Մեկնաբանություն

16.08.2013 20:00


ՀՀԿ-ի տատիի մակարդակով

ՀՀԿ-ի տատիի մակարդակով

Երբ որեւէ հասարակություն ընկած է հացի հետեւից, նրան կարող են խաբել անվերջ, նրան կարող են արհամարհել անվերջ, նրանից հեշտությամբ կարող են թաքցնել ամեն ինչ: Քանզի՝ քաղցած, իրավազրկված հասարակությանը առանձնապես չի հետաքրքրում, թե օրինակ ո՞ր ուղղությամբ է գնում այն պետությունը, որում ինքն ապրում է:

Չափազանցություն կլինի ասել, թե հայ հանրությանը առանձնապես հուզում է այն, թե ի վերջո նոյեմբերին ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, ով ըստ մամուլում տարածված տեղեկությունների պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Թե ինչ է սա եւ ինչով են այն «ուտում» գիտի միայն ինքը՝ Սերժ Սարգսյանը: Անգամ նրա կուսակիցները չգիտեն, թե ասոցացվելով Եվրամիության հետ՝ Հայաստանը ինչ է շահում եւ ինչ՝ կորցնում:

Օրինակ, ուկրաինացիները, մոլդովացիներն ու վրացիները ծանոթ են այդ համաձայնագրին, քանի որ իրենց պետությունների իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտելուց հետո հրապարակել են համաձայնագրի բովանդակությունը:

Իսկ Հայաստանը, որը շաբաթներ առաջ ավարտել է բանակցությունները, ինչի մասին, ի դեպ, տեղեկացրեց ԵՄ ներկայացուցիչը (ոչ հայկական կողմը), չի շտապում հրապարակայնացնել նշված փաստաթուղթը:

Ի դեպ, երկրի համար ճակատագրական բանակցությունների եւ դրանց ավարտից հետո ընդունված որոշումների պարտակման գործելակերպը որդեգրած Սերժ Սարգսյանը, հավանաբար, տառապում է «միակն ու անկրկնելին» լինելու բարդույթով:

«Ամեն ինչ սկսվում է ինձանից» նշանաբանն ընտրած ՀՀԿ առաջնորդը դեռեւս 2009-2010թթ.-ին ապացուցեց, որ մեծ ցանկություն ունի «շրջել պատմության անիվը»:

Անշուշտ, դա մարդկային, ավելին՝ «արքայական» ցանկություն է, բայց շատերն իրենց այդ իղձն իրագործելուց առաջ նախ խելամտորեն հաշվարկում են՝ պարզելու, թե արդյոք պատմությանը անիվը չի՞ տրորի սեփական պետությանը:

Սերժ Սարգսյանը գերգաղտնի էր պահում հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը, ինչի մասին շատերս տեղեկացանք միայն թուրքական «Սաբահ»-ի միջոցով: Իշխանությունները սկզբում լռության մատնեցին «Սաբահի» արտահոսքը, ապա հայտարարեցին, թե նման բան չկա և թուրքերը միայն ներքին լսարանի համար են կազմակերպել նմանատիպ արտահոսք, բայց հետագայում պարզվեց, որ «Սաբահը» բառացի էր մեջբերումներ արել հայ–թուրքական արձանագրություններից։

Իսկ թե ինչպիսին է հայ-թուրքական գործընթացի ՕԳԳ-ն, բոլորին է հայտնի, եւ չարժե այդ ուղղությամբ ծավալվել:

Հիմա հերթը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրինն է, որը նույնպես գերգաղտնի է պահվում:

Սակայն, ապշեցուցիչն այն է, որ նշված փաստաթղթի երեսն անգամ չտեսած իշխանական քաղաքագետները, քաղտեխնելոգները, փորձագետներն ու սոցիոլոգները մի երգչախումբ կազմած ձոներգում են համաձայնագիրը՝ պնդելով, թե այն լուսավոր ապագա է խոստանում մեր երկրին: Դե, «Ապահով Հայաստանն» արդեն ուրվագծվում է, մնում է այն դարձնել «լուսավոր»:

Ի դեպ, համաձայնագրի բովանդակությունից անտեղյակ այս ձոներգողներն այնքան նման են ՀՀԿ-ի տատիին, որ պատեհ-անպատեհ գոռում է ՝ «Սե՛րժ, Ազատի՛, Սարգսյա՛ն, Սե՛րժ, Ազատի՛, Սարգսյա՛ն»:

Չկասկածեք՝ եթե ՀՀԿ-ի տատիին հարցնեն՝ ի՞նչ կասեք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի մասին, այն մեզ համար լա՞վ է, թե՞ ոչ, անմիջապես կպատասխանի՝ «Մեր թագավորը ինչ ասում ա, ըտենց էլ պտի ըլնի, վսյո՛»:

ՀՀԿ տատիի նման նույն քաղաքագետներն ու փորձագետներն են վստահ պնդում, թե ամեն ինչ լավ է լինելու: Սրանց հարցնում ես, թե ախր, ԵՄ-ն «Կամ-կամ»-ի պայման է դրել, բացի այդ՝ արդյոք համաձայնագրում չկա՞ն կետեր, որոնք հնարավոր է վտանգեն ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը, կոմերիտական խանդավառությամբ պատասխանում են՝ ո՛չ: Ընդգծում ենք՝ համաձայնագրի ոչ մի կետին ծանոթ չլինելով մարդիկ այդուհանդերձ հստակ տեսակետ ունեն:

Եվ սրանցից ոչ ոք չի հանդգնում հրապարակավ հայտարարել, որ՝ այո՛, գոնե հիմա ժամանակն է հանրության դատին հանձնել համաձայնագիրը:

Նաեւ չեն հանդգնում խոսել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը հանրաքվեի դնելու հարցի մասին: Բանակցությունների ավարտից հետո նման առաջարկ նույնպես հնչել է, քանի որ խոսքն, ի վերջո, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին է, ինչը չի կարող որոշել մի անձ:

Իսկ հանդգնել չեն կարող, քանի որ նրանց պալատից հանձնարարված է միայն ապուշացնել հանրությանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը