Մեկնաբանություն

15.08.2013 14:55


Հերթական գիշերային սառը ցնցուղը

Հերթական գիշերային սառը ցնցուղը

Բնականաբար՝ հայ ժողովրդի գլխին: Հայտնի չէ որ «թաքստոցից» հայտնաբերված եւ տուն վերադարձած Սերժ Սարգսյանը երեկ հրավիրեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ըստ Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, գիշերային հերթական հավաքի ժամանակ իշխող ուժը քննարկել է ընդամենը մեկ հարց՝ թիվ 38 ընտրատարածքում 10 տարվա կուսակցական, Կապանի նախկին քաղաքապետ Ա. Կարապետյանի թեկնածության առաջադրման հարցը: ԳՄ-ն հաստատել է առաջադրումը՝ ընդառաջ գնալով Սյունիքի նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանի գլխավորած ՀՀԿ–ական տարածքային կառույցի որոշմանը:

Այլ հարցեր չեն քննարկվել: Իշխող կուսակցության բարձրագույն մարմնին այլ հարցեր չեն հետաքրքրում: Ժամանակ չունեն՝ «Ապահով Հայաստան» են կառուցում, թեպետ վերջին օրերին նույն Շարմազանովը ժողովրդի երեսին շպրտեց. «Մենք ձեզ չէին խոստացել, որ դրախտում եք ապրելու»:

Ինչեւէ՝ դրախտի չսպասենք, սպասենք միայն «Ապահով Հայսատանի»:

Երեկվա գիշերային հավաքից հետո Շարմազանովն ասաց, որ օրերս ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցը նիստում չի քննարկվել:

Դե հիմա դա ինչ կարեւոր հարց է, որ։ Թող Բաքվում մեր զինծառայողին հագցնեն ադրբեջանական բանակի համազգեստ, պարտադրեն, որ նա հարցազրույց տա, Ադրբեջանի Կարմիր Խաչն էլ թող մնա «էշի ականջում քնած», հայ զինծառայողների հարազատներն էլ թող նամակ գրեն Սերժ Սարգսյանին եւ շաբաթներով պատասխանի սպասեն….Այս ամենը ինչ կարեւոր է:

Ժամանակին ՀՀԿ-ին, նրա առաջնորդին ու Էդվարդ Նալբանդյանին բացարձակապես չէր հետաքրքրում, թե որտեղ է հայտնվելու Գուրգեն Մարգարյանին կացնահարած հրեշը՝ Սաֆարովը: Վերջինիս Ադրբեջանին արտահանձնելուց հետո միայն «ուշքի եկան» եւ որոշեցին «ապտակել» Հունգարիային:

Այնպես, որ «նորմալ» է, երբ իշխող ուժը հիմա էլ՝ Հակոբ Ինջիղուլյանի հետ կատարված դեպքից ավելի քան մեկ շաբաթ անց չի քննարկում հայ գերու հարցը:

Երեկվա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հարց է հնչել բուհերում ուսման վճարների թանկացման վերաբերյալ, ինչին Հանրապետականի խոսնակը այսպես է արձագանքել․ «Բնականաբար, ինչպես ցանկացած նորմալ բանական մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև ես, դեմ ենք և չենք ցանկանում թանկացումներ: Պարզապես պետք է ամեն ինչ լինի հրապարակային, հստակ, որպեսզի թանկացումը լինի ոչ թե սուբյեկտիվ, այլ՝ պատճառաբանված, եթե դա կլինի: Իսկ եթե հնարավոր է այս կամ այն ոլորտում զերծ մնալ թանկացումներից՝ բնականաբար, մենք կգնանք այդ ճանապարհով, որովհետև որևէ իշխանություն, այդ թվում նաև՝ մեր երկրի իշխանությունը, չի ցանկանում թանկացում»:

Այս պատասխանը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ «Չեմ ուզում՝ դիր ջեբս»:

Հետաքրքիր է՝ եթե իշխանությունը թանկացումներ չի ուզում, ապա այդ ո՞վ է թանկացնում ամեն ինչ: Գուցե այլմոլորակայիննե՞րը:

Կյանքը օր-օրի թանկանում է՝ զրկելով քաղաքացիների մեծամասնությանը ապրելու եւ անգամ շնչելու մինիմալ հնարավորությունից, իսկ իշխանությունից պատասխանում են, որ իրենք դա չեն ուզում: Եթե չեք ուզում, այդ դեպքում ինչու չեք զսպում գնաճը: Եթե չեք կարողանում զսպել գնաճը, ապա ձեր տեղը զիջեք այն իշխանությունը, որը կկարողանա դա անել:

Բայց, իհարկե, երեկ Շարմազանովի արած հայտարարություններից «ամենացնցողն» այն էր, երբ ասաց, թե Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին: Կարծես, Պուտինը առաջին անգամ է հայտարարում, որ ԼՂ հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով ու Ադրբեջանի ղեկավարությունն էլ առաջին անգամ է նրանից նման բան լսում:

Առնվազն պետք է ապուշ լինել՝ հավատալու համար Շարմազանովի ասածին:

Ադրբեջանը 4 միլիարդի զենք է գնում Ռուսաստանից, խորանում են ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները, կողմերը խոստանում են տնտեսական համագործակցության ֆանտաստիկ արդյուքներ, իսկ այստեղ գերադասում են քողարկել այդ փաստը կամ չխոսել դրա մասին, քանզի այդպիսով ի ցույց կդնեն Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության ֆիասկոն: Փոխարենը խոսում են ինչ-որ երեւակայական «սառը ցնցուղի» մասին:

Ամեն օր նույն ինքը՝ Հանրապետական իշխանությունն է սառը ցնցուղի ենթարկում սեփական ժողովրդին, բայց պարզվում է՝ նույն իշխանությունը դա տեսնում է ՀՀ սահմաններից դուրս:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը