Մեկնաբանություն

20.08.2013 15:19


Չեն ցանկանում անգամ վշտացած երեւալ

Չեն ցանկանում անգամ վշտացած երեւալ

«Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-«Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երևույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային... Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա... Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն...»:

«Երկիր Նաիրի» վեպի առաջաբանում գրում է հեղինակը՝ Չարենցը:

Անշուշտ, երկիր Նաիրիից մի պճեղ մնացած այս հողում՝ Հայաստանում ապրող գրողների, երաժիշտների, նկարիչների եւ ընդհանրապես՝ այսօր ապրող արվեստագետների ուղեղում նման հարց չի կարող առաջանալ:

Դեռ կա երկիրը, որ իրենք «շոշափում են մարմնավոր»:

Իսկ ո՞րն է այդ մարմնավորը:

Առաջ, երբ այս ու այն կողմից հայտարարվում էր, թե՝ «Երկիրը հայտնվել է կործանման շեմին» մի տեսակ անլուրջ էր թվում: Այսօր, ավաղ՝ ոչ:

Ուրեմն՝ որտե՞ղ են այսօրվա «նշանավոր» գրողները, նկարիչները, երաժիշտները, ընդհանրապես՝ արվեստագետները:

Ուրիշ ինչ պետք է տեղի ունենա, որ հայ մտավորականությոնը զգա երկիր կորցնելու իրական վտանգը:

Պատկերն ակնհայտ է. փլուզված տնտեսություն, դատարկվող գյուղեր ու քաղաքներ, սոցիալական ծանր վիճակ, համատարած թալան ու կոռուպցիա, երկրի ապագայի նկատմամբ անհուսության զգացողության աղետալի չափաբաժին…

Իսկ մտավորականությունը խրվել է ստրկամտության, հաճկատարության, աննախադեպ քծնանքի ճահիճը եւ չի էլ ցանկանում այնտեղից դուրս գալ:

Նրան միայն հետաքրքրում է պալատից իր «փայը» պոկելը եւ սեփական պատյանի մեջ «ստեղծագործական կյանքն» անվրդով շարունակելու խնդիրը: «Փայը» կարող է լինել իրենց գրքերը հրատարակելու, իրենց ցուցահանդեսները կազմակերպելու, իրենց փառատոները ֆինանսավորելու, պալատից կոչումներ ու մեդալներ ստանալու տեսքով: Այլ խնդիր սրանց չի հետաքրքրում:

Երկիրն ու ժողովուրդն, ասես՝ սրանց համար հասկացություններ էլ չեն: Կարեւորը՝ իշխանության բարեհոգությանն արժանանալով՝ սեփական որկորն ապահովելու հարցն է:

Իսկ դա ապահովված է եւ այդ առումով անգամ հանգիստ է Սերժ Սարգսյանը, որը նախընտրական շրջանում հիացած նկատեց, թե սերիալներում խաղալը սոցիալական խնդիր է լուծում, նայեք, թե թատրոնների մոտ որքան թանկարժեք մեքենաներ են կանգնած:

Գոհ է «մտավորականությունը», անգամ՝ երջանիկ, երբ մանավանդ՝ իրենց հոբելյանի առիթով կազմակերպված ռեստորանային բանկետի փողը վճարում է Սերժ Ազատիչը՝ իրեն հպատակ մնալու պայմանով:

Իսկ թե ժողովուրդն ինչպես է ապրում, ուր է գլորվում երկիրը, դա նրան չի հետաքրքրում: Կարեւորը՝ ճիշտ պահին հասցնեն գլուխներն իրենց գաղջ բներից հանել եւ ձոներգել «մեր նախագահի» կատարած հերթական «իմաստուն» քայլը:

Իսկ 1921 թվականին Հովհաննես Թումանյանը դառնացած գրում էր Վենետիկում ապրող Ավետիք Իսահակյանին. «…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Իսկ մերօրյա կառավարելի ու վերահսկելի պալատական աշուղներն ու սազանդարները չեն ցանկանում անգամ վշտացած երեւալ: Քանզի իշխանական կերատաշտից իրենց շպրտածը «մարմնավոր շոշափում» են եւ լիովին գոհանում դրանով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը