խոչընդոտ չեն իր առաքելությունը գիտակցող և հանուն դրա իմացյալ մահվան պատրաստ զավակներ ծնած ազգի համար:

Նրանց անձնազոհությունը դարձավ նաև հայության ապագայի, նրա ազատագրական պայքարի իրավացիության ու դրա հաղթանակի նկատմամբ աներկբա հավատի, ինչպես նաև հանգամանքների վրա մարդկային կամքի բացարձակ գերակայության օրինակ ու խորհրդանիշ` զգալի չափով նպաստելով հատկապես արտերկրաբնակ հայության ազգային ինքնության արթնացման և հայկական ոգով ու նպատակներով տոգորված սերնդի դաստիարակության գործին:

Ուստի նրանց արարքի նշանակությունը զգալի է ոչ միայն անցյալի ձեռքբերումներում, այդ թվում` Արցախի ազատագրման գործում, այլև հայության ապագա հաղթանակների առումով, որոնք, մասնավորապես, տեղի են ունենալու ներկայումս ընթացող` ինքնիշխան հայկական պետություն կերտելու ազգային-ազատագրական պայքարի տարբեր ասպարեզներում:

Միևնույն ժամանակ` հանուն զոհաբերության ապրած նրանց կյանքը հայկազուն սերունդներին ուղղված պատգամ է, ուստի ամեն հայ երիտասարդ պարտավոր է հետևել դրան և օրինակ լինել հաջորդ սերնդի համար: Մենք և մեր սերունդները նաև պետք է գիտակցենք, որ այդ պատգամը պահելով` զերծ ենք մնում մեր լավագույն զավակների հարկադրական զոհաբերությունից:

Լիսաբոնի 5-ի ու մեր ազգային արժանապատվության մյուս ասպետների հիշատակը միշտ վառ կմնա հայ մարդու հոգում և փարոսի նման կլուսավորի հայության իղձերի իրականացման պայքարի ճանապարհը: Եվ այդ հիշատակի հավերժացման առաջիկա անելիքներից մեկը նրանց սուրբ աճյունների ամփոփումն է հայրենի հողում:

Այս խորագրի վերջին նյութերը