Լրահոս

16.07.2009 15:04


Դաշնակցությունը պահանջում է ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հրաժարականը

Դաշնակցությունը պահանջում է ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հրաժարականը

ՀՅԴ հայտարարությունը

     Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից: Հետզհետե մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային ասպարեզում միասնաբար փորձում են թուլացնել Հայաստանի դիրքերը՝ նպատակ ունենալով տարածաշրջանը իրենց ազդեցության գոտի դարձնել: Այս իրավիճակում միակ ելքը մեր համախմբվածությունն է, հատվածական շահերից վեր կանգնելը եւ մեր արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելը:

Կրկին անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է Ազգային անվտանգության ռազմավարության և Ռազմական դոկտրինի հիմնարար դրույթներից: Իբրև հետեւանք չի գործնականացվում Հայաստանի Հանրապետության, որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցը լինելու առանցքային դրույթը, շարունակում է խոչընդոտվել Ցեղասպանության  միջազգային ճանաչման գործընթացը, չկա համարժեք պայքար թուրք-ադրբեջանական տանդեմի հետեւողական հակահայկական գործողությունների դեմ, ներքին ու արտաքին քարոզչության մեջ ՀՀ արտգործնախարարության գործունեությունը մնում է խիստ անբավարար:

Արցախի հարցում ինչ-ինչ արագացված լուծումներ պարտադրելու  համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը: Ադրբեջանն իր հերթին խոսում է բացառապես ուժի դիրքերից՝ ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անտեսելով ԼՂՀ գոյության փաստը:

Ստեղծված իրավիճակում մենք հեռատեսություն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններից, հորդորում առաջնորդվել տարածաշրջանում մեր ինքնուրույն ուժն ու տեղը ապահովելու պատասխանատվությամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրեւ լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ:

Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք վերաիմաստավորել եւ վերանայման ենթարկել  Հայաստանի արտաքին  քաղաքականությունը եւ նոր էջ բացել: Դեռեւս կա այդ հնարավորությունը:

Արտաքին քաղաքականության  ասպարեզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը:

  ՀՅԴ Հայաստանի Գգերագույն մարմին

Այս խորագրի վերջին նյութերը