Լրահոս

15.07.2009 18:58


Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու և Շիրակի մարզերում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու և Շիրակի մարզերում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու և Շիրակի մարզերում:
Սերժ Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջել քաղաքի տոնի առթիվ կազմակերպված մշակութային ցուցահանդեսում:
Նախագահը Սպիտակում, Գյումրիում և Շիրակամուտում այցելել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվող բնակարանների շինհրապարակներ, ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին:
Նախագահ Սարգսյանը շփվել է այդ համայնքների բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Շիրակամուտ համայնքում ներկայումս լայն թափով ընթանում է երկրաշարժից անօթևան դարձած ընտանիքների համար նախատեսված թվով 25 բնակելի տների շինարարությունը: Շիրակամուտում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է արդեն քսան տարի վագոն-տնակում ապրող Վարդևանյանների բազմանդամ ընտանիքում, ում բնակարանն արդեն կառուցվում է: Թեյի սեղանի շուրջ ծավալված անկաշկանդ զրույցում Վարդևանյանները երկրի Նախագահի հետ խոսել են իրենց հոգսերի և ակնկալիքների, այդքան երկար սպասված տունն ունենալուց հետո կյանքի նոր փուլ սկսելու մտադրությունների մասին:
Նախագահ Սարգսյանը քաջալերել է բազմազավակ ընտանիքին՝ ասելով, որ պետությունն անելու է ամեն ինչ՝ հնարավորինս արագ լուծելու բնակչության հատկապես խոցելի խավի սոցիալական խնդիրները: «Այն, որ այս հարկի տակ չորս երեխա է մեծանում՝ ամենամեծ հարստությունն է, և պետությունը պետք է այսպիսի ընտանիքներին առաջնահերթ զորավիգ լինի»,-ասել է Սերժ Սարգսյանը հյուրընկալ ընտանիքին և խոստացել ներկա գտնվել նրանց բնակարանամուտի արարողությանը:

Այս խորագրի վերջին նյութերը