Լրահոս

02.08.2013 20:58


Մինչև սեպտեմբերի 1-ը ավտոկայանատեղի տուրքի գծով վարչական տույժեր չեն կիրառվի

Մինչև սեպտեմբերի 1-ը ավտոկայանատեղի տուրքի գծով վարչական տույժեր չեն կիրառվի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները:
Հաշվի առնելով, որ հուլիս և օգոստոս ամիսները հանդիսանում են ամառային հանգստի ակտիվ շրջան և, ըստ էության, հազարավոր երևանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև ս/թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:
Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որևէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել և որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Որոշվել է նաև նշված ժամանակահատվածում շարունակել ակտիվ և բազմակողմ իրազեկումը, որպեսզի տուրք վճարողները լիովին տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև վճարումների մեխանիզմներին:
Հաշվի առնելով, որ, գործող օրենսդրության համաձայն, տուրքը սահմանվում և վճարվում է ընթացիկ տարվա համար և 2013 թվականի համար վճարված ցանկացած տուրք գործում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, խորհրդակցության շրջանակում քաղաքապետն անդրադարձել է նաև նշված խնդրին և հանձնարարել է իրազեկել բնակչությանը մինչև տարեվերջ օգտվել ավտոկայանատեղի տուրքի առավելագույնը ամսական դրույքաչափից, իսկ արդեն տարեկան վճարում կատարած անձանց վերահաշվարկ կատարելու նպատակով՝ քաղաքապետարան դիմելու իրավունքի մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը