Մեկնաբանություն

01.08.2013 09:50


Սերժ Սարգսյանի «արևմտամետ» փաստաբանները

Սերժ Սարգսյանի «արևմտամետ» փաստաբանները

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի և ՌԴ–ի առաջարկած Մաքսային միության մասով իշխանական կոալիցիան հստակ տեսակետ չի հայտնել։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բորդյուժայի հետ «ջան–ջիգյարային» հարաբերություններ է հաստատել ու մոռացել իր «եվրոպական» անցյալի մասին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար իրարամերժ հայտարարություններ է անում Մաքսային միության մասով, իսկ Սերժ Սարգսյանը համառորեն չի հրապարակում ԵՄ–ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տեքստը։

Խոսվում է այն մասին, որ ՀՀ–ԵՄ բանակցությունները հաջող են ավարտվել, բայց այդ հաջողության պտուղները թաքցվում են։

Սերժ Սարգսյանը որդեգրել է Մոսկվայում ՌԴ գուբերնիա դառնալու, իսկ Բրյուսելում՝ ԵՄ–ի հետ ասոցացվելու թեմաներով խոստումներ շռայլելու քաղաքականությունը, որի անունը դրել են «և–և»։

Սարգսյանի «և–և»–ը գռեհիկ կոմպլեմենտարիզմ է՝ համեմված այլ պետությունների ղեկավարներին ուղղված արևելյան ոճի քծնանքով ու դիվանագիտական «շուստրիությամբ»։

«Արևմտամետ» ՀՀԿ ղեկավարը փորձում է լռել, և Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերը հանրային քննարկման առարկա չդարձնել, որպեսզի հետագայում, իր ոճին հավատարիմ, «գիշերային» որոշում կայացնի։ Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, և Վիլնյուսում ում թշերը կքաշքշեն, դեռ պարզ չէ, քանզի Սարգսյանը շարժվում է օրվա կուրսով ու ինքն էլ չգիտի՝ կգնա՞ Վիլնյուս, թե՞ ոչ, կստորագրի՞ ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ։

Սարգսյանին այս պատմության մեջ հետաքրքրում է փողը, որը նրան խոստացել են եվրոպացիները, բայց նա սարսափելի վախ ունի Կրեմլից։

Սարգսյանը վախենում է նաև պատերազմից, բայց ԵՄ–ի խոստացած փողի քանակը բթացրել է նրա զգոնությունն ու խաթարել հանգիստը։ Փողի փայլը կուրացրել է նրան, և երկրորդական դարձրել ՀՀ ու ԼՂՀ անվտանգության խնդիրները։

Սարգսյանը հիմա «նախաձեռնողական» լռության ռեժիմի մեջ է։ Նրա փոխարեն խոսում են փաստաբանները։

Այսպես. ԵՄ–ի հետ բանակցությունների ավարտի կապակցությամբ ողջույնի խոսք է հղել «Ազատ դեմոկրատները» (որպես կուսակցություն), Հայաստանի անվտանգության համակարգի քանդմանն ուղղված սերժսարգսյանական քայլերին երկու ձեռքով կողմ է արտահայտվում Դավիթ Շահնազարյանը (որպես անհատ քաղգործիչ), դավիթշահնազարյաններից ավելի ռադիկալ հակապետական քարոզչություն են իրականացնում «lragir.am» և «1in.am» կայքերը (որպես «անկախ» մամուլի ներկայացուցիչներ)։ «Անկախ» փորձագետի կարգավիճակով «Ֆուտբոլային դիվանագիտություն-2» է խաղում ռուսախոս ռուսաֆոբի վերածված Իգոր Մուրադյանը: Սրանք են Ս. Սարգսյանի «արևմտամետ» փաստաբանները։

Ուշագրավն այն է, որ նշյալ սուբյեկտներից որևէ մեկը ծանոթ չէ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստին, բայց կողմ է դրան։

Հարցն այն չէ, որ պետք չէ ԵՄ–ի հետ ինտեգրվել կամ որ ասոցացման պայմանագրում վատ–վատ բաներ են գրված։ Պարզապես այն ճանապարհը, որն ընտրել է Սերժ Սարգսյանը, մեզ, ցավոք սրտի, ավելի է հեռացնելու եվրոպայից այնպես, ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտությունն է՛լ ավելի ամուր փակեց հայ–թուրքական սահմանն ու սև ամպեր կուտակեց Ղարաբաղի գլխին, իսկ «չերեզ» Թուրքիա Արևմուտքին միանալու և ռուսական «սապոգին» հաջողություն ասելու սերժսարգսյանական քայլերն ավարտվեցին Ռուսաստանի ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում 49 տարով երկարաձգելու պայմանագրով։

Տեղին է հիշեցնելը, որ Սերժ Սարգսյանի «արևմտամետ» փաստաբանները միաբերան ողջունում էին նաև հայ–թուրքական «ֆուտբոլը»՝ ձայնակցելով Բաղրամյան 26–ին կից գործող սազանդարներին։ Ներկայիս փաստաբանական խմբակի անդամներից բացառություն էր կազմում միայն Իգոր Մուրադյանը, ով այն օրերին քննադատում էր Թուրքիայի ուղղությամբ «նախաձեռնողականությունը» և իր մտահոգությունները հայտնում Բաղրամյան 26–ում հայտնված «անհայրենիք և օտարամոլ երիտասարդների» հակապետական գործունեության կապակցությամբ։

Կենցաղային խնդիրները, սակայն, իրենց սև գործն արեցին, և հիմա նույն Իգոր Մուրադյանը նույն Բաղրամյան 26–ին կցված «lragir.am»–ի էջերից փառաբանում է Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»՝ գրեթե միանման ձևակերպումների օգնությամբ ձայնակցելով թուրք–ադրբեջանական քարոզչական շրջանակներին. մարդը, փաստորեն, հոգնել է սոցիալական խնդիրներից և ուզում է լավ ապրել՝ ընտրելով կենցաղը բարելավելու ամենաքստմնելի տարբերակը։

Սերժ Սարգսյանի փաստաբանները, անշու՛շտ, ազատ են իրենց գործունեության ձևերն ընտրելիս, բայց պետք է իմանան, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հետ միասին պատասխանատվություն են կրելու իրենց «սութի» արևմտամետության համար, քանզի այն, ինչ անում ու քարոզում են նրանք՝ ոչ մի կապ չունի ՀՀ–ում արևմտյան (համամարդկային) արժեքների ներդրման ու եվրաինտեգրացիայի հետ։

Ի դեպ, «արևմտամետներից» գրեթե ոչնչով չեն տարբերվում նաև «ռուսամետները» (Արտաշես Գեղամյան և այլն)։ Տարբերությունն այն է, որ «ռուսամետներն» ուղղակիորեն են փաստաբանություն անում Սերժ Սարգսյանի համար, իսկ «արևմտամետները»՝ «տակից» (բացառությամբ, թերևս, Դավիթ Շահնազարյանի, ով չի թաքցնում իր համակրանքն առ Սերժ Սարգսյան և պայքարում է վերջինիս իշխանության ապակայունացման դեմ. մարդը աշխատանք է փնտրում)։

Մի խոսքով՝ Սարգսյանի «արևմտամետ» ու «ռուսամետ» փաստաբանները նույն մեդալի տարբեր երեսներն են և իրար արժեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը