Մեկնաբանություն

21.08.2013 14:05


«ժառանգորդ» օպերացիայի բլեֆը

«ժառանգորդ» օպերացիայի բլեֆը

Իշխանամետ լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դնում Սերժ Սարգսյանի քաղաքական ժառանգորդի թեման։ Տրվում են տարբեր անուններ, ներկայացվում բազմապիսի «վերլուծություններ» 2018–ին նախատեսված նախագահական հերթական ընտրությունների թեմայով։

Որպես հիմնական ժառանգորդ նշվում է տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։

Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի ժառանգորդի թեման մեծագույն բլեֆ է, քանզի նրա տիպի ղեկավարները, ըստ սահմանման, ժառանգորդ չեն ունենում։

Իլհամ Ալիևի հաղթանակի համար «բալետ» անող Սարգսյանն իրենից բացի այլ մարդու չի ուզում և չի կարող տեսնել իշխանության ղեկին։ Նա «մեկ օլիգարխի տնտեսություն» է կառուցում բացառապես սեփական «ռազմերով», և պարզապես ծիծաղելի են այն դատողությունները, թե ում է նա պատրաստվում հանձնել նախագահի աթոռը։

Սարգսյանի տիպի ավտորիտար ղեկավարները կա՛մ «ա լյա» Իլհամ Ալիև «հավերժ» մնում են իրենց աթոռին, կա՛մ նրանք հեռանում են Բարձրյալի միջամտությամբ (թու՛, թու՛, թու՛), կա՛մ էլ նրանց աթոռից հեռացնում է հասարակությունը թավշյա կամ կոշտ հեղափոխության միջոցով։ Ժառանգորդի տարբերակի մասին սրանք չեն էլ մտածում, քանզի պաթոլոգիկ կապվածություն ունեն աթոռի հետ։

Մեռած Հեյդար Ալիևը միայն ամիսներ անց հանձնեց իշխանությունը հարազատ որդուն՝ Իլհամին։ Ֆիդել Կաստրոն հարազատ եղբորը մի կերպ փոխանցեց իր լիազորությունները, այն էլ՝ կրճատված տարբերակով։ Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը չէր հեռանում 40 տարի մինչև որ «կկուն» կանչեց։ Քադաֆին որդիներ ուներ, բայց ժառանգորդի մասին չէր մտածում, քանզի չէր պատկերացնում, որ ամբոխի քացիների տակ է ավարտելու կյանքը։ Սադամ Հուսեյնի «ժառանգորդը» դարձավ իր վզին ամրացված պարանը։ Ռումինիայի կոմունիստ ղեկավար Չաուշեսկուի մտքով չէր անցնում, որ պատի տակ է ավարտելու կյանքը։ Դե իսկ Սափարմուրատ Թուրքմենբաշին իր սիրելի ձիուն լքեց միայն ոտքերով դեպի առաջ տարբերակով. նա պարզապես մահացավ։

Այնպես որ Սերժ Սարգսյանի «ժառանգորդ» օպերացիայի մասին խոսակցությունները, կրկնենք, բլեֆ են։ Այդպիսով նախ փորձ է արվում մարդկանց մոտ ամրապնդել այն կարծիքը, թե իբր Սերժը մինչև 2018–ը մնալու է, և բացի այդ՝ Տիգրան Սարգսյանին կամ մեկ ուրիշին «ժառանգորդ» հռչակելով՝ ներիշխանական տարատեսակ ինտրիգներ են հյուսվում։

«Ժառանգորդի» թեման ընդհանրապես չկա Բաղրամյան 26–ի օրակարգում։ Սերժ Սարգսյանը հիմա մտածում է, թե ինչպես է գլուխը պրծացնելու սոցիալ–տնտեսական խնդիրների, ինչպես նաև աշխարհի հզորներին տված իրարամերժ «այո»–ների տակից, ի՞նչ ժառանգորդի մասին է խոսքը։

Իսկ դուք վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանը կձգի ևս հինգ տարի։ Առողջականը նկատի չունեմ։ Զուտ քաղաքական առումով եմ հարցնում։

Ես էլ եմ այդ կարծիքին։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Սերժ Սարգսյանն այդքան ռեսուրս չունեն միմյանց երկար հանդուրժելու։ Հետևաբար՝ «Ժառանգորդի» թեման պարապ «վախտվա» խաղալիք է, նախատեսված՝ տարիքով մեծ երեխաների համար։

Քաղաքական օրակարգում այլ հարց է արդիական. Սերժ Սարգսյանը կհեռանա կամ ավելի ճիշտ՝ կհեռացվի ցնցումներո՞վ, թե՞ առանց ցնցումների։ Հայաստանի ու ՀՀԿ ղեկավարի համար լավագույն տարբերակն, անշու՛շտ, առանց ցնցումների իշխանափոխությունն է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը