Մեկնաբանություն

21.08.2013 11:35


Այն մասին, թե ինչու փլուզվեց ՍՍՀՄ–ը և ովքեր այն փլուզեցին

Այն մասին, թե ինչու փլուզվեց ՍՍՀՄ–ը և ովքեր այն փլուզեցին

Դուք դեռ չե՞ք հասկացել, թե ինչու է փլուզվել 20–րդ դարի ամենադաժան կայսրություններից մեկը՝ ՍՍՀՄ–ը։ Դուք դեռ չգիտե՞ք, թե ովքեր են փլուզել այդ տոտալիտար երկիրը՝ կավե ոտքերով հսկային։

Մի քիչ համբերություն, և դուք ամեն ինչ կիմանաք։

Ասա ում դեմ ես պայքարում, կասեմ թե ով ես դու

Ինչպես հայտնի է, սովետական ԿԳԲ–ն հետապնդում էր բոլոր այն մարդկանց, ովքեր, այսպես ասած, հակասովետական հայացքներ ունեին՝ անկախություն, մարդու իրավունքներ կամ նմանատիպ այլ բաներ էին պահանջում, ինչպես նաև չէին ընդունում սովետական բարքերը։ Այդ մարդիկ այլախոհներ էին հռչակվել։ Նրանց մեջ կային անկեղծ ու իրապես գաղափարական մարտիկներ, կային անմեղսունակներ, կային ներդրված «ստուկաչներ», կային նաև մանր ժուլիկներ։

Այլախոհներ կային միութենական գրեթե բոլոր սուբյեկտներից։ Կային նաև հայ այլախոհներ, որոնցից շատերի մասին լեգենդներ էին պտտվում, սակայն հետանկախական շրջանը լրջորեն խմբագրեց այդ լեգենդները որոշ դեմքերի մասով, և մենք տեսանք, թե ով ով է։

«Հակաիմպերիալիստն» ու «զապչաստագետը»

Սովետական շրջանի որոշ այլախոհների ներկայիս պահվածքն ու քաղաքական գործունեությունը ցույց է տալիս, որ ՍՍՀՄ–ը ախմախ պետություն էր և դրա փլուզումն անխուսափելի էր։

Ասածս հիմնավորեմ օրինակներով։

Այդ կայսրությունը հսկայական գումարներ էր ծախսում Պարույր Հայրիկյանի ու Ռազմիկ Զոհրաբյանի նմանների վրա՝ հատուկ ծառայությունների միջոցով հետապնդելով նրանց ու անմիաստ էներգիա և գումար վատնելով։

Իհարկե, լուրջ այլախոհներ էլ կային ԿԳԲ–ի «սև» ցուցակում, բայց դե դրանց քանակը չնչին տոկոս էր կազմում ընդհանուրի մեջ։

Ինչպե՞ս կարելի էր լուրջ պայքար մղել ռազմիկատիպ անմեղսունակների կամ էլ «վիտամինների» հանդեպ ընդգծված թուլություն ունեցող Պարույրի պես ինքնասիրահարվածների դեմ։

Դե պատկերացրեք, թե ինչքան իռացիոնալ պետություն էր ՍՍՀՄ–ը, որ մի Սերժ Սարգսյանի չափ խելք չուներ և պարույրհայրիկյաններին ու ռազմիկզոհրաբյաններին այլախոհ էր հռչակել՝ պայքարելով նրանց դեմ։ Մինչդեռ նմանատիպ «այլախոհների» ուզածը, ներկա իրողությունները հաշվի առնելով, շատ բան չէր. մեկին հնարավորություն տային մեկ–երկու անգամ «Վրեմյա» ծրագրով ինքնագովազդվել (գումարած՝ «վիտամինները»), իսկ մյուսին կուսակցական ֆունկցիոներ նշանակեին ու «կոռմը» տեղը պահեին։ Վե՛րջ։ Սրանք անմիջապես կսկսեին պայքարել «արևմտյան իմպերիալիզմի» դեմ և կդառնային «Սովետի վկա», ինչի՞ մասին է խոսքը։

Լավ, մի՞թե կարելի էր պարույրհայրիկյաններին ու ռազմիկզոհրաբյաններին այդքան լուրջ ընդունել և նրանց հետապնդման ու անազատության մեջ պահելու համար այդքան անիմաստ գումարներ վատնել։ Այդպես արեցին էլի, որ պարտվեցին «սառը» պատերազմում։

Հիմա պարզ է չէ՞, թե ինչու փլուզվեց ՍՍՀՄ–ը և ովքեր փլուզեցին այն։

Ասածս այն է, որ Սերժին ծառայություններ մատուցող «դիսիդենտ» հաճախորդները «մասշտաբային» դեմքեր են։ Նրանք սովետ են փլուզել։ Ճիշտ է, անկախ իրենցից, բայց դե «զատո» փլուզել են։

Պարույրն ու Ռազմիկը ՍՍՀՄ–ի անմեղսունակության քայլող մարմնավորումներն են։ Սրանց նմանների դեմ պայքարողի վերջն էլ փլուզումը պետք է լիներ։

Պարույրն ու Ռազմիկն, իրենց այսօրվա շեֆ Սերժ Սարգսյանի հետ միասին, Սովետի մնացուկներն են՝ Լեոնիդ Բրեժնևի փոխակերպված հետևորդները։ Հետևաբար՝ քաղաքական դաշտը սրանցից մաքրելով ու նոր համակարգ ձևավորելով միայն հնարավոր կլինի ձերբազատվել բոլշևիկյան ժառանգությունից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սովետը հետապնդել էր նաև վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Մինչդեռ սերժական մեթոդոլոգիային դիմելու դեպքում անիմաստ ռեսուրսներ, ժամանակ ու էներգիա ծախսելու կարիք չէր լինի նաև այս դեպքում, և ռեսուրսները կուղղվեին ավելի կարևոր գործերի վրա։

Սովետը լուրջ էր ընդունել Պարույրի ու Ռազմիկի գաղափարակից ընկեր Անդրանիկի պայքարն ու խառնվել իրար, այնինչ կարող էր հանգիստ թողնել նրան, կամ ավելի ճիշտ՝ համապատասխան մոտեցում ցուցաբերել։ Հետո ի՞նչ, որ Ա. Մարգարյանը հանդես էր գալիս հակասովետական կոչերով։ Ոչ վաղ անցյալի իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ոչինչ չի նշանակում։

ՀՀԿ–ական Ա. Մարգարյանը 1999 թ. հոկտեմբերի 27–ի դեպքերից հետո հանդես էր գալիս հակասերժական կոչերով և պահանջում նրա հրաժարականը։ Թե ինչ եղավ այդ կոչերից ու հրաժարականի պահանջից շատ չանցած, հիշեցնելու կարիք չկա։

Ավելորդ է նաև հիշեցնելը, որ Սերժ Սարգսյանն այժմ ՀՀԿ նախագահն է։

Չէ, ինչ ուզում եք ասեք՝ ՍՍՀՄ–ը իրոք որ «տուֆտա» պետություն էր։

Այս խորագրի վերջին նյութերը