Մեկնաբանություն

02.08.2013 12:00


Կարմիր կետագիծն ու Սաշիկի հետագիծը

Կարմիր կետագիծն ու Սաշիկի հետագիծը

Օգոստոսի 1–ից Երևանի փողոցների կարմիր կետագծերով հատվածներում կանգնելու ժամանակ վարորդները պետք է վճարեն, այլապես կտուգանվեն 5000 դրամով։

Վարորդները մեքենան կայանելուց հետո անմիջապես պետք է սկսեն րոպեներն ու վայրկյանները հաշվել, որպեսզի ճիշտ չափով գումար մուծեն, այլապես կրկին կտուգանվեն։

Մի խոսքով՝ բավական մառազմատիկ և գիշատչական համակարգ է ներդրվել։

Օդից, ավելի ճիշտ՝ գետնից եկող փողը վարորդներից հավաքելու է «Փարքինգ սիթի սերվիզ» ընկերությունը, որի ներդրումը կարմիր ներկով փող հավաքելու տեղերը ներկելն ու տեսախցիկներ տեղադրելն է։ Այդպիսի «հսկայական» ներդրումներ անելու դիմաց «Փարքինգ սիթի սերվիզը» տարեկան ստանալու է ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դոլար եկամուտ (Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը երբ խոսում էին մասնավոր բիզնեսը խթանելու մասին, սա նկատի ունեին)։

Ուշագրավն այն է, որ «Փարքինգ սիթի սերվիզ» կազմակերպությանն է մնալու վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը։ Մնացածը գնալու է Երևանի բյուջե։ Թե ինչու է Երևանի քաղաքապետարանը նման կասկածելի գործարք կնքել և մեծահոգաբար 30/70 հարաբերակցությամբ եկամուտները զիջել այդ կազմակերպությանը, դժվար չէ կռահել։

Ըստ տարածված տեղեկությունների՝ «Փարքինգ սիթի սերվիզը» պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից մեկին։ Ասում են՝ Սաշիկ Սարգսյանին։ Կամ էլ սաշիկատիպ մեկ ուրիշին, բայց դա արդեն էական չէ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Տարոն Մարգարյանին Բաղրամյան 26–ից հենց դրա համար էլ հռչակեցին վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետ և վերանշանակեցին։

Տարոնին վերանշանակեցին, որպեսզի նա հլու–հնազանդ կամակատարի պես կատարի նախագահականի հրահանգները և պատրաստ լինի թուքումուր ուտել «վերևից» եկած որոշումների համար (օրինակ՝ տրանսպորտի թանկացման)։

Մարդկային արժանապատվությունից զուրկ Տարոնի գործը «խուրդվելն» է, ինչպես նաև Սերժ Սարգսյանի շրջապատի բիզնես–շահերը սպասարկելը, գումարած՝ քաղաքապետարանի գործունեությունից ստացվող «ատկատները» ժամանակին ու «ճիշտ» համամասնությամբ տեղ հասցնելը։ Ուրիշ ֆունկցիա Տարոնը չունի։

Հիմա տեղին է հիշեցնելը, որ երբ ուղևորափոխադրման գինը 50 (երթուղային տաքսիներ և ավտոբուս) և 100 (տրոլեյբուս) տոկոսով թանկացրեցին, քաղաքապետարանն ու ՀՀԿ–ական Ռազմիկ Զոհրաբյանը դա բացատրեցին «զապչաստի» թանկացմամբ։

Քաղաքապետարանից նաև պնդում էին, որ եթե միջոցներ լինեին, ապա իրենք դոտացիայի կենթարկեին տրանսպորտի գինը, և այն կմնար 100 դրամ, սակայն նման միջոցներ իրենք չունեն։

Ճիշտ է, երիտասարդների պայքարի շնորհիվ թանկացումը կասեցվեց, բայց դե նստվածքը մնաց։

Հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է ստացվում, որ միջոցների բացակայությունից դժգոհող Տարոն Մարգարյանը «կամովին» զիջում է ավտոկայանատեղիների կառավարումը Սերժ Սարգսյանի շրջապատին, այն էլ՝ 30/70 եկամտային հարաբերակցությամբ։ Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը փողաբեր բիզնեսը վասալային պայմաններովզիջեր «մասնավորին»։

Սա ցույց է տալիս, թե ինչ է լինում այն դեպքում, երբ քաղաքապետն ինքնուրույն ու լեգիտիմ չի լինում։

Եթե Տարոնը հաշվետու լիներ քաղաքացիներին, այլ ոչ թե «Փարքինգ սիթի սերվիզի» տերերին, ապա ավտոկայանատեղիներից ստացվող գումարները արդյունավետ կկառավարեր և տրանսպորտի գինը դոտացիայի ենթարկելու հնարավորություն կունենար։ Իսկ Տարոնը արել է ճիշտ հակառակը. քաղաքային եկամտի աղբյուրը զիջել է Սերժի շրջապատին, իսկ քաղաքացիներից ուզում է լրացուցիչ 50 դրամ հավաքել, որպեսզի «զապչաստի» թանկացման տակից դուրս գա։

Ավտոկայանատեղիների պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, և տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ 30/70 հարաբերակցությամբ են բաշխում նաև ճանապարհներին տեղադրված արագաչափից սարքերի ֆիքսած խախտումներից ստացվող գումարները։ 30 տոկոսը գնում է ոստիկանության ֆոնդին, իսկ 70 տոկոսը մտնում է Երևանի փողոցներում «տռուբաներ» ու տեսախցիկներ տեղադրած կազմակերպությանը, այն է՝ Սերժ Սարգսյանին։

Փաստորեն, Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը սիրում են պետության հետ հարաբերվել 30/70 համամասնությամբ։ Ընդ որում՝ պետությանը հասնող այդ 30 տոկոսի 70 տոկոսը, ըստ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվության, նույնպես թալանի գոտում է գտնվում (դա արդեն վարչապետի «պոզիցիան» է)։

Ահա այսպես է կառուցվում «Ապահով Հայաստանը»։

Հ.Գ.–2։ Քաղաքապետարանի ու «Փարքինգ սիթի սերվիզի» միջև պայմանավորվածության համաձայն՝ վարորդների տուգանումն իրականացվելու է քաղաքապետարանի անունից։ Այսինքն՝ Տարոն Մարգարյանին այստեղ էլ են «փչացրել», և նա գիտակցաբար համաձայնել է «փչանալ»։ Ըստ այդմ ստացվում է, որ փողն աշխատելու է Սաշիկը կամ սաշիկանման մեկը, բայց վարորդների հայհոյանքը ստանալու է Տարոնը։

Այս խորագրի վերջին նյութերը