Լրահոս

15.07.2009 19:06


Ժառանգություն կուսակցության նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Պարոն Սերժ Սարգսյանին

ՀՀ Նախագահ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հարգելի պարոն Նախագահ,

«Ժառանգություն» կուսակցությունը լուրջ անհանգստություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք երկրների նախագահների' օրերս կատարած համատեղ հայտարարության առնչությամբ, որով, ըստ էության, գաղտնազերծվեցին Մադրիդյան սկզբունքները և բացահայտվեց դրանց հակահայկական էությունը: Մենք արձանագրում ենք, որ դրանով հաստատվեց մեր նախկին մտահոգությունը Մոսկովյան («Մայնդորֆյան») հռչակագրի դրույթների, եւ հատկապես այն մեկի վերաբերյալ, որը պարունակում էր պարտավորություն արցախյան հիմնախնդիրը  Մադրիդյան սկզբունքների (այն ժամանակ հասարակայնությանը իբր անհայտ, բայց իրականում' արդեն քաջ հայտնի) շրջանակներում լուծելու վերաբերյալ:  «Ժառանգությունը» 2008թ. նոյեմբերի 11-ին ընդունած վարչության իր որոշմամբ այն անմիջապես եւ միարժեքորեն դատապարտել էր:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ օրերս ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց, թե ԼՂՀ իշխանությունները չեն մասնակցել «մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթղթի քննարկմանը եւ որեւէ պատասխանատվություն չեն կրում դրա համար, հավելելով նաև' «Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ առանց ԼՂՀ կամքի եւ համաձայնության' ցանկացած որոշում անհիմն է», «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է' ՀՀ իշխանությունների, այդ թվում' անձամբ Ձեր կողմից մինչ այժմ հնչեցված հավաստիացումներն առ այն, որ իրենք բանակցային սեղանի շուրջ ներկայացնում են նաեւ ԼՂՀ շահերը, չեն համապատասխանում իրականությանը:, Հայաստանի եւ Արցախի ժողովրդին մինչ օրս մոլորության մեջ գցելու համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխող քաղաքական ուժի եւ անձամբ Ձեր վրա:

Եթե Ձեր եւ նախորդ իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող բանակցությունների արդյունքը Մադրիդյան կոչվող այս սկզբունքներն են, որոնց Դուք հավանություն եք տվել' նախ 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրելով Մոսկովյան հռչակագրի տակ, ապա օրերս վերահաստատելով Ձեր այդ դիրքորոշումը երկրի արտգործնախարար Նալբանդյանի շուրթերթով եւ որոնք բացարձակապես հաշվի չեն առնում Արցախի վերաբերյալ ո՛չ պատմական, ո՛չ իրավական իրողությունները եւ ո՛չ էլ ադրբեջանական ագրեսիայի և ղարաբաղյան գոյամարտի արդյունքները եւ հիմնված են բացառապես հայկական կողմի միակողմանի զիջումների եւ, ըստ էության, կատարյալ կապիտուլյացիայի վրա, ապա բանակցությունները ոչ հայանպաստ հունով տանելու ամբողջ պատասխանատվությունը եւս ընկնում է թե՛ նախորդ իշխանությունների եւ թե՛ անձամբ Ձեր' որպես նրանց նրանց գործելաոճը նույնությամբ շարունակողի վրա:

Հիշեցնելով միջազգայնորեն վավերացված այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը դեռեւս 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ճանաչվել է հակամարտության ինքնուրույն կողմ, ինչից ելնելով' 1998թ.-ից մինչեւ այժմ ընթացող երկկողմ հանդիպումներն ու «զրույցները» չեն կարող բանակցություններ համարվել նույն բուդապեշտյան գագաթաժողովի փաստաթղթերի համաձայն, քանի դեռ դրանց ուղղակիորեն չի մասնակցում ԼՂՀ-ն' իբրեւ հակամարտության անմիջական կողմ, ինչպեսեւ այն, որ Ադրբեջանի հետ իր տարածքային սահմանազատման հիմնախնդրով իրավասու է զբաղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրված ղեկավարությունը, հետևաբար' Հայաստանը ընդամենը կարող է օժանդակել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ ծագած այս հարցի կարգավորմանը'

 

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է.

 

  1.  այսուհետ բացառել Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների սեպարատ մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բանակցություններին ցանկացած ձեւաչափով, ուր քննարկվում են բացառապես ԼՂՀ իրավասությանը վերաբերող հարցեր' առանց ԼՂՀ օրինական իշխանությունների մասնակցության, առավելեւս' որեւէ փաստաթղթի ստորագրում.
  2.  անմիջապես սկսել Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը:

 

Եթե այս պահանջի իրագործումը Ձեր պաշտոնավարման դեպքում անհնարին եք համարում, ապա պահանջում ենք Ձեզանից հրաժարական տալ' նշանակելով նախագահական ընտրություններ, ինչը հնարավորություն կտա ձեւավորել լեգիտիմ  իշխանություն, որը, լինելով պակաս խոցելի արտաքին ճնշումների առումով, առավել արդյունավետորեն կկարողանա իրագործել հայ ազգային-պետական շահերը' թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ միջազգային ասպարեզում:

 

Ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը' մինչեւ Մոսկվայում հուլիսի 17-ին կայանալիք հանդիպումը:

Հարգանքով'

Անահիտ Բախշյան

Վարչության նախագահ

«Ժառանգություն» կուսակցության վարչության անունից

Այս խորագրի վերջին նյութերը