Մեկնաբանություն

08.08.2013 21:02


«08.08.08»–ի դասերը և մեր անելիքը

«08.08.08»–ի դասերը և մեր անելիքը

5 տարի առաջ այս օրը (2008թ. օգոստոսի 8–ին) Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին գնաց արկածախնդրության՝ հարձակվելով Հարավային Օսիայի վրա։ Արդյունքում՝ Վրաստանը կորցրեց և՛ Հարավային Օսիան, և՛ Աբխազիան։

Ճիշտ է, այդ տարածքները Վրաստանը դե ֆակտո կորցրել էր մինչև Սաակաշվիլին, բայց նրա օրոք այդ կորուստն ամրագրվեց դե յուրե և անվերադարձ։

Հակառուսական գիծ որդեգրած Սաակաշվիլին մինչև այդ մտածում էր, որ իր «այ էմ ը թեյբլ»–ով շահել է Արևմուտքի սիրտն ու ստացել բարի քեռիների «դաբրոն»։ Բուն ռազմական գործողությունները, սակայն, ցույց տվեցին, որ ԵՄ–ն հայտարարություններից այն կողմ չանցավ, իսկ ՆԱՏՕ–ն բացառապես հումանիտար օգնություն հասցրեց ռուսական տանկերի տակ հայտնված Վրաստանին, այն էլ՝ հնգօրյա ռազմական գործողություններից հետո։ Այդպես էլ պետք է լիներ։ Այլ բան ակնկալելը պարզապես էշություն էր «Վարդերի» հեղափոխության առաջնորդի կողմից։ Էշություն, որը թանկ նստեց վրացիների վրա։

Սաակաշվիլուն սխալմամբ թվում էր, թե պետական կառավարման համակարգի վեստեռնիզացիան անպայման պետք է համադրել հակառուսական հիստերիայի հետ։ Այդ քաղաքականությունը բերեց այն բանին, որ Վրաստանը կորցրեց գինիների, հանքային ջրերի, թեյի և ցիտրուսային մրգերի ավանդական շուկան՝ ռուսականը, սակայն փոխարենը ոչինչ չգտավ։

Սաակաշվիլու «նախաձեռնողական արևմտամետությունը» Վրաստանը, պատկերավոր ասած, վերածեց թուրք–ադրբեջանական զույգի կոշիկ սրբելու տարածքի։ Վրացիներին չօգնեց անգամ ծով ունենալը։ Եվրոինտեգրացիա կոչվածը Սաակաշվիլու կատարմամբ հիմք դրեց Վրաստանի թուրքականացմանը։ Այսօր այդ երկրի տնտեսության մեծ մասում թուրք–ադրբեջանական կապիտալ է շրջանառվում, իսկ վրացիների մի ստվար զանգվածը ստրուկի կարգավիճակով աշխատում է նրանց մոտ, կամ էլ մեկնում Թուրքիա արտագնա աշխատանքի՝ կրկին ստրուկի կարգավիճակով։

Թուրքական կապիտալը Վրաստանում արդեն քաղաքական գործոնի է վերածվել։ Պատահական չէ, որ Սաակաշվիլին վարում է հակահայ քաղաքականություն և պրոթուրքական լոբբինգով զբաղվում։

Սաակաշվիլու անիմաստ հակառուսականությունը և «արևմտամետությունը» Վրաստանը դարձրել էր Թուրքիայի ու Ադրբեջանի «չուլանը»։ Բնական է, որ նման վիճակն ընդունելի չէր Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար։ Բնական էր նաև խորհրդարանական վերջին ընտրություններում Սաակաշվիլու թիմը պարտությունն ու Իվանիշվիլու շռնդալից հաղթանակը։

Թվում էր, թե Սաակաշվիլու ֆիասկոն պետք է դաս լիներ Սերժ Սարգսյանի համար, և նա «նախաձեռնողական» չդառնար երկրի անվտանգությանն առնչվող հարցերում, սակայն ավաղ։

Բաղրամյան 26–ը հետևողականորեն և թշնամու տարածքում հայտնված դիվերսանտի էնտուզիազմով քանդում է ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգը՝ Հայաստանը դնելով «կամ–կամ» ճակատագրական երկընտրանքի առաջ։ Երկընտրանք, որը ոչ մի լավ բան չի խոստանում ցանկացած ընտրության պարագայում։ Ասել է թե՝ Սարգսյանն անդառնալի գործընթացներ է նախաձեռնել, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է արտաքին բոլոր գործընկերներից, կորցնելու է անվտանգության համակարգն ու թշնամական հարաբերություններ է հաստատելու ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի հետ։ Իսկ թե ինչով կարող է այս ամենն ավարտվել, այնքան էլ դժվար չէ կռահել։

Նախորդ դարասկզբին ծովից–ծով Հայաստանից խոսող «արևմտամետ» իշխանությունները ստորագրեցին Սևրի դաշնագիրը, ինչի արդյունքում կորցրեցին և՛ պետությունը, և՛ փաստացի տնօրինվող տարածքաների մի մասը՝ հայտնվելով բոլշևիկյան Ռուսաստանի կրկնի տակ։

Հիմա Սարգսյանը նույն ճանապարհով է գնում։ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին կողմ արտահայտվելով՝ նա ուզում է փող աշխատել, բայց արդյունքում ռուսական գուբերնիայի է վերածելու Հայաստանը (դա լավագույն դեպքում)։

Այնպես ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտությունն ավարտվեց ռուսական ռազմաբազաների տեղակայումը ՀՀ–ում 49 տարով երկարաձգելու պայմանագրով, այնպես էլ ԵՄ–ի հետ ասոցացումը կարող է բերել խայտառակ արդյունքների՝ տարածքների անխուսափելի կորստով համեմված։

Հարկ է արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվեց անել այն, ինչը չէին կարողանում գլուխ բերել թուրքերն ու ադրբեջանցիները տարիներ շարունակ. փչացնել հայ–ռուսական հարաբերությունները և խախտել տարածաշրջանի ռազմաքաղաքական բալանսը հօգուտ Ադրբեջանի (Ռուսաստանը միշտ էլ կարող էր բիզնես անել ու զենք մատակարարել Ադրբեջանին, բայց դա արեց հիմա. հարց է առաջանում՝ ինչու)։

Հայտնի խոսք կա. խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, իսկ հիմարները՝ սեփական։ Ս. Սարգսյանը, ընտրելով Սաակաշվիլու ճանապարհը, ցույց է տալիս, որ ինքը խելոք չէ, բայց կարծես հիմար էլ չէ, քանզի իր իշխանության պահպանման համար միշտ կարողանում է լուծումներ գտնել։ Տակը մնում է քաղաքականապես անմեղսունակ կամ պետական դավաճան լինելու տարբերակը։ Երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանն իրավունք չունի երկիր ղեկավարել։ Նրա իմպիչմենտը կամ ճնշման միջոցով հեռացումը, հետևաբար, հայաստանակենտրոն ուժերի և անհատների գերխնդիրը պետք է լինի։ Այլապես պատմության ու սերունդների առաջ պատասխան է տալու ոչ միայն Սերժ Սարգսյանը, ով Պետրոս Գետադարձի ու Միխայիլ Գորբաչովի արանքում է հայտնվել, այլև բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր վճռականություն չեն դրսևորի։

Եվ այսպես, Սարգսյանի հեռացումը ազգային անվտանգության ապահովման հարց է։ Չարժե բանը հասցնել կորուստների ու հետո նոր միայն ուշքի գալ։ Մենք տնաբույծ «Սաակաշվիլի» պահելու ռեսուրս չունենք։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը