Մեկնաբանություն

15.08.2013 14:40


Սերժ Սարգսյանի «հակառուսականության» և «արևմտամետության» հաշվեկշիռը

Սերժ Սարգսյանի «հակառուսականության» և «արևմտամետության» հաշվեկշիռը

Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակի մեջ գտնվող երկրի համար դժվար է պատկերացնել ավելի վատ բան, քան հզոր դաշնակցի հետ հարաբերությունների վատացումը և նրան հակառակորդի դաշնակցի վերածելը։

Սերժ Սարգսյանն իր փոփոխական, «նախաձեռնողական» ու անհայեցակարգ արտաքին քաղաքականության շնորհիվ ոչ միայն փչացրեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ոչ միայն փոխեց ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում ի օգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի, այլև Հայաստանը տարավ մեկուսացման ճանապարհով։

Ախր Սերժ Սարգսյանից ոչինչ չէր պահանջվում անել վիճակը պահելու համար։ Նրանից ուղղակի պահանջվում էր չանել այն ինչ անում է այսօր և շարունակել իր նախորդների որդեգրած հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, այն է՝ բազմակողմանի հարաբերություններ զարգացնել Հայաստանի առանցքային արտաքին գործընկերների՝ Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ–ի և Իրանի հետ, այլ ոչ թե կանգնել «կամ կամ» վտանգավոր ընտրության առաջ՝ արդյունքում անվստահելի գործընկերոջ համբավ ձեռ բերելով բոլորի մոտ։

Ինքս երբեք չեմ եղել ռուսամետ հայացքների կրող, ավելին՝ մեծացել եմ մի ընտանիքում որտեղ ավանդաբար ռուսներին մեղմ ասած չեն սիրել, բայց արտաքին քաղաքականությունը չեն վարում սեփական համակրանքների և հակակրանքների վրա հիմնվելով, այլ վարում են քաղաքական իրողությունները հաշվի առնելով:

Ուզենք թե ոչ՝ Ռուսաստանը տարածաշրջանում ավանդաբար ունեցել է և շարունակում է պահպանել հեգեմոնի իր կարգավիճակը։ Աշխարհի հզորները դա գիտակցում են և այդ փաստի հետ հաշվի նստում։

Տեղին է հիշեցնելը, թե ինչ մեծ և զսպիչ նշանակություն ունեցավ հայ-ռուսական համագործակցությունը Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ Թուրքիան մեր դեմ երկրորդ ճակատ բացելու մտադրություն ունեցավ։

Տեղին է նաև արձանագրելը, որ ռազմական ու դիվանագիտական բազմաթիվ հաղթանակների համար մենք պարտական ենք ոչ միայն մեր զինվորականությանը և դիվանագիտական կորպուսին, այլ նաև Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Էլչիբեյին, ով իր հակառուսական ելույթներով ու արկածախնդիր քայլերով հետևողականորեն փչացրեց Ադրբեջան–Ռուսաստան հարաբերությունները։

Այժմ էլ համարյա թե նույն վիճակն է, բայց ցավն այն է որ մենք հիմա Ադրբեջանի հետ փոխվում ենք տեղերով. Սերժ Սարգսյանն այժմ անում է այն, ինչ անում էր Էլչիբեյը։

Ճիշտ է, Սերժը Էլչիբեյի նման հակառուսական ակնհայտ հայտարարություններով անձամբ հանդես չի գալիս, բայց դա անում են Բ-26-ի գործակալները, «անկախ» լրատվական միջոցներն ու քաղաքական «դհոլները»։ Սակայն Սարգսյանն այդ գավառամիտ մոտեցմամբ միայն ինքն իրեն կարող է խաբել ու մյուսներին համոզել, թե ինքը կապ չունի այդ ամենի հետ։

Սարգսյանին չեն փրկի հայտարարություններն այն մասին թե իբր այդ կայքերն ու քաղաքական դհոլները դուրս են եկել իր վերահսկողության տակից ու նրանց հակառուսական հիստերիան ուղղորդված չէ Բ26-ից:

Պարզապես ծիծաղելի են նույն այդ լրատվամիջոցների ու դհոլների՝ Սարգսյանից անկախականի և Հայաստանն արևմտյան արժեքներով երկիր դարձնողի կերպար ստեղծելու ջանքերը։ Սրանց թվում է, թե հակառուական հիստերիա բարձրացնելով՝ Սերժ Սարգսյանից կարող են Թոմաս Ջեֆերսոն կերտել կամ Վացլավ Հավել։

Ի դեպ, առնվազն անմեղսունակության դրսևորում է ՌԴ արտգործնախարար Լավրորվի անվան փոխարեն հնչեցված «սիկտիրից» օրգազմ ապրելը և միևնույն ժամանակ ՌԴ–Ադրբեջան ռազմատեխնիկական 4 միլիարդ դոլարանոց համագործակցությունը չտեսնելու տալը։

Սարգսյանի արտաքին քաղաքական լիակատար ձախողումն այժմ փորձ է արվում փաթեթավորել ՌԴ–ից մեր կախվածությունը թուլացնելու մտադրությամբ։ Բայց դե միայն միամիտների համար դա կարող է հզոր փաստարկ լինել։

Սերժսարգսյանական «նախաձեռնողականությունը», որն իբր խաղաղասիրական բնույթ և ՌԴ–ի ազդեցությունը Հայաստանում թուլացնելու նպատակ ուներ՝ արդյունքում կարող է հանգեցնել պատերազմի և Ռուսատանից Հայաստանի է՛լ ավելի մեծ կախվածության։

Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանը աղետալի չափերի հարված է հասցրել Հայաստանի անվտանգության համակարգին ու մեր արտաքին քաղաքական դոկտրինից միայն հուշեր է թողել: Նա ապացուցել է իր քաղաքական անմեղսունակությունը, իսկ Հայաստանի արտաքին գործընկերների համար նաև անվստահելի գործընկեր լինելը:

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանից ազատվելը դառնում է ազգային անվտանգության ապահովման և Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն:

Կարեն Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը