Մեկնաբանություն

05.08.2013 11:05


Տարոնն ընդդեմ Տարոնի

Տարոնն ընդդեմ Տարոնի

Տարոն Մարգարյանի թիմն այժմ լծվել է... Տարոն Մարգարյանի դեմ պայքարի գործին։ Երևանի քաղաքապետ նշանակված Տարոնը դուրս է եկել 2006թ. «ռազլիվի» թաղապետ Տարոնի դեմ։

Մինչև այդ ամեն ինչ շատ հարթ էր ստացվում. Տարոնը «սուխոյ ատկազ» էր կանգնում, որ երթուղայինի գիծ ունի։ Սակայն Տարոնի «անգիծ» կերպարը փչացրեց և բոլոր խաղաթղթերը խառնեց Տարոնի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, ավելի ճիշտ՝ վերջինիս խոսքերը հիշեցրած «Կենտրոն» հեռուստաընկերությունը։

Բանն այն է, որ երբ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին 2006թ. հարցրել են, թե արդյոք ինքը երթուղայինի գիծ ունի, նա պատասխանել է, թե ինքը չունի, բայց տղան, այսինքն՝ Տարոնը, ունի։

Հիշեցնենք, որ Տարոնն այդ ժամանակ արդեն հասցրել էր դպրոցն էքստեռն կարգով ավարտել, Գյուղակադեմիայի դիպլոմը ստանալ ու Ավանի թաղապետ դառնալ։

Թաղապետ աշխատելուն զուգահեռ Տարոնը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նաև «գծեր» է աշխատեցրել։ Ասել է թե՝ Տարոնն առնվազն 2006ին օրենք է խախտել, քանի որ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական եւ մանկավարժական աշխատանքից: Այլ կերպ ասած՝ Ավանի թաղապետ Տարոնը չէր կարող միաժամանակ բիզնեսով զբաղվել՝ երթուղայինի «գծեր» կառավարել։ Իսկ այն, որ «գիծ» պահելն ակնհայտորեն ստեղծագործական, գիտական և առավելևս մանկավարժական գործունեության հետ կապ չունի, քննարկման առարկա չէ։

Եվ այսպես, թաղապետ աշխատած տարիներին Տարոնը խախտել է օրենքը։ Նրա թիմակիցները պնդում են, որ Տարոնն այժմ առաջվանը չէ, քանզի գիծ է ունեցել 7 տարի առաջ, իսկ հիմա չունի։ Ուզում են ասել, որ Տարոնն օրինախախտ է եղել 2006–ին, բայց օրինապաշտ է այժմ. հետաքրքիր մոտեցում է։

Քաղաքապետարանում լավ կանեն, եթե հրապարակեն, թե ինչ է եղել Տարոնի «գծերի» հետ 2006–ից հետո։ Ո՞ւմ է նա նվիրել կամ վաճառել այդ «գծերը»։ Արդյոք այդ «գծերի» վաճառքի շնորհի՞վ է նա միլիոնատեր դարձել, թե՞ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի ասած տարբերական է արժանահավատ, այն է՝ Տարոնի հայր Անդրանիկ Մարգարյանը տարիներ շարունակ վարչապետ է աշխատել և Տարոնին «չալաղաջ» ժառանգություն թողել։

Մի խոսքով՝ Տարոնն ընդդեմ Տարոնի մենամարտը շարունակվում է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը