Լրահոս

31.07.2013 01:09


Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն ամփոփեց Էրեբունի ամրոցում իրականացվող պեղումների 6-րդ գործաշրջանը

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն ամփոփեց     Էրեբունի ամրոցում իրականացվող պեղումների 6-րդ գործաշրջանը

2008 թվականից Էրեբունի ամրոցում իրականացվող պեղումների 6-րդ փուլն այսօր ամփոփեց Էրեբունիի հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը։ Պեղումների այս փուլի ավարտը նշանավորվեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր Անրի Ռոնոյի, Հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի այցով Էրեբունի ամրոցի միջնաբերդ:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին պեղումների հրապարակով, ունկնդրեցին արշավախմբերի ղեկավարներ Ստեֆան Դեշամպի /Ֆրանսիա/ և Աննա Ազիզյանի /Հայաստան/ մեկնաբանությունները և հիմնավորումները: Ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստ. Դեշամպը, ներկայացնելով պեղումներով բացված ուրարտական փողոցը, կատակով նկատեց, որ բարձրաստիճան այցելուները այս պահին քայլում են Երևանի թերևս ամենահին փողոցով:

Տպավորիչ շրջայցին հետևեց արշավախմբերի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Հանդես գալով հակիրճ խոսքով` Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը վերահաստատեց Էրեբունի ամրոցն այցելուին նորովի ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի կամքը:

Էրեբունի ամրոցի պեղումների 6-րդ փուլը մեկնարկել է 2013թ. հուլիսի 2-ից: Առաջիկա ամսին պեղումների հրապարակը կծածկվի հողով` մինչ պեղումների 7-րդ փուլը: Հայ-ֆրանսիական համատեղ պեղումները Էրեբունիում կշարունակվեն մինչև 2015 թվականը:

«Էրեբունի» արգելոց-թանգարան

Այս խորագրի վերջին նյութերը