Մեկնաբանություն

05.08.2013 00:05


Խաբրիկ մը Կիպրոսեն

Խաբրիկ մը Կիպրոսեն

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը դիմել էր դատախազություն՝ ոչ այն է խնդրելով, ոչ այն է պահանջելով բացահայտել, թե ով է իրեն չարամտորեն դարձրել ֆինանսական մեքենայությունների մեջ ներգրավված կազմակերպության փայատեր և նույնքան չարամտորեն միլիոնավոր դոլարներ փոխանցել այդ կազմակերպությանը։

Աղվան Հովսեփյանից դեռ ձեն–ձուն չկա։ Սերժ Սարգսյանի հրավիրած վերջին խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազը բացառապես պահանջատիրական հայտարարություններ է անում։ Նրա պահանջատիրությունը, սակայն, ոչ թե ներքին թալանչիներից է, այլ Թուրքիայից. այդպես ավելի ապահով է։

Սերժ Սարգսյանի հակաիշխանական խորհրդակցությունը (նկատի ունեմ Իշխան Զաքարյանի դեմ կազմակերպած միջոցառումը) Աղվան Հովսեփյանին, թերևս, հուշել է, որ վարչապետ–Կճոյան–«Ամերիաբանկ» եռամիասնության գործունեությանն իրավական գնահատական տալը նույնն է, թե Վերահսկիչ պալատի բացահայտումները հիմք ընդունես և քրեական գործեր հարուցես բյուջեն թալանողների դեմ, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի բանավոր և հակասահմանադրական կարգադրություններով առաջնորդվես։

Այս դժնդակ ժամանակաշրջանում բնական է, որ Աղվան Հովսեփյանը պետք է Թուրքիայից հողեր պահանջի։ Բա հո՞ ՀՀ դատավորից Տիգրան Սարգսյանի ու մյուսների համար «սռոկ» չի պահանջելու։ Մանավանդ որ Կիպրոսից դեռ «խեր–խաբար» չկա, քանզի օֆշորներում դեգերող մեր քննիչները շարունակում են տեղում ուսումնասիրել միլիոնավոր դոլարներ պտտեցնելու տեխնոլոգիաները, որպեսզի փորձագիտական մակարդակով պատկերացում կազմեն վարչապետի ու նրա «հոգևոր» գործընկերների մտքի թռիչքի մասին։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ի դեպ, այդպես էլ չհարապարակվեց այն նամակը, որը ստացվել էր Կիպրոսից, և որը վերաբերում էր Տիգրան Սարգսյանին։ Հայտարարվեց, որ նամակով հաստատվել է վարչապետի «կուսությունը», բայց դե իրեղեն ապացույցներ այդպես էլ չներկայացվեցին։

Այնպես որ, Կիպրոսեն ով խաբրիկ մը կունենա, թող ձայն հանե։

Այս խորագրի վերջին նյութերը