Մեկնաբանություն

18.08.2013 17:25


Գյուլի ողջույնները Սարգսյանին

Գյուլի ողջույնները Սարգսյանին

Մինչ Սերժ և Տիգրան Սարգսյանները համալրում են «Հայկական աշխարհը» նորանոր բնակիչներով (այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է արտագաղթողների թվաքանակի առաջանցիկ տեմպ), Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյլուը, մասնակցելով Ադրբեջանում կայացած թյուրքալեզու ազգերի կոնֆերանսին, հայտարարել է, որ թուրքական աշխարհի համար կարևորագույն խնդիր է հանդիսանում Ղարաբաղի խնդրի կարգավորումը։

Թուրքիայի նախագահը Ղարաբաղի խնդրի կարգավորում ասելով նկատի ունի հայերի զիջումները։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հուսով եմ, որ մի օր մենք թյուրքալեզու ազգերի կոնֆերանսը կանցկացնենք Լեռնային Ղարաբաղում»,– հայտարարել է Գյուլը՝ այդպիսով իր ջերմ ողջույնները հղելով Թուրքիա–Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մերոնց «կերած» գոլից հետո ոգևորված և թուրքական քյաբաբաների վրա «ծռված» Սերժ Սարգսյանին։

Այժմ տեղին է հիշեցնելը, որ սա այն նույն Գյուլն է, ում Սերժ Սարգսյանը, «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում, խնդրել էր օժանդակել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում։ Գյուլն էլ ինչպես կարողացավ օժանդակեց։ Բայց հիմա շատ ավելի մեծ ախորժակով է օժանդակում, քան նախկինում, և ահա թե ինչու։

Հայ–թուրքական «մեղրամսի» օրերին Թուրքիան դերերի բաժանում էր կատարել։ «Խաղաղության աղավնու» դերում հանդես էր գալիս Գյուլն ու Սերժի հետ «սիլի–բիլի» անում, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը բազեություն էր անում ու հայտարարում, թե մինչև Ղարաբաղի հարցում Երևանը զիջումների չգնա, սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների մասին խոսք անգամ չի կարող լինել։

Թուրքիայի գիծը հենց Էրդողանի՛ շուրթերով էր բարձրաձայնվում, բայց թուրքերը փորձում էին նաև «բարի» Գյուլի միջոցով Սարգսյանի հետ երկխոսության դուռը բաց պահել և օգտվել բուն գործընթացից։ Արդյունքում՝ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» բերեց այն բանին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում փակվեց։ Բացի այդ՝ Թուրքիան Ղարաբաղի հարցում դարձավ ակտիվ խաղացող, ընդ որում՝ լեգիտիմ մակարդակով, քանզի Սարգսյանի կոպիտ սխալը՝ Գյուլից օժանդակություն խնդրելը, տալիս էր այդ հնարավորությունը։

Թուրքերը հիմա օգտվում են Սարգսյանի մյուս՝ ՀՀ–ի համար շատ ավելի վտանգավոր «նախաձեռնողականությունից»՝ հայ–ռուսական հարաբերությունների փչացմանը նպաստելուց և ՀՀ–ի ու ԼՂՀ–ի անվտանգության համակարգը քանդելուց։ Ասել է թե՝ «արևմտամետ» Սարգսյանի արտաքին քաղաքականությունն ու թուրքական աշխարհի նպատակները համահունչ են միմյանց և մեկը մյուսին է նպաստում։

«Արևմտամետ» Սարգսյանի քայլերը, փաստացի, հանգեցրել են Հայաստանի մեկուսացմանն ու առանց դաշնակից մնալուն։ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալու գործընթացը մեր դեմ է հանել Ռուսաստանին ու Իրանին, դե իսկ Ադրբեջանն ու Թուրքիան «էն գլխից» թշնամի էին։ Այսինքն՝ Սարգսյանը Հայաստանի համար 4 ճակատ է բացել՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղղակի, իսկ ՌԴ–ի ու Իրանի հետ՝ անուղղակի։

Թե ում է ձեռնտու Սարգսյանի այս քաղաքականությունը, պարզ է անգամ դպրոցահասակին։

Թուրքերին ու ադրբեջանցիներին պարզապես մնում էր միայն օգտվել ստեղծված իրավիճակից, և նրանք շտապեցին օգտվել։ Ալիևը ձեռնպահ մնաց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալուց ու շտապեց լեզու գտնել ռուսների հետ, իսկ վերջիններս էլ տեսնելով, որ Հայաստանը մտնում է հակառուսական բնույթ կրող ինտեգրացիոն գործընթացների մեջ՝ ստիպված փորձում է վերականգնել Ադրբեջանի հետ կիսասառած հարաբերությունները։ Թե ինչի կարող է սա հանգեցնել Ադրբեջանի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ռեժիմի մեջ գտնվող Հայաստանի համար, լրացուցիչ բացատրության կարիք չունի։

Դե իսկ Թուրքիային այլ բան չի մնում, քան օգտվելով առիթից՝ կոշտ դիրքորոշում որդեգրելը։ Պատահակն չէ, որ անգամ «խաղաղության աղավնի» խաղացող Գյուլն է բազեի վերածվել ու երազում Ղարաբաղում թյուրքալեզու ազգերի կոնֆերանս անցկացնելու մասին։

Բա ով լիներ, որ չերազեր։ Եթե մենք էլ մեր «Սերժ Սարգսյանն» ունենայինք Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարի կարգավիճակում, ապա իրատեսորեն կերազեինք լվանալ մեր ոտքերը Կասպից լճի կամ Միջերկրական ծովի ափերին։ Իրավիճակը, ցավոք, ճիշտ հակառակն է, և Գյուլի սիրտն արդեն Ղարաբաղում կոնֆերանս անցկացնել է ուզում։

Հետևաբար՝ իշխանափոխությունը պետության կորստի ու համազգային աղետից խուսափելու մեր միակ միջոցն է մնացել։ Հակառակ պարագայում 1920 թվականը կարող է կրկնվել, բայց այս անգամ շատ ավելի դաժան սցենարով։ Եվ ուրեմն, «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսի կյանքի կոչումը հայաստանակենտրոն ուժերի ու քաղաքականապես ակտիվ անհատների գործողությունների միակ ծրագիրը պետք է լինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը