Մեկնաբանություն

14.08.2013 00:28


Թրքաբոլշևիկների «հրաշալի» հնգյակը

Թրքաբոլշևիկների «հրաշալի» հնգյակը

Հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ քաղաքական, փորձագիտական ու լրագրողական որոշակի շրջանակներին «արևմտամետ» որակում տալն արհեստական է։

Քերիր արևմտամետ ներկայացողին (կամ էլ ռուսամետ ներկայացողին. դրանք նույն մեդալի տարբեր երեսներն են), և տակից դուրս կգա մեր ժամանակների Ղուկաս Ղուկասյանը, այսինքն՝ բոլշևիկյան մտածողությամբ օժտված դուրսպրծուկը։ Գարեգին Նժդեհը սրանց նմաններին ավելի դիպուկ բնորոշում էր տալիս՝ թրքաբոլշևիկներ։

Միայն այն հանգամանքը, որ «անկախ» մամուլի կողմից մեզ մոտ այսպես կոչված արևմտամետների լիդեր է հռչակվել մարտի 1–ի տասը զոհերի գնով նախագահ դարձած, ապա կեղծիքներով նախագահի աթոռին վերատիրացած Սերժ Սարգսյանը՝ արդեն իսկ ցույց է տալիս, որ ի դեմս «Սերժ Սարգսյան & Co»–ի մենք գործ ունենք ամեն ինչի, բայց ոչ արևմտյան (համամարդկային) արժեքների կրողների հետ։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ ճիշտը տվյալ դեպքում նժդեհյան բնորոշումն է՝ թրքաբոլշևիզմ։

Սերժ Սարգսյանի թրքաբոլշևիզմը նախ դրսևորվեց տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ։ Առևտրի առարկա դարձավ Հայոց ցեղասպանության հարցը, իսկ ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը լրջագույն հարված հասցվեց։ Ինչպես նախորդ դարում բոլշևիկները հանուն իրենց իշխանության Բրեստ–Լիտովսկի հակառուսական պայմանագիր կնքեցին, այնպես էլ Սերժ Սարգսյանը ներքին լեգիտիմության բացը լրացնելու համար Ցյուրիխում ստորագրեց ՀՀ–ի շահերին հակասող հայ–թուրքական արձանագրությունները։

Այժմ «ֆուտբոլային» դիվանագիտությունը փաթեթավորվել է «ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրով», որի շրջանակներում Բաղրամյան 26–ը, Արևմուտքից խոստացվող միլիարդավոր դոլարների դիմաց և համապատասխան շրջանակների բուռն ու երկարատև ծափողջույնների ներքո, փլուզում է Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության համակարգը՝ աչքի ընկնելով թրքաբոլշևիկներին ներհատուկ էնտուզիազմով ու թուրքական դիվերսանտի նպատակամղվածությամբ։ Սարգսյանի թրքաբոլշևիկյան այս «նախաձեռնողականության» արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանին հաջողվեց իր կողմը թեքել Ռուսաստանին։

Բաքվում Պուտինն ու Ալիևն այնպիսի պայմանավորվածություն են ձեռք բերել էներգետիկ ոլորտում, որ կարելի է արդեն խոսել ռուս–ադրբեջանական ռազմավարական համագործակցության և գրեթե մոռանալ հայ–ռուսական ռազմաքաղաքական գործընկերության մասին։ Այսինքն՝ «արևմտամետ» խաղերի և խիստ կասկածելի պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանը հիմա հայտնվել է 1920 թվականը վերապրելու վտանգի առջև։

Այն ժամանակ էլ Սևրում մերոնք խառնեցին ցանկությունների և հնարավորությունների տեղերը, ինչի արդյունքում Աթաթուրքի ձեռքերն ազատվեցին, և անկախ Հայաստանը խայտառակ կորուստներով հայտնվեց բոլշևիկյան Ռուսաստանի կրկնի տակ։

Հիմա էլ են նույն ուղղությամբ մեզ տանում «արևմտամետները», սակայն այս անգամ արդյունքները կարող են շատ ավելի դաժան լինել, մանավանդ որ նախորդ դարի 20-ականների որոշ անմեղսունակ գործիչներին փոխարինելու են եկել պետրոսգետադարձները, ինչը նշանակում է, որ գործ ունենք այսօրվա ղեկավարության կողմից գիտակցված և անձնական շահ հետապնդող հակահայկական քայլերի հետ։

Ս. Սարգսյանին կցված շրջանակներն այժմ որպես դրական գործընթաց են գնահատում հայ–ռուսական հարաբերությունների վատացումը և շարունակում մեր երկրի շահերի դեմ ուղղված իրենց գործը։

Այսպես. Տիգրան Սարգսյանը հետևողական է «Հայկական աշխարհի» համալրման գործում։ Դե իսկ թրքաբոլշևիզմի քարոզչական ֆլագմանի դերը ստանձնել են «lragir.am» կայքն ու իր արբանյակ «1in.am»–ը (այս կայքերում գրեթե նույն մարդիկ են աշխատում՝ հանդես գալով տարբեր անունների տակ)։

Որպես քաղաքական գործիչ թրքաբոլշևիզմի առաջամարտիկի դերում է Դավիթ Շահնազարյանը, ով նորմալ է համարում, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ՌԴ–ից սպասվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով պետք է տուժի հայկական կոնյակագործությունը, ասել է թե՝ խաղողագործությունն ու խմիչքների արտադրության ոլորտը։

Ուշագրավն այն է, որ թուրք–ադրբեջանական շահերին համահունչ հանդես եկող Շահնազարյանը դեմագոգիկ ձևով հանդես է գալիս ՀՀ անկախության պաշտպանության դիրքերից։ Այլ բան Շահնազարյանից սպասելի էլ չէ. եթե մարդը հանուն կարիերային հաջողության ակնկալիքի ճամբարափոխ է եղել և խաչ քաշել սեփական ընտանիքի վրա, ապա հայրենիքի առուծախն արդարացնելը նրա համար թաշկինակ փոխելու պես մի բան է։

Որպես լրագրող սերժական գիծն առաջ է տանում «lragir.am»–ի նոմինալ ղեկավար Հայկազն Ղահրիյանը՝ ով հայ հանրությանն ուզում է համոզել, որ իբր Ադրբեջանը օր առաջ ուզում է իր կոմունիկացիաները բացել Ղարաբաղի ու Հայաստանի առաջ, սակայն չար Ռուսաստանը դա չի թողնում, բայց Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ կոմունիկացիները բացվեն, Ղարաբաղը մնա մեզ և ԵՄ–ի հետ ասոցացումից հետո էլ ստեղծվի Մեծ Հայաստան։ Նման լկտի բլեֆի տիրաժավորումը հերթական անգամ ապացուցում է, որ ստահակների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է։ Իսկ եթե ստահակը նաև «գեղցի» է իր տեսակով ու մտածողությամբ և պատվերները կատարում է ենիչերիներին ներհատուկ ոճով, ապա ստացվում է ինքզինքը բացահայտած ղարաբաղցի ռենեգատ։

Ռենեգատությամբ է աչքի ընկնում նաև ղարաբաղյան ծագում ունեցող մեկ այլ գործիչ՝ Իգոր Մուրադյանը։

«Ղարաբաղ» կոմիտեի նախահայրերից հանդիսացող նորթուխ «արևմտամետ» Իգորը, փաստորեն, օր ծերության որոշել է իր անիմաստ գոյությունը քարշ տալ թրքաբոլշևիկյան քարոզ անելու միջոցով. շուռ տված «Կուրղինյանից» այլ բան հնարավոր էլ չէր սպասել։

Թրքաբոլշևիզմի հետևորդների քանակը, ցավոք, վերը նշված անձանցով չի սահմանափակվում։ Իսկ դա նշանակում է, որ ազգային անվտանգության համար պատասխանատու մարմինները պետք է մտահոգվեն այս ամենով և քայլեր ձեռնարկեն, սակայն պարզ է, որ միայն իշխանափոխությունը հնարավորություն կտա քանդել թրքաբոլշևիկների որջը, և չեզոքացնել Հայաստանի գլխին կախված սպառնալիքը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը