Լրահոս

16.07.2009 12:50


Սարգիս Սեդրակյան. «Գյուղերում ծայրահեղ աղքատները կազմում են 70,9%»

-Հայաստանի զարգացումը սկսվում է մարզերից։ Շրջանները տարիներ շարունակ դժվար կացության մեջ են հայտնվել, որովհետև կենտրոնական իշխանությունները կա՛մ չեն կարողացել, կա՛մ չեն ցանկացել ուշադրություն դարձնել դրան։ Առանց մարզային զարգացման չի կարող լինել ազգային զարգացում և ժողովրդավարություն,-«Գյուղական աղքատությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքերով՝  եղանակային պայմանների հասցրած վնասի համար կառավարությունը պարտավոր է աջակցություն ցույց տալ։

-ՀՀ իշխանությունները վերջին տարիներին հայ ժողովրդին և բոլորին փորձում են ապացուցել, թե մեր երկիրն ընթանում է կայուն զարգացման հունով, մասնավորապես, թե շարունակում է նվազել գյուղական աղքատությունը, գյուղատնտեսական ոլորտում գոյություն ունի կայուն տնտեսական աճ, պաշտպանված են մարդու իրավունքները, ամրապնդվում է ժողովրդավարությունը, ձևավորվել է քաղաքացիական հասարակություն։ Բայց դա այդպես չէ։ Այն, որ իշխանությունների կողմից բերված թվային ցուցանիշները  խաբկանք են և հեռու իրականությունից, վկայում է մեր ՀԿ-ի  կողմից անցակցված հարցումների արդյունքները,-ասել է «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ  Սարգիս Սեդրակյանը։

Նա նշել է, որ գյուղական աղքատության առաջացման հիմնական պատճառը գյուղերում ապրելու և աշխատելու համար կարգին պայմանների բացակայությունն է։

-Այն հարցին, թե նվազե՞լ է գյուղական աղքատությունը, գյուղացիների ընդամենը 2,8%-ն է դրական պատասխանել, մնացածը՝ բացասական։ Ըստ հարցումների՝ աղքատները կազմում են գյուղացիների 70,9%-ը, իսկ ծայրահեղ աղքատները ՝ 39,3%-ը։ Մինչդեռ պաշտոնական տվյալներն ասում են, թե իբր  աղքատները 23,4%-ն են, իսկ ծայրահեղ աղքատները՝ 2,4%-ը,-ասել է Սարգիս Սեդրակյանը։

Նրա խոսքերով՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ չնայած գյուղերում իրականացված և իրականացվող բազմաթիվ գյուղատնտեսական ծրագրերին, գյուղը, գյուղատնտեսությունը և գյուղացիները կրկին շարունակում են մնալ վատթար վիճակում։

-Ի տարբերություն անցած տարվա, այս տարի գյուղերի և գյուղացիների վիճակն էլ ավելի է վատացել. տնտեսության առկա վատթար վիճակին ավելացել է նաև համաշխարհային տնտեսական մեծ ճգնաժամը։ 2009թ. 15,7% տնտեսական անկում է գրանցվել, որից 2,9%-ը՝ գյուղատնտեսությունում,-հավելել է «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը