Մեկնաբանություն

15.08.2013 13:05


Հայաստանի ընտրությունը

Հայաստանի ընտրությունը

ԵՄ–ն և Ռուսաստանը առևտրային խոշոր գործընկերներ են և միևնույն ժամանակն մրցակիցներ։ Երկուսն էլ, բնականաբար, միմյանց նկատմամբ ձգտում են դիրքային առավելության հասնել և դա փորձում են անել ավելի փոքր միավորներ կլանելով կամ փոքր միավորներից բաղկացած բուֆերային գոտիներ սարքելով։

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև տնտեսական մրցակցության դրսևորումներից են Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ–ի կողմից առաջարկվող ասոցացման համաձայնագիրը, որը ՌԴ–ի հեգեմոնիայով ստեղծվելիք մաքսային միության հակակշիռն է։ Ինտեգրացիոն այս երկու նախագծերը սուր մրցակցության դրսևորումներից են։

Հայաստանն այժմ հայտնվել է խոշորների բախման կիզակետում, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ։ Սերժ Սարգսյանն իր «այո»–ների մեջ այնքան է խճճվել ու բոլորին այնպիսի իրարամերժ խոստումներ է տվել, որ Հայաստանին կանգնեցրել է վտանգավոր ընտրության առաջ։ Այնինչ պարզից էլ պարզ է, որ մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, Ղարաբաղի խնդիրը և ՀՀ անվտանգության համակարգին առնչվող իրողությունները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ձգտի հայտնվել ոչ թե խոշորների շահերի բախման կիզակետում, այլ փորձի համադրել նույն այդ խոշորների շահերը։

Ասել է թե՝ սխալ է արևմտամետություն–ռուսամետություն խաղի մեջ մտնելը, կամ որ ավելի վտանգավոր է՝ հակաարևմտամետություն–հակառուսամետություն դիլեմայի առաջ կանգնելը։ ՀՀ անկախության առաջին օրվանից մինչև 2008թ. դա մեզ հաջողվել է անել։ Սովետական Ադրբեջանի կուսդպրոցի սան Սերժ Սարգսյանը, սակայն, որոշեց օրիգինալ մոտեցում ցուցաբերել և նախաձեռնողական դառնալ։ Արդյունքները տեսանելի են։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը և ինչպիսի՞ ընտրություն պետք է կատարի

Հայաստանի անվտանգության համակարգը ՀԱՊԿ–ի շրջանակներում է։ Դրա այլընտրանքն այս պահին չկա ու տեսանելի ապագայում չի սպասվում։ Ի դեպ, այլ առաջարկ այս պահին չկա էլ։

Առնվազն միամտություն է կարծելը, թե մեր տարածաշրջանում ՆԱՏՕ–ն պաշտպանելու է Հայաստանի շահերը՝ հակադրվելով Թուրքիային ու Ադրբեջանին։ Նախ ՆԱՏՕ–ն այստեղ չի մտնի, իսկ մտնելուց էլ իր տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի միջոցով կմտնի։ Դժվար չէ կռահել, թե դա ինչ է նշանակում Հայաստանի համար։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Կովկաս մտնելու փորձ ուզում էր անել Թուրքիան, սակայն ռուսական միջամտությամբ այդ փորձը կանխվեց և Թուրքիան բավարարվեց միայն Հայաստանի հետ սահմանը փակելով։ Սրանք փաստեր են, որոնց անտեսումը և «ա լյա» «lragir.am» վարվող պրոթուրքական ու պրոադրբեջանական քարոզը նախատեսված է ամենաանմեղսունակ զանգվածների համար։

Ռուս–վրացական հնգօրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ Հարավային Կովկասում ռուսների ռազմական դոմինանտությունը որևէ մեկը չի վիճարկում։ Սահակաշվիլին գնաց արկածախնդրության և դե յուրե ամրագրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորուստը՝ հետագայում կորցնելով նաև իշխանությունը։

Պատմության դասերն ու այժմյան իրողությունները հաշվի առնելով՝ Հայաստանը չի կարող մասնակից դառնալ ակնհայտ հակառուսական բնույթ կրող տնտեսական ինտեգրացիոն գործընթացի, իսկ սեփական անվտանգության համակարգը կառուցել Ռուսաստանի հետ։ Այդպես չի լինում։ Այդպես փորձեցին վարվել 1920–ին առաջին հանրապետության ղեկավարները՝ մաս կազմելով հակառուսական ուղղվածություն ունեցող Սևրի դաշնագրին՝ փորձելով միևնույն ժամանակ համաձայնության հասնել բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Այդ երկու «այո»–ի քաղաքականությունը բերեց նրան, որ ՀՀ–ն կորցրեց անկախությունը և տարածքների մի մասը՝ հայտնվելով ՍՍՀՄ կազմի մեջ։

Սերժ Սարգսյանն այժմ նույն ճանապարհով է գնում՝ ելնելով ինչ–ինչ անձնական հաշվարկներից ու շահերից։ Նկատենք, սակայն, որ «նախաձեռնողականության» արդյունքները կարող են շատ ավելի դաժան լինել, քան 1920–ին արձանագրվեց։ Այն ժամանակ գոնե Նժդեհին հաջողվեց Սյունիքը պահել։ Իսկ հիմա ինքն իրեն նժդեհյան հռչակած կուսակցության ղեկավարի մոտ դա կարող է չստացվել, քանզի կունենանք երեք ճակատ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղղակի, իսկ Ռուսաստանի հետ՝ անուղղակի։

Ստեղծված իրավիճակից ելքը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալուց հրաժարվելն է՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մաքսային միությանը մաս կազմելուց։ Մեր արտաքին գործընկերներն ըմբռնումվ կմոտենան այդ ընտրությանը։

Պետք չէ շփոթել եվրոինտեգրացիայի գործընթացը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու հետ, մանավանդ որ այդ համաձայնագրով մենք ԵՄ–ին մեկ միլիմետր անգամ չենք մոտենալու, ավելի ճիշտ՝ հեռանալու ենք, քանզի ներկայիս հակառուսական հիստերիան ու «սութի» արևմտամետությունը կարող է ավարտվել ռուսական գուբերնիա դառնալու տխուր հեռանկարով, ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտության «արևմտամետ» ուղղվածությունը բերեց ՌԴ զորքերի տեղակայումը ՀՀ–ում 49 տարով երկարաձգելու համաձայնագրին։

Մենք, ուրեմն, պետք է պետական կառավարման համակարգը և տնտեսական հարաբերություններն արդիականացնենք արևմտյան (համամարդկային) ստանդարտներով (այսինքն՝ կարևորենք արևմտյան աշխարհին ինտեգրվելու գործընթացը, այլ ոչ թե կոշտ ընտրություն պահանջող նախագծերին մաս կազմենք)՝ միևնույն ժամանակ հատուկ ռազմաքաղաքական հարաբերություններ պահելով Ռուսաստանի հետ։

Այլ կերպ ասած՝ մենք պետք է վարվենք այնպես, ինչպես, օրինակ, Ֆինլանդիան, որը տնտեսական ու ռազմական բնույթ ունեցող որևէ ինտեգրացիոն գործընթացի մեջ չի մտել ԵՄ–ի կամ ՆԱՏՕ–ի հետ՝ հանդիսանալով արևմտյան աշխարհի բաղկացուցիչ և ստեղծելով օրինակելի դեմոկրատական համակարգ ու դինամիկ զարգացող տնտեսություն։ Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Ֆինլանդիան անգամ «սառը» պատերազմի տարիներին հատուկ հարաբերություններ ուներ ՍՍՀՄ–ի հետ։

Այնպես որ սխալ են բոլոր այն քաղգործիչներն ու վերլուծաբանները, որոնք պնդում են, թե Հայաստանը պետք է կոշտ ընտրություն կատարի՝ «Կա՛մ ՌԴ, կա՛մ ԵՄ» թեմայով։ Մենք այդպիսի շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ, քանզի ապրում ենք բարդ տարածաշրջանում։ Հետևաբար՝ հավասարակշռված կամ փոխլրացնող արտաքին քաղաքականությունը մեզ համար այլընտրանք չունի։

Ինքնին հասկանալի է, որ վերը նշված քաղաքական կուրսը չի կարող վարել ներկայիս իշխանությունը։ Սերժ Սարգսյանն արդեն այնքան հեռու է գնացել իր նախաձեռնություններում, որ այլևս չի կարող լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։ Որքան էլ նա հիմա փորձի դուրս գալ «կամ կամ»–ի տակից ու «և և» խաղալ, միևնույն է ոչինչ չի ստացվելու, մանավանդ որ ամեն ինչ արվում է գավառական «շուստրիության» մակարդակով։ Իսկ դա նշանակում է, որ միայն իշխանափոխության միջոցով է հնարավոր հետ պտտեցնել դեպի պատերազմ և պարտություն տանող թափանիվը և դուրս գալ զարգացման ուղի։

Իշխանափոխությունն ազգային անվտանգության ապահովման միակ տարբերակն է մնացել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը