Լրահոս

24.11.2010 14:36


Բեյրութում հակաթրքական պաստառները ոստիկանության ուժերով հանվել են

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն արդեն Լիբանանում է: Լիբանանի Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանի խոսքերով՝ այդ երկրի իրավապահներն ամեն ինչ անում են, որպեսզի հայերի և Էրդողանի հեռավորությունը բավական մեծ լինի:

-Նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց ուշացումով, օդանավակայանն ամբողջովին շրջապատված է ուժային կառույցների ներկայացուցիչներով: Բեյրութի հայաշատ վայրերում փակցված հակաթրքական պաստառները հանվել են ոստիկանության ուժերով: Ցավոք սրտի, Էրդողանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ Լիբանանի ղեկավարությունը, մասնավորապես սուննի համայնքը, նրան դիտարկում է իբրև բարեգործ: Ճիշտ նույն ձևով էլ շիաները դիտարկում են Իրանի նախագահ Ահմադինեջադին: Մենք մեր այսօրվա ցույցերով և վաղվա հուժկու հանրահավաքով մեր պետության ղեկավարությանը փորձելու ենք համոզել, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը կեղծ է,-ասել է Ա. Շխրտմյանը:

Վաղն էլ Բեյրութի կենտրոնական Նահատակաց հրապարակում հազարավոր հայերի մասնակցությամբ հանրահավաք է տեղի ունենալու։ Այն կազմակերպել են Լիբանանի երեք ավանդական՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները:

Այս խորագրի վերջին նյութերը