Լրահոս

07.08.2013 16:24


Սեյրան Օհանյանը ամառային ուսումնական փուլի մեկնարկելը դիմավորել է սահմանային զորամասում

Սեյրան Օհանյանը ամառային ուսումնական փուլի մեկնարկելը դիմավորել է սահմանային զորամասում

Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղղելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:

Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` նախարարը նշեց, որ իր համար պատիվ է ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում:

«Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է: Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից և գիտելիքներից»,- ասաց Ս.Օհանյանը: Նախարարն անդրադարձավ նաև ՊՆ կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ` թույլ կտա զարգացնել զինծառաողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղավ զորամասի սպաների համար կառուցվող հանգստի և ժամանցի գոտու շինհրապարակում: Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից կառուցվող շինությունը ապահովված է լինելու լողավազանով, թենիսի և բիլիարդի սեղաններով:

Նախարարը ներկա գտնվեց նաև գումարտակներից մեկի համար կառուցված զորանոցի, ճաշարանի և կաթսայատան բացման հանդիսավոր արարողությանը: Դիմելով զինանձնակազմին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով անում է ամեն հնարավորը զինվորների և սպաների կենցաղային պայմանները բարելավելու համար: Նախարարը նկատեց նաև, որ մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը: Զորանոցի բացումը ազդարարող կարմիր ժապավենը համատեղ կտրեցին գումարտակի լավագույն զինվորը, սերժանտն ու սպան: Շրջելով զորանոցի և ճաշարանի տարածքով` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումանական պայմանները: Սեյրան Օհանյանը եղավ նաև զորամասի մարտական հենակետերում: Հանդիպեց ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա սահմանագոտու պահպանությունն իրականացնող զինվորներին, հետաքրքրվեց նրանց կենցաղային պայմաններով: Բարձր գնահատելով զինծառայողների ծառայողական պարտականությունների իմացությունը՝ նախարարը նրանցից մեկին՝ Կոլյա Սարդարյանին պարգևատրեց ԶՈՒ զինանշանը պատկերող ժամացույցով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային շրջայցի երկրորդ օրը մեկնարկեց թիկունքային զորամասերից մեկում, որտեղ Ս.Օհանյանը զինվորների հետ միասին նախաճաշեց զորամասի ճաշարանում: Նախարարը հետաքրքրվեց զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Այդուհետ նախարարը շրջեց ճաշարանի տարածքով, ծանոթացավ դրա պայմաններին:

Հանդիսավոր միտինգին դիմելով զորամասի զինանձնակազմին՝ նախարարը նշեց, որ մենք պատմության ամբողջ ընթացքում ստիպված ենք եղել անընդմեջ ուշադրություն դարձնել ռազմարվեստին: Որպես արդյունք՝ որտեղ էլ որ հայտնվել է հայը, նա մշտապես հանդես է եկել որպես առաջնակարգ մարտիկ և ստրատեգ: Սեյրան Օհանյանը պատվիրեց գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ դրանից է կախված առկա փխրուն խաղաղության հարատևությունը:

Աշխատանքային շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը եղավ Վահան գյուղում, որտեղ հանդիպեց գյուղացիներին, նրանց հետ ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատագրական պայքարի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս խորագրի վերջին նյութերը