Մեկնաբանություն

16.08.2013 18:45


«Եվրոկոնֆետկան», եվրոպարտատոմսերն ու «եվրոքցոցին»

«Եվրոկոնֆետկան», եվրոպարտատոմսերն ու «եվրոքցոցին»

Որևէ ռացիոնալ բացատրություն չկա, թե ինչու է ՀՀ իշխանությունը որոշել եվրոասոցացվել գաղտագողի՝ մթության քողի տակ։

Բանակցված և ողջունված համաձայնագիրը յոթ փակի տակ է պահվում։ Ասել է թե՝ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն արձակուրդի ժամանակ Սերժ Սարգսյանի գտնվելու տեղի պես մի բան է դարձել։

Ռացիոնալ բացատրություն չունի նաև այն, թե ինչու է որոշում կայացվել ԵՄ–ի հետ ասոցացման տակ անպայման հասկանալ հայ–ռուսական հարաբերությունների փչացում և ՀՀ ու ԼՂՀ անվտանգության համակարգի փլուզում, ինչից շտապեց օգտվել Ադրբեջանը։

ԵՄ–ի հետ ասոցացման թեմայով Սարգսյանը չի խոսում։ Իր փոխարեն պաշտոնական տեսակետ է հայտնել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ ոչ պաշտոնական տեսակետ՝ «անկախ» մամուլը։

ՀՀԿ ղեկավարի մոտիվացիան այլ է։

Ինչպես հայտնի է, ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դիմաց Սերժ Սարգսյանին «կոնֆետկա» են խոստացել, այսինքն՝ փող։ Շատ փող։

ԵՄ–ի հետ չասոցացվելու դիմաց «կոնֆետկա» են խոստացել, ավելի ճիշտ՝ արդեն տվել են նաև ռուսները։ Պարզապես տարբերությունն այն է, որ Ռուսաստանը մասնավոր տրանսֆերտների տեսքով տարիներ շարունակ տարեկան մի քանի միլիարդ դոլար փող է տալիս Հայաստանի բնակչության մի ստվար հատվածին (միջպետական վարկերը չհաշված), իսկ ահա ԵՄ–ն նույն քանակի փողը խոստացել է տալ անմիջապես իշխանությանը։ Դրա համար էլ Սարգսյանը «արևմտամետ» է դարձել։ Նա արդեն չի սիրում ռուսներին ու շուտով կարող է նույնսիկ ռուսական ԳՌՈՒ–ից ստացած մեդալը հետ տալ։

Մինչև Սարգսյանը կորոշի, թե ինքն ինչամետ է, նկատենք, որ ԵՄ–ն փողը միայն խոստացել է։ Սարգսյանին է խոստացել։ Ճիշտ է, ֆորմալ առումով դա տրվելու է Հայաստանին, բայց դե մենք արդեն գիտենք, թե ինչպես են դրսից եկած գումարներն օգտագործում Սերժ և Տիգրան Սարգսյանները։ Այնպես են օգտագործում, որ վարկը նոր վարկով կամ այսպես կոչված եվրոպարտատոմսերով մարելու անհրաժեշտություն է առաջնում։

ԵՄ–ն կարող է չմերժել Սարգսյանի ֆինանսական խնդրանքը, բայց դա չի նշանակում, որ կտա։ Թեև դա արդեն էական չէ։

Էականն այն է, որ մինչև Սերժին ԵՄ–ի խաբելը, դիվերսանտի նպատակամղվածությամբ աշխատող «տեղական» քարոզչամեքենան ուզում է հայ ժողովրդին խաբել, թե իբր Արևմուտքը Մեծ Հայաստան է ստեղծելու (երևի այնպես, ինչպես Սևրի համաձայանգրի կնքումից հետո), թե իբր Ադրբեջանում քունն ու դադարը կորցրել են և ուզում են կոմունիկացիաներն ու գազատարները Ղարաբաղի ու Հայաստանի տարածքով անցկացնել, բայց չար Պուտինը թույլ չի տալիս, թե իբր ՆԱՏՕ–ն մեզ է պաշտպանելու Ղարաբաղյան հնարավոր պատերազմի դեպքում՝ միայն թե ռուսներին այստեղից քշենք, թե իբր Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման դեպքում ամերիկյան օդուժը կռմբակոծի իր դաշնակից նույն Թուրքիայի հետևակին՝ ձգտելով մեր սիրուն աչքը մտնել, թե իբր ռուսները գիշերը չեն քնում ու մտածում են, թե ինչպես Ղարաբաղը հանձնեն Ադրբեջանին, թե իբր Սերժ Սարգսյանն այնքան արևմտամետ է, որ Սաշիկին ստիպել է Մաքս Վեբեր կարդալ, իսկ ինքն էլ սերտում է Ադամ Սմիթին և այլն, և այդպես շարունակ, և այդպես անընդհատ։

Այսպիսի պնդումներին, բնականաբար, չեն նախորդում կամ հաջորդում փաստարկված բացատրությունները, քանզի քարոզիչ–դիվերսանտի զենքը բանականությունը և հիմնավորումները չեն, այլ մուտիլովկան ու կեղծ կլիշեները (արևմտամետ–ռուսամետ)։

Նման էժանագին բլեֆների տարածման գործում հատկապես ակտիվ է տխրահռչակ «Lragir.am» կայքը, որի էջերում մանր ժուլիկությամբ ու պրոթուրքական քարոզով են զբաղված ծագումով ղարաբաղցի ռենեգատները։

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է նկատել, որ երկրորդական է այն հարցը, թե արդյոք ԵՄ–ն կխաբի Սերժ Սարգսյանին, թե ոչ, կամ արդյոք «եվրոկոնֆետ» կստանա «նախաձեռնող» նախագահը, թե ոչ։ Կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները չկարողանան «եվրոքցոցի» անել հայ ժողովրդին ու հանուն իրենց անձնական շահի հարվածի տակ չդնեն Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը