Լրահոս

30.07.2013 10:55


Կայացավ «Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» ծրագիրը

Կայացավ «Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» ծրագիրը

Հուլիսի 24-ին Եղվարդի Օրհուս կենտրոնում մեկնարկեց «Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել բնության հուշարձանների, տեսարժան վայրերի մասին երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ու Կոտայքի մարզի բնության հուշարձանների ցանկի համալրմանը:
«Հայաստանի հրաշալիքները երիտասարդների աչքերով» մարզային ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպությունը Եղվարդի բնապահպանական հասարակական տեղեկատվության Օրհուս կենտրոնի հետ համատեղ, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության ֆինանսավորմամբ և Երիտասարդական ակումբների դաշնության հետ համագործակցությամբ:
«Եղվարդ» ՀԿ-ն նախագահ Ս. Մանյանը ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմությունը, ծավալած ու ընթացիկ գործունեությունը, խոսեց ծրագրի մասին:
Ծրագրի շրջանակներում Օրհուս կենտրոնում ՀՀ մարզերից ժամանած 20 երիտասարդների համար տեղի ունեցով սեմինար, որն անցկացրեց Հայաստանյան Օրհուս կենտրոնների PR մենեջեր Մ. Չաքրյանը: Նա խոսեց բնության, մարդ-բնություն փոխհարաբերությունների, բնության գիտակցաբար պահպանության մասին, շնորհանդեսի միջոցով տեղեկություններ հաղորդեց բնության պահպանության ձևերի, պահպանվող տարածքների, բնության հուշարձանների, դրանց պահպանության ռեժիմների վերաբերյալ, անդրադարձավ հասարակության տեղեկացված լինելու իրավունքին և որոշումների կայացմանը մասնակցության հնարավորություններին: Բանախոսը խորհուրդներ տվեց նաև բնության հրաշալիքների մասին ֆոտոռեպորտաժներ պատրաստելու վերաբերյալ:

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության հուշարձաններ
Սեմինարի վերջում մասնակիցները ծանոթացան արշավ գնալու կանոններին:
Հուլիսի 25-ին «Եղվարդ» ՀԿ կամավորներն ու ծրագրի մասնակից երիտասարդները ուղևորվեցին Բուժական՝ բնության նոր հուշարձաններ բացահայտելու: Արշավականները ուղևորվեցին դեպի անտառ, ապա՝ վաղ միջնադարյան Թեղենյաց եկեղեցի: Արշավի ընթացքում երիտասարդները լուսանկարներ արեցին, տեսանկարահանում իրականացրին, տեղեկություններ հավաքագրեցին, որոնք պետք է օգտագործվեն ծրագրի և բնության հուշարձանների մասին պատմող տեղեկատվական գրքույկում:

Արշավի ընթացքում տեղի ունեցավ սեմինար առաջին բուժօգնության մասին: Արշավի ամբողջ ընթացքում սառույցկոտրուկ և գիտելիքահենք խաղեր անցկացվեցին, որոնք նպաստեցին էլ ավելի ընկերական մտերմիկ միջավայրի ստեղծմանը:

Արդյունքում բարձրացավ երիտասարդների տեղեկացվածության մակարդակը տվյալ տարածքի բնության հուշարձանների, տեսարժան վայրերի մասին: Նրանք պատրաստվում են ՀՀ Կոտայքի մարզի բնության հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկի համալրման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ կազմել ու ներկայացնել իրավասու մարմիններին:
Առաջիկայում կկազմակերպվեն նոր արշավներ՝ դեպի մարզի գեղատեսիլ այլ ծագեր:
«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը