Մեկնաբանություն

13.08.2013 21:15


Հայաստանը «կամ–կամ»–ի առաջ

Հայաստանը «կամ–կամ»–ի առաջ

Զարմանում եմ, որ ոմանք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը համարում են Հայաստանի անկախացմանն ուղված քայլ, բայց դա մեծագույն բլեֆ է, քանզի «մետությամբ» չեն անկախանում, այլ անկախանում են պետության կայացած ինստիտուտներով և ազատ քաղաքացիներով:

Ոմանք համարում են, որ մենք հիմա ռուսի ստրուկն ենք և որպես առաջադիմական քայլ առաջարկում են ռուսի ստրուկից եվրոպացու ստրուկ դառնալ։ Սակայն պարզից էլ պարզ է, որ ստրկատիրոջը փոխելով անկախ չենք դառնում, այլ մնում ենք նույն ստրուկը:

Անկախանալու համար նախ պետք է ներսից սկսել՝ կասեցնել արտագաղթի տեմպերը, հաստատել ժողովրդավարություն, ստեղծել հզոր տնտեսություն, հզոր արդյունաբերություն և այլն։ Իսկ մեր իշխանությունները անում են դրա լրիվ հակառակը. վախենալով հեղափոխությունից՝ խթանում են արտագաղթը, իշխանությունը պահելու մոլուցքով տարված վերացնում են ժողովրդավարության ծիլերը՝ դրա փոխարեն ներկայացնելով լոկ իմիտացիա, սեփական գրպանները լցնելու տենդով տարված ահաբեկում ու հարստահարում են տեղական արտադրողներին ու գործարաներին՝ նպաստելով երկրից կապիտալի արտահոսքին:

Մի՞թե Հայաստանի իշխանությունները իրենց այս քայլերով ձգտում են անկախացնել Հայաստանը: Միգուցե, բայց Հայաստանը այս քայլերով անշեղորեն գնում է կործանման ու այդ կործանումից խուսափելու համար առաջին քայլը, որ մենք պետք է անենք՝ դա այս իշխանությունից ազատվելն է որքան հնարավոր է շուտ՝ առանց սպասելու հերթական ընտրություններին, որովհետև հերթական ընտրություններ կարող են այլևս չլինել հենց միայն այն պատճառով, որ Հայաստանը ևս 5 տարի Սերժ Սարգսյանին դիմանալու ու հանդուրժելու որևէ ռեսուրս չունի:

Իշխանափոխության այլընտրանքը Հայաստանի կործանումն է կամ լավագույն դեպքում պատերազմը, ուստի՝ կա՛մ մենք հիմա պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից, կա՛մ պետք է ձեռքներս ծալած նստենք և դիտենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողական» արտաքին և ներքին քաղաքականության շնորհիվ կործանում Հայաստանը:

Ազատության հրապարակը սպասում է մեզ։

Կարեն Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը