Լրահոս

16.07.2009 16:53


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարությանը

Խնդիր է դրվել Ջերմուկ քաղաքը դարձնել առողջ և ակտիվ կենսակերպի կենտրոն, որը զբոսաշրջիկներ կհյուրընկալի Հայաստանից, եվրոպական, ԱՊՀ և հյուսիսամերիկյան երկրներից։

Ռազմավարության հիմքում դրված են հետևյալ հայեցակարգային նպատակները՝ Ջերմուկը դարձնել շուրջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ և ակտիվ կենսակերպի զբոսաշրջային քաղաք, որը զարգացվելու է որպես առողջարանային, ձմեռային և մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական և միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի։ Տարեկան ապահովվելու է 100 հազար զբոսաշրջային այցելություն, տուրիզմից՝ 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եկամուտ, 4 հազար աշխատատեղ։ Ռազմավարությունը ներառում է հայեցակարգային նպատակների և խնդիրների վրա հիմնված միջոցառումների ցանկ։ Զբոսաշրջային արդյունաբերությանն ուղղակիորեն և անուղղակիորեն առնչվող խնդիրները վեր են հանվել կատարված վերլուծության մեջ ներկայացված ուժեղ կողմերն առավել զարգացնելու և թույլ կողմերը նվազեցնելու, հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու և ռիսկերը չեզոքացնելու նպատակով։ Անմիջականորեն զբոսաշրջության ոլորտին առնչվող նպատակներին ուղղված միջոցառումների հիմնական պատասխանատուն ոլորտում ներգրավված մասնավոր հատվածն է, իսկ պետական հատվածն ու տեղական ինքնակառավարման մարմինները առավելապես ներգրավված են ընդհանուր զարգացման գործընթացներում։

Այս խորագրի վերջին նյութերը