Լրահոս

15.07.2009 19:19


ՀՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարությունը

Ակնհայտ է, որ այսօր գնալով ավելանում է Հայաստանի Հանրապետության հանդեպ արտաքին քաղաքական ճնշումները թե՛ հայ-թուրքական թե՛ ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ, որն արտահայտվեց նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հուլիսի 10-ի հայտարարությամբ: Մեկ անգամ եւս միջնորդ երկրները փաստեցին, որ իրենց «միջնորդական» քայլերով բացահայտ հետապնդում են իրենց ազգային շահերը: 

Հայկական կողմի համար վիճակը գնահատելով վտանգավոր, ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը հայտնում է իր հետեւողականությունը Հայ Դատի նպատակների ու խնդիրների վերաբերյալ, որոնց առթիվ հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով:

Դեռ 2008 թ. հոկտեմբերի 27-ին արված ՀՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարությամբ հայտնել էինք մեր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված ոչ հայանպաստ զարգացումների առնչությամբ եւ նշել. «Տարածվող պարտվողական տրամադրությունները գնահատելով վտանգավոր, այնուհանդերձ գտնում ենք, որ հայաստանյան քաղաքական ընտրանին չի պատասխանել  կարեւորագույն հարցերին, թե ո՞վ է ԼՂՀ եւ նրա օրինավոր բնակիչների անունից ճակատագրական որոշումներ «ստորագրող» լիազորված անձը կամ պետական ինստիտուտը, եւ ո՞ր օրենքով են հիմնավորված նմանատիպ լիազորությունները»:                           

Միաժամանակ պնդում ենք, որ եթե ժամանակին ու պատշաճ կերպով արժանի գնահատական տայինք Թուրքիայի ու Ադրբեջանի' մեր ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանություններին ու հարցերը տեղափոխվեին միջազգային իրավական հարթություն, ապա այսօր ստիպված չէինք լինի աղերսել առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ, իսկ փոխարենը ստանալ մերժողական պատասխան:

ՀՌԱԿ Հանրապետական վարչության այս տարվա մարտի 3-ի հայտարարության մեջ նշել էինք. «Միանշանակ է, որ. թե՛ 1915-1923 թթ. թուրքական կառավարության կողմից Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող 1.5 միլիոն էթնիկ հայերի բնաջնջման, գույքի թալանի, բռնի տեղահանության, եւ թե՛ 1988-1994թթ. ադրբեջանական կառավարության կողմից Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող էթնիկ հայերի բնաջնջումը կազմակերպված խուժանի, այնուհետեւ մասսայական ոչնչացման զենքերի կիրառումը փաստում է, որ մարդկության հանդեպ իրականացված երկու հանցագործությունները կատարվել են նույն սցենարով»:

Մենք հաստատակամ ենք նաեւ ս/թ ապրիլի 25-ի հայտարարության մեր տեսակետին, որ. «Կարեւորելով Հայաստանի ու նրա հարեւանների միջեւ բարի դրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, որը պետք է նպատակաուղղված լինի տարածաշրջանում կայուն ու երկարատեւ խաղաղության հաստատմանը, միաժամանակ մեր անհամաձայնությունն ենք հայտնում հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ մեր իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությանը:

  Դատելով գործընթացից' տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերության սկիզբ է նախանշում, այլ նմանվում է գաղտնի գործարքի' թուրքական  ու Հայաստանի իշխանությունների միջեւ, որը մեր կարծիքով, չի բխում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ Հայ ժողովրդի շահերից»:

Ավելին' դեռ ս/թ ապրիլի 30-ին հանգամանորեն գնահատելով մեր երկրի  վարած նախաձեռնողական քաղաքականությունը եւ որակելով այն որպես ձախողված, պահանջել էինք արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Քաջ գիտակցելով, որ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնում է ՀՀ նախագահը, միեւնույն ժամանակ, մենք մեր հարվածի սլաքն ուղղել էինք արտգործնախարարին այն պարզ պատճառով, որ համարում ենք' իր ստանձնած պարտականությունները կատարում է  ապաշնորհ ձեւով, եւ չտիրապետելով մեր երկրի իրավիճակին, ճիշտ չգնահատելով նրա տեղը տարածաշրջանոմ ու աշխարհում, սխալ եզրահանգումների է գալիս Հայաստանի ու աշխարհի հետ հարաբերությունների հարցում:

  Ուստի այս փուլում շարունակում ենք պնդել, որ ձախողումների թիվ մեկ պատասխանատուն ՀՀ արտգործնախարարն է:

                                                                                  ՀՌԱԿ  Հանրապետական  վարչություն

Երևան

15.07. 2009 թ.

Այս խորագրի վերջին նյութերը