Մեկնաբանություն

09.08.2013 22:18


Բիրդանաղայություն` չարքաշ գոյության ֆոնին

Բիրդանաղայություն` չարքաշ գոյության ֆոնին

Թերթերից մեկն այսօր գրել է, որ. «Ամեն ամիս նախագահականը մոտ 1 մլն դրամի կոնյակ է գնում, ու եթե դա վերածենք լիտրերի, ապա կստացվի, որ նախագահականում ամեն ամիս միջինը 25-30 լիտր կոնյակ են խմում, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս, 20 տարեկան «Նաիրի»»:

Նկատենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կատարած ծախսերի, ընդհանրապես իր հարմարավետության համար թույլ տրված շռայլության ֆոնին այս գնումները «նորմալ» են:

Աննորմալ է, երբ նախագահական պալատը նման զեխություն է դրսեւորում այն պարագայում, երբ երկրում առկա աղքատությունն ու թշվառությունը գնալով ավելի ու ավելի խորանում: Էլ չենք խոսում փլուզված տնտեսության եւ արտագաղթի ծավալների մասին:

Այս ֆոնին պակաս տարօրինակ ու անհասկանալի չէ նախագահի աշխատակազմի կողմից կատարված այլ ծախսերը:

Պետության կարիքների համար կատարված հաշվետվության համաձայն՝ 2010-2011 թթ.-ին Սեւանի թերակղզում գտնվող ՀՀ նախագահի աշխատակազմի ամառանոցներում, Կոնդի առանձնատներում, ՀՀ նախագահի աշխատակազմի վարչական համալիրում կատարված հիմնանորոգման, վերանորոգման եւ հարդարման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 432 միլիոն դրամ կամ ավելի քան 1 մլն դոլար:

Պետբյուջեից այդքան գումար է հատկացվել նշված աշխատանքների համար:

Սերժ Սարգսյանը, կարծես թե, տարվա ընթացքում «վերցրած» մի քանի արձակուրդները անցկացնում է դրսում եւ ոչ` Սեւանում: Բացի այդ, չենք հիշում մի դեպք, երբ նա իր հյուրերին ընդունած լինի նշված ամառանոցներում: Փաստորեն, Սերժ Սարգսյանի համար նախատեսված հանգստավայրերը պետբյուջեի հաշվին նորոգում են, բայց նա այդպես էլ ոտք չի դնում այնտեղ։

Դատելով թվերից՝ Սարգսյանը հանգստանում է կոնյակի ընկերակցությամբ՝ առանց աշխատանքից կտրվելու։

Ի դեպ, կոնյակի նկատմամբ սեր ունի նաեւ Արթուր Բաղդասարյանը:

Պետական կարիքների համար կատարված հաշվետվության համաձայն՝ 2013 թվականի առաջին երեք ամիսներին անցկացված մեկ-երկու վեհաժողովների համար Ազգային անվտանգության խորհուրդը ծախսել է ավելի քան 4 միլիոն դրամ. առատ սեղաններով կազմակերպված բանկետների համար ԱԱԽ-ն պատվիրել եւ գնել է արծաթե բաժակներ, պատվիրել կոնյակներ, քամած մածուն, սառեցված սիբեխ եւ այլն:

Ժուժկալությամբ չի փայլել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը, որը 2011 թվականին կատարել է 35 միլիոն դրամի չափով գրենական պիտույքների ու մամուլի բաժանորդագրությունների գնում, այդ թվում`ռուսական շոու բիզնեսին և այգեգործությանը վերաբերող ամսագրեր: Պարզվում է` ԱԱԾ-ն գլամուրային եւ այգեգործական հանդեսների կարիք էլ ունի:

Իսկ գիտե՞ք, թե որքան են պետական մարմինները ծախսել 2012 թվականին` ավտոպարկերի տեխսպասարկման եւ վերանորոգումների համար: Նշված տարվա հունվար-ապրիլ ամիսներին ընդամենը մի քանի գերատեսչություններ (սոցապ, գյուղնախարարություն եւ այլն) եւ նրանց ենթակայությամբ գործող կառույցները այդ նպատակով ծախսել են ավելի քան 368 միլիոն դրամ: Պատկերացնո՞ւմ եք, իրենց սպասարկող թանկարժեք մեքենաների տեխսպասարկման համար պետբյուջերից ծախսել են հարյուրավոր միլիոններ:

Դե, կարկուտից վնասված գյուղերին էլ որտեղի՞ց փող կմնա:

Իսկ, օրինակ, այս տարի պետությունը արտասահմանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման վրա նախատեսել է ծախսել մոտ 11 միլիարդ դրամ, որում ներառված են նաեւ դեսպանների վարձակալած բնակարանների գումարները:

Իսկ թե ինչպես է գործում մեր դիվանագիտական կորպուսը, թերեւս, չարժե քննության առարկա դարձնել, քանզի բոլորս 2010-ին տեսանք, թե ինչպես էին «քաշքշում» Նալբանդյանի թշիկները. դրանով ամեն ինչ ասված է:

Նշենք նաեւ, որ ըստ հիշատակված հաշվետվության, 2010 թվականին Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճի վերանորոգման եւ օդափոխության համար պետբյուջեից հատկացվել է 126 միլիոն դրամ:

Սերժ եւ Տիգրան Սարգսյանների համաձայնությամբ թույլ տրված այս զեխության եւ ժողովրդի վիճակի միջեւ զուգահեռներ անցկացնելու համար վերստին ստիպված ենք դիմել Լեռ Կամսարին. «Երկու դասակարգ։ Քանի մը կուշտեր` անթիվ սովյալներ... Ժողովուրդը չոքած ուղտերու կարավան է հիմա, որ բերանը բերած կորոճա իր 18 տարի առաջվա կյանքը»։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը