Մեկնաբանություն

31.07.2013 00:15


Առա՛ջ, Գենդերստան

Առա՛ջ, Գենդերստան

Շատ սիրուն էինք՝ ծաղիկ էլ հանեցինք:

Մայիսի վերջին Ազգային ժողովն ընդունել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, իսկ հունիսի 11-ին այն վավերացվել է ՀՀ նախագահի կողմից:

Այս օրենքի 3-րդ հոդվածը ամրագրում է գենդերի՝ տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքի սահմանումը՝ մարդուն հնարավորություն տալով ընտրել իր սոցիալական վարքը: Ավելի կոնկրետ՝ սեռը: Իսկ ավելի պատկերավոր ասած՝ Վալոդ ձյաձյան եթե ուզենա կարող է դառնալ Վարդուշ տոտա եւ հակառակը:

Դե, ախր, շա՜տ ազատ երկրում ենք ապրում, դրա համար էլ մեզ նման ընտրության հնարավորություն են տալիս: Խնդրեմ՝ կարող ես ընտրել քեզ հոգեհարազատ սեռը եւ ըստ այդմ դրսեւորվել սոցիալ-հասարակական միջավայրում:

Ճիշտ է, մեզ հոգեհարազատ իշխանություն ընտրելու հնարավորությունից զրկված ենք, քանզի գործող իշխանությունը տոկոսներ «խփելով» է վերարտադրվում, սակայն սեռափոխվելու հարցում իշխանությունն ինքն է օրենքի ուժով մեզ ընձեռում այդպիսի հնարավորություն:

Նշված օրենքի 3-րդ հոդվածը արդեն հասցրել են մեկնաբանել շատերը։ Մասնագետները եւ ոչ մասնգետները դրանում համասեռամոլության տարածման, հանրային այլասերման, ամենակարեւորը՝ հայ ընտանիի քայքայման վտանգ են տեսնում:

Ուշագրավ է, որ այս օրենսդրական նախաձեռնության հեղինակը ՕԵԿ խոհրդարանական խմբակցությունն է: Այն, որ ՕԵԿ-ն «անսեռ» կուսակցություն է, դրանում կարծե թե կասկածներ չկան. քաղաքական գործընթացներում, հատկապես բեկումնային պահերին, ըստ հարմարության, կարող է մեկ՝ դառնալ «տղամարդ» մեկ էլ՝ «կին»: Երբեմն նույնիսկ երկուսը միասին: Հիշենք Հեղինե Բիշարյանի խոստովանությունը՝ «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ում կանայք շատ են»:Ինչեւէ:

Նման «նախանձելի» նախաձեռնողականություն դրսեւորելու համար ՕԵԿ-ը, հավանաբար, այլ պատճառ էլ ունի: Եվրոպական ժողովրդական կուակցությանն իր անդամակցությունն արդարացնելու մղումով, ԵԺԿ-ի աչքը մտնելու ջանադրությամբ ահա ՕԵԿ-ը ստանձնել է այս օրենքը հեղինակելու գործը:

Բայց հիշեցնենք նաեւ հունվարին տեղի ունեցած ՀՀԿ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանի արտասանած ճառի հետեւյալ հատվածը. «Հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքը մեր կարևորագույն արժեքն է: Ապահով հայրենիք և ապահովված ընտանիքներ՝ կազմակերպված պետության համար սրանք անհրաժեշտ նախադրյալներ են՝ կյանքի կոչելու ապահով Հայաստան նպատակադրումը»:

Այս հայտարարությունից ամիսներ անց մարդը հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքի քայքայմանը միտված օրենք է վավերացնում՝ «Դեպի ապահով սեռափոխում կամ այլասերում» կարգախոսով:

Ի դեպ, այս օրինագիծը կարելի է վերանվանել նաեւ այսպես. «Կոմայգու մասին» օրենք:

Այն, որ անցած տարիներին մեր երկրում գործող բազմաթիվ գրանտակեր կազմակերպություններ իրականացրել եւ շարունակում են հաջողությամբ իրականացնել գենդերային քաղաքականություն, դա հայտնի է բոլորին: Անգամ ամենամյա մրցույթներ են իրականացնում, որոնց մասնակցում են հարյուրավոր լրագրողներ, հրապարակում եւ ներկայացնում են գենդերային թեմային նվիրված գրեթե «ատենախոսական» մակարդակի նյութեր՝ միայն թե արժանանան գրանտակերների սահմանած մրցանակներին: Այդ կերպ, նրանք, ըստ էության, գենդերի քարոզ են իրականացնում:

Սակայն այս ամենը մի տեսակ անլուրջ էր թվում։ Դե, համարում էինք, որ գրանտակերները իրենց համար «զբաղվում են, էլի»: Այնինչ, սույն կազմակերպությունները, թեկունքում ունենալով արեւմտյան տերերին, հասան նրան, որ նաեւ գենդերը օրենսդրորեն պաշտպանված լինի:

Բացի այդ, մեր շա՜տ «արեւմտամետ» բարձրագույն ղեկավարությունն էլ պակաս շահագրգիռ չէ նման հարցերում. Եվրախորհրդի պատվերները կատարելու համար խելքները իրենցը չի: Դե, իսկ իշխող Հանրապետականն էլ միայն դատարկախոսում է, թե ինքը պահպանողական ուժ է եւ «ազգային արժեքների ու ավանդույթների կրող»:

Ի դեպ, երբ մարդիկ հաճախ իրենց դժգոհությունն են հայտնում, իրավացիորեն նշելով, որ չի կարելի ներմուծել կեղծ արժեքներ, ինչով վտանգվում է հանրային բարոյականությունը, անմիջապես հայտնվում են «արեւմտամետ»-ներն ու «ուլտրաազատականները» եւ իրենց ճղելով մեզ հակադարձում են, թե Եվրոպա ասելով չպետք է միայն հասկանալ աղանդներ, միասեռականներ, սեքսի ու բռնության քարոզ:

Հասկացանք, բայց ինչու է մեզանում միայն այդ ախտը տարածվում:

Օրենքը՝ օրենք, բայց պետք է նաեւ նկատել, որ տարիներ շարունակ հայկական հետուստաընկերությունների մեծ մասն իր հաղորդումներով ու սերիալներով նույն աղբն է քարոզում: Այդ սերիալներում ոչնչացվում է հայ ընտանիքը, ընտանիքի գաղափան ընդհանրապես, ազգային ավանդույթներն ու բարքերը, ամեն ինչ:

Մեկ տարի շարունակվող սերիալում շարունակում են պարզել՝ ով ումից է երեխա ունեցել, ով ում հետ է, ի վերջո, սցենարն այնպես են «ֆռռացնում», որ քիչ է մնում հայրը աղջկա հետ ամուսնանա, քույրը՝ եղբոր: Նողկալի բարքերի մատուցումը շարունակվում է, «մեր ու մանուկ ուրանալու ժամանակները» եռանդով քարոզում են: Էլ չենք խոսում «գյալըբոյի» զազրեկի կերպարի տեւական «հանրահռչակումը»:

Այնպես որ, մինչ օրենքի ընդունումը հայկական հեռուստաեթերը հասցրել է այլասերել հանրային միտքը, հասցրել է քարոզել անբարո բարքեր եւ հեռուստալսարանին, նույնն է թե՝ հանրությանը, «ուսուցանել» ամենայնԳՌԵՀԸ:

Եվ այժմ էլ շարունակում է իր եթերային քստմնելի «հաղթարշավը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը