Մեկնաբանություն

08.08.2013 13:10


«Արևմտամետների» և «ռուսամետների» անխախտ միասնությունը

«Արևմտամետների» և «ռուսամետների» անխախտ միասնությունը

Սխալվում են բոլոր այն մարդիկ, ովքեր հայաստանյան քաղաքական, փորձագիտական ու լրագրողական շրջանակները բաժանում են արևմտամետների և ռուսամետների։

Արևմտամետների և ռուսամետների բաժանումը մեզանում խիստ պայմանական է և բովանդակազուրկ։ «Արևմտամետները» և «ռուսամետները» նույն մեդալի տարբեր կողմերն են։ Երկուսն էլ հակապետական ֆունկցիա են կատարում։

«Արևմտամետների» և «ռուսամետների» անխախտ միասնությունը կողմերին հնարավորություն է տալիս պարազիտությամբ զբացվել ու սնվել Հայաստանի ապագայի հաշվին։

Սերժ Սարգսյանը հաջողացրել է իրեն կցել «արևմտամետներին» և «ռուսամետներին»։ Առաջինները շեֆին ծառայություններ են մատուցում «առաջադիմական», իսկ երկրորդները՝ «հետադիմական» դիրքերից։

Անհրաժեշտության դեպքում սրանք փոխվում են տեղերով՝ «ռուսամետը» դառնում է մոլի «ռուսատյաց», իսկ «արևմտամետը» վերածվում է քյառթու ռուսամետի։

Մի ժամանակ, օրինակ, կոմունիստական դպրոցի ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանն անգլերեն էր սերտում, որպեսզի ամերիկացիներին քծնի իրենց իսկ լեզվով։ Դա «հեռավոր» 2003թ. նախագահական ընտրություններից հետո էր, երբ Սերժ Սարգսյանից մի զրո պակաս գնահատական ստացած «ընդդիմադիր» Գեղամյանը դժգոհ էր մնացել ստեղծված իրավիճակից։

Գեղամյանն այդպես էլ կմնար քաղաքական պատմության աղբանոցում, եթե 2008թ. Լևոն Տեր–Պետրոսյանը չորոշեր վերադառնալ մեծ քաղաքականություն։ Ժողգործիքային քաղաքականության ռահվիրա Սարգսյանը ստիպված եղավ փլատակների տակից հանել իր բոլոր հաճախորդներին, թափ տալ նրանց վրայի «դարավոր» փոշին ու քամել վաղուց չորացած «սոկերը»։

Սարգսյանին իր պարտքը տալուց և դրա դիմաց պատգամավորական մանդատը ստանալուցն հետո Գեղամյանն այժմ վերադարձել է իր ակնունքներին ու պահում է Սերժ Սարգսյանի «ռուսական» գիծը։

Գեղամյանությամբ է զբաղված նաև տխրահռչակ Իգոր Մուրադյանը, ով ռուսախոս «արևմտամետ» է և Սերժ Սարգսյանի պատկերացրած «և–և»–ի երկրորդ «և»–ի դերն է կատարում ադրբեջանական «day.az»–ին համահունչ աշխատող «lragir.am»–ի էջերից։

Գեղամյանի ու Մուրադյանի մեջ, սակայն, էական տարբերություն կա։ Գեղամյանի «ռուսամետությունն» անշառ է և կրում է բացառապես քծնանքային բնույթ։

Այլ է պատկերը Իգոր Մուրադյանի դեպքում։ Սա էլ է ծառայում Բաղրամյան 26–ին ու ձգտում օր ծերության կենցաղային խնդիրները կարգավորել այնպես, ինչպես Մամիկոնիչը ՀՀԿ–ի ցուցակ խցկվելիս։ Բայց եթե Գեղամյանի արածից վնաս չկա, ապա համամարդկային արժեքների քարոզի տակ թուրք–ադրբեջանական գիծն առաջ տանող Մուրադյանի գործունեությունը անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում պետք է լիներ, եթե, իհարկե, մենք չունենայինք այնպիսի նախագահ, ինչպեսին «ֆուտբոլասեր» Սերժ Սարգսյանն է։

Իգոր Մուրադյանն առայժմ կարող է հանգիստ «արևմտամետ» խաղալ, քանզի Պետրոս Գետադարձի ռեինկառնացիայի ականատեսն ենք դարձել բոլորս։ Իգորմուրադյանների համար իդիլիան կավարտվի անխուսափելի իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ չի փրկի անգամ «արևմտամետների» և «ռուսամետների» անխախտ միասնությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը