Լրահոս

15.07.2009 19:11


«Ժառանգություն» կուսակցության ուղերձը արցախահայությանը

15 հուլիսի 2009թ., Երեւան:

Սիրելի հայրենակիցներ,

Տարիներ շարունակ «Ղարաբաղյան» անվանվող հիմնախնդրի էությունը իրականում Արցախի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մեջ է: Թեեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը դեռեւս չի բացահայտում Մադրիդյան անվանված սկզբունքները պարունակող բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմքում, սակայն գաղտնազերծված դրույթներն էլ արդեն բավարար հիմք են տալիս պնդելու, որ Արցախի՝ համայն հայության ու նախեւառաջ արցախցիների հերոսական պայքարի եւ անասելի զրկանքների գնով նվաճված ազատությունն ու ինքնիշխանությունը փորձում են վտանգել: Հայաստանի Հանրապետության իշխանությունների անհեռատես քաղաքականության եւ ներքին լեգիտիմության պակասի արդյունքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը հասել է մի հանգրվանի, որը որեւէ աղերս չունի հայ ազգային շահերի ապահովման հետ եւ որի վերաբերյալ «Ժառանգությունը» բազմիցս ահազանգել է, այդ թվում դատապարտելով 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված «Մայնդորֆյան» հռչակագիրը՝ անմիջապես դրա ստորագրումից հետո: Հռչակագիր, որը պարունակում էր պարտավորություն՝ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն այն ժամանակ հանրությանն իբր անհայտ, բայց իրականում իշխանություններին քաջ հայտնի Մադրիդյան սկզբունքների շրջանակներում:

«Ժառանգություն» կուսակցությունը.

- պնդում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած եւ դրա ընթացքում, ինչպես եւ նախկինում, իր տարածքից էթնիկ զտման ճանապարհով հայ բնակչությանը տեղահանած, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների որոշ հատվածներ մինչ օրս էլ օկուպացիայի տակ պահող, Նախիջեւանը հայաթափած, այդ երկրամասում եւ ողջ Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային արժեքները բնաջնջած, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայ ժողովրդի ցեղասպանություն իրագործած պետությունը՝ Ադրբեջանը, չի կարող լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

- մնում է իր տեսակետին՝ ՀՀ Ազգային ժողովի, ապաեւ ամբողջ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության՝ օր առաջ  ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ, ինչը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից՝ մի կողմից ժողովուրդների ինքնորոշման, մյուս կողմից՝ ժողովուրդների ապագաղութացման իրավունքից, որը արցախահայության անվտանգության գլխավոր երաշխիքն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինականորեն իրացված ինքնորոշման եւ ապագաղութացման իրավունքները եւ դրանց արդյունքում կայացած անկախ պետականությունը պարբերաբար ոտնահարվել են թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրության կողմից. մի մոտեցում, որին, ցավոք, նպաստել է ՀՀ իշխանությունների՝ մինչ օրս վարած անդեմ, ոչ նախաձեռնողական քաղաքականությունը.

- Արցախին միշտ վերաբերել է որպես անկախ պետության և, հետևաբար, ջանք չի խնայելու, որպեսզի ԼՂՀ անկախությունը ճանաչվի նախևառաջ Հայաստանի, ապաև միջազգային հանրության կողմից: Սակայն ՀՀ ԱԺ-ն բացառեց նույնիսկ այդ հարցի քննարկումը, իսկ ԼՂՀ ղեկավարությունը ընդհանրապես չարձագանքեց այդ նախաձեռնությանը: ԼՂՀ անկախության հարցի պաշտոնականացման նպատակով կուսակցության վարչությունը առաջիկա նիստում կքննարկի նրա ճանաչման հարցը «Ժառանգություն» կուսակցության կողմից: Մենք նաև կոչ ենք անում բոլոր հետաքրքրված կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին՝ քննարկել ԼՂՀ ճանաչման հարցը և առաջիկա իրենց գործողություններում ղեկավարվել ընդունված որոշմամբ.  

- վերահաստատում է ամիսներ առաջ հնչեցրած իր դիրքորոշումն առ այն, որ սահմանազատման հետ կապված ցանկացած լուծում կարող է լինել բացառապես փոխադարձ եւ համարժեք, իսկ փախստականների վերադարձը՝ համալիր, համակողմանի՝ ներառելով Ադրբեջանի ամբողջ տարածքը, Դաշտային Արցախը եւ Նախիջեւանը.

-շարունակում է համամիտ մնալ միջնորդների եւ միջազգային կազմակերպությունների այն մոտեցմանը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդրի հակամարտության կարգավորման խաղաղ ուղիները պետք է գտնեն հենց հակամարտության կողմ հանդիսացող հասարակությունները Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում, իսկ մյուս բոլոր պետությունները, որոնք կողմերին օգնում են այդ հարցում, կարող են հանդես գալ միայն միջնորդների դիրքերից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի դերում.

Հարգելի արցախահայեր, մենք՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներս, հայտարարում ենք, որ գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները ոչ միայն անընդունելի են համայն հայության համար, այլ նաեւ երբեւէ չեն կարող իրականանալ: Աշխարհի երեսին ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն իրականացնել ազատության եւ ինքնիշխանության ձեր աստվածատուր իրավունքի վրա, որը դուք եւ համայն հայությունը արդեն պատվով եւ արիաբար նվաճել ու պաշտպանել ենք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի ընթացքում: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ուժերի ներածին չափով սատար կանգնել ձեր այդ իրավունքին:   

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում, անկախ հիմնախնդրի լուծմանը վերաբերող հետագա զարգացումներից, կոչ ենք անում ձեզ՝ շարունակել ամուր կանգնած մնալ հայրենի հողին, որը համայն հայության ազատության խորհրդանիշն է: «Ժառանգությունը» իր քաղաքական բոլոր հնարավորությունները հետայսու ևս ի սպաս կդնի՝ հանուն անկախ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

Այս խորագրի վերջին նյութերը