Քաղաքական

16.07.2009 18:44


Ադրբեջանը չի դադարում ցույց տալ իր ագրեսիան

Ադրբեջանը չի դադարում ցույց տալ իր ագրեսիան

-Գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկու տարբերակ։ Մի մասը գտնում է, որ լուծման բանալիները Մոսկվայում են, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, մյուսները կարծում են, թե բանալիները Բաքվում և Երևանում են։ Այժմ իմ կարծիքն այն է, որ այս հարցի կարգավորման պատասխանատվությունը բոլոր մասնակցող երկրների վրա է ընկած։ Ես կարող եմ արձանագրել, որ վերջին ամիսների զարգացումների արդյունքում կողմերը վերջապես ռեալ գործի են անցել։ Ես կարծում եմ, որ ապագա տարում վերջակետ կդրվի կոնֆլիկտին,-Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ խոսելով Ալիև-Սարգսյան առաջիկա Մոսկովյան հանդիպման մասին՝ ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը։

Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բավական վատատեսական կարծիք է հայտնել առաջիկա հանդիպման մասին.

-Ես այդքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված առաջիկա հանդիպանը և դրա համար  ունեմ բավական լուրջ պատճառներ։ Ուշադրություն դրաձրեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին,  Ռուսական և Բրիտանական ԶԼՄ-ներին։ Դրանք ոչ միայն չեն բերի խաղաղ կարգավորման, այլ, Աստված չանի, բայց արդեն հակամարտության ռազմական լուծման վտանգ կա,-նշել է նա։

Վահան Հովհաննիսյանը նաև մտահոգություն է հայտնել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք լուրջ ուսումնասիրման և քննարկման կարիք ունեն։

-Եթե որևէ մեկն ինձ  ցույց տա, թե  Մադրիդյան սկզբունքների 6 կետերում կա գոնե մի խոսք  Հայաստանի կամ Ղարաբաղի շրջափակման մասին, ես շատ շնորհակալ կլինեմ։ Կամ, ասենք,  առաջին կետը, որը վերաբերում է Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձին, և ես չեմ կարծում, թե դա պատահականորեն է առաջին կետ նշված։ Եվ ամենավտանգավոր կետը՝ որ ինքնորոշում բառի փոխարեն ասում են՝ ինքնավարություն։ Ինքնավարություն կարող է ունենալ ցանակացած գյուղ ու քաղաքաք, բայց դա պետական կարգավիճակ չէ։ Այնպես որ, փաստաթուղթը չի տալիս խաղաղության երաշխիք։ Ընդհակառակը, Աստված չանի, բայց պատերազմի է բերում,- նշել է նա։

Այս հարցի վերաբերյալ Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը նշել է, թե Մադրիդյան սկզբունքներին չպետք է նայել՝ որպես Ղարաբաղյան հակամարտության  վերջնական լուծումի։

- Ասել, թե ինչ կլինի Ալիև-Սարգսյան առաջիկա հանդիպման ժամանակ, շատ դժվար է, որովհետև ոչ ոք չգիտի՝ իրականում ինչ են խոսելու նրանք։ Դա չի հրապարակվում։Այսքան ժամանակ ես լուրջ առաջընթաց չեմ արձանագրել այս գործընթացում։ Մադրիդյան սկզբունքներն էլ  Ղարաբաղյան հակամարտության  վերջնական լուծում չեն։ Անցած տարի  նոյեմբերի 2-ին դեկլարացիա կնքվեց, որն անմիջապես խախտվեց Ադրբեջանի նախագահի կողմից։ Ադրբեջանին օգնում է Իսայելը։ Ադրբեջանը նորացնում է ռազմական տեխնիկան և վերջերս հայտնեց, թե Լեռնային Ղաղաբաղն իր տարածքի մեջ է։ Տարածաշրջանում լուրջ խնդիրներ  կառաջանան, եթե պատերազմ սկսվի։ Իրավիճակը սրված է, և մենք Ղարաբաղյան հակամարտության հարցում դոփում ենք տեղում,-ասել է Ալեքսեյ Վլասովը։

Նշենք նաև, որ տեսակամրջի ժամանակ Մոսկվայի դահլիճում գտնվող Ադրբեջանցի լրագրողները վիավորական արտահայտություններ էին անում հայ քաղաքական գործիչների հասցեին, ինչն ապացուցում է նրանց ագրեսիվ տրամադրությունը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը