Մեկնաբանություն

03.08.2013 10:45


Հայրեր և որդիներ

Հայրեր և որդիներ

«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանը ներկայացրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ 2006թ. դեկտեմբերի 29–ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից մի հատված։

Լրագրողի «Դուք երթուղային գիծ ունե՞ք» հարցին ի պատասխան՝ վաղամեռիկ վարչապետ Մարգարյանը պատասխանել է, թե ինքը գիծ չունի, բայց տղան, այսինքն՝ Տարոն Մարգարյանն ունի։ Տարոն Մարգարյանն այն ժամանակ Ավանի թաղապետն էր։

Հիմա Տարոնը, ով սեփական ձեռքով լրացրած հայտարարագրի համաձայն՝ դոլարով միլիոնատեր է, Երևանի քաղաքապետ է նշանակվել նախագահական նստավայրի կողմից և հերքում է հոր ասածները։

«Վստահեցնում եմ՝ ես գծատեր չեմ, խոսակցությունները, թե Ավանի երթուղիները իմն են, այդպես չէ՝ կարող են փաստերը ֆիքսել: Դրանք հերյուրանքներ են եւ շահարկումներ»,– օրերս հայտարարել է Բաղրամյան 26–ի կողմից Երևանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետ հռչակված Տ. Մարգարյանը։

Հիմա հարց է առաջանում, թե երթուղային գծերի թեմայով Մարգարյաններից ով է սուտ խոսել՝ հա՞յրը, թե՞ որդին։ Մենք հակված ենք հավատալու հորը, քանզի նա խաբելու շարժառիթ չուներ, այլապես այն օրերին պետք է բացատրեր, թե ինչպես հարստացավ վարչապետ դառնալուց հետո։ Հայր Մարգարյանն անկեղծորեն խոստովանել է, որ որդի Մարգարյանը հաջողակ գծատեր է։

Թեև Տարոնն ու նրա թիմակիցներն այլ կարծիքի են։ Ճիշտ է, Տարոնը հոր դեմ բան չի ասում, բայց նրա փոխարեն դա անում են իր թիմակիցները։

Այսպես. մասնակցելով այս տարի տեղի ունեցած Երևանի քաղաքապետի երդման արարողությանը՝ գենարալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանը լրագրողներին ներկայացրել է Տարոնի տնօրինած աղմկահարույց միլիոնների ծագման մասին իր տեսակետը։

Ըստ գեներալի՝ Տարոնի հայրը տարիներ շարունակ վարչապետ է եղել, ու պետք չէ զարմանալ, որ գործող քաղաքապետն այդքան հարստություն ունի։ Այսինքն՝ ստացվում է, որ ոչ թե Տարոնն է պետական պաշտոններն օգտագործելով հարստացել, այլ հորից ժառանգություն է ստացել։ Դե, իսկ հայրն էլ, Մանվելի ներկայացրածի համաձայն, հարստացել է վարչապետ եղած ժամանակ ու լավ ժառանգություն թողել որդուն։ Այնպես որ Տարոնը մաքուր է, ինչպես մեկ այլ վարչապետ Տիգրան Սարգսյանն օֆշորի հարցում։

Փաստորեն Մանվելը, կամա թե ակամա, սրել է «հայրեր և որդիներ» հավիտենական վեճի մասնավոր դրսևորումները։ Սպասենք հանգուցալուծմանը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը