Մեկնաբանություն

22.08.2013 20:40


«Հոգևոր» կրքեր

«Հոգևոր» կրքեր

Դատելով ամենից՝ Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ տարվող քարոզչական ու «մուտիլովկայական» արշավի հետևում կանգնած են «աստվածավախ» Տիգրան Սարգսյանը և նրա օֆշորային «օրթախ» Նավասարդ Կճոյանը։

Նման եզրահանգման գալու հիմք է հանդիսանում օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար վարչապետի քարոզչական փաստաբանի ֆունկցիա կատարող «Lragir.am»–ի ու մյուս «անկախների» պահվածքը, որը ցույց է տալիս, որ «Օֆշորի Տիկոն» ու «Բենթլի Սամոն» ուղղորդում են Կաթողիկոսին «փչացնելու» գործընթացը կամ առնվազն դեմ չեն դրան։ Այլապես իրենց ենթակա լրատվամիջոցներին քսի չէին տա Էջմիածնի ուղղությամբ կամ էլ կկանխեին հարձակումները։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Կաթողիկոսն արժանի է քննադատության, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը յուրաքանչյուր հայ քրիստոնեա իր համար պարզել է։ Ընդ որում՝ շատ վաղուց է պարզել։

Տվյալ դեպքում հետաքրքրական է բուն քարոզչական պատերազմի փաստը, որն առկա է Կաթողիկոսի ու Նավասարդի միջև (Նավասարդ որ ասում ենք, «Արուսը» հետն է)։

«Անկախ» մամուլի միջոցներից մեկում նույնիսկ լուր տարածվեց, թե իբր Ղարաբաղից Պարգևին են ուզում որպես միջնորդ ներգրավել կողմերի հաշտեցման համար։ Համապատասխանում է այդ լուրն իրականությանը, թե ոչ, այնքան էլ հետաքրքիր չէ։ Հետաքրքիրն այն է, թե ինչու է Նավասարդը «մուտիտներ» անում Գարեգին Բ–ի դեմ։

Լավատեղյակները պնդում են, որ քաղաքական դաշտի հետ հավասարակշռված հարաբերությունների կողմնակից և ԲՀԿ, ՀԱԿ, ՀՀԿ շրջանակների հետ կապ պահել սիրող Գարեգին Բ–ին դուր չեն գալիս «Բենթլի Սամոյի»՝ ՀՀԿ–ի համար ցուցադրաբար ու հաստիքային տերտերություն անելը։

Պատահական չէ, որ Նավասարդի ու նրա ընկեր (ասում են՝ չափազանց մոտ ընկեր, «չերեզչուր» մոտիկ ընկեր, ես կասեի՝ «շակալադնի» ընկեր) Տիգրանի օֆշորային մեքենայությունների բացահայտումից հետո Մայր աթոռը հանդես չեկավ իր «չինովնիկի» պաշտպանությամբ։

Ճիշտ է, Գարեգին Բ–ն նաև չի դատապարտել Նավասարդի «աշխարհիկ» մեղսագործությունը, բայց դե դա արդեն Սերժ Սարգսյանին չկպնելու ծրագրի շրջանակներում է եղել, քանզի միայն մանկապարտեզի երեխաներին է հնարավոր համոզել, որ Տիգրանն ու Նավասարդը «Ամերիաբանկի» միջոցով միլիոնավոր դոլարների «քցոցիներ» է արել և փող լվացել առանց Բաղրամյան 26–ի «բնակչի» համաձայնության կամ գիտության։

Օֆշորային սկանդալի մեջ բռնված Նավասարդի դիրքերը թուլացել են, ինչը հնարավորություն է տվել Գարեգին Բ–ին տեղը դնել ՀՀԿ–ամերձ տերտերին՝ յուր «տիրացուով» հանդերձ։ Տերտերն ու «տիրացուն» էլ որոշել են քարոզչագրոհի անցնել Գարեգին Բ–ի դեմ, որպեսզի խլեցնեն օֆշորային սկանդալը՝ միևնույն ժամանակ «ներգերատեսչական» տարատեսակ խնդիրներ լուծեն։ Մի խոսքով, Հայ առաքելական եկեղեցու ներսում «հոգևոր» կրքեր են բորբոքվել։

Անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն և որ կողմը կհաղթի, հարկ է արձանագրել, որ հետանկախական ամբողջ շրջանում երբեք Հայ առաքելական եկեղեցին այսքան վարկաբեկված չի եղել, որքան ցուցադրաբար աստվածավախություն, եկեղեցասիրություն և բարեպաշտություն խաղացող, ինչպես նաև մեռելոցներով երկիրը ողողող Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի օրոք։

Եթե Կաթողիկոսն ուզում է հաղթած դուրս գալ այս պայքարից, ապա ունի միայն մեկ ճանապարհ. հրապարակավ տարանջատվել ավազակաորջից ու հստակ տեսակետներ հայտնել հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ Հայ առաքելական եկեղեցին նախ պետք է տարանջատվի պետությունն իրենով արած իշխանությունից, ապա դառնա թափանցիկ գործող կառույց և մարդկային դեմք ընդունի։ Այսինքն՝ կանգնի ՀՀ քաղաքացու կողքը, այլ ոչ թե կցվի իշխանությանն ու նրա հետ միասին «փչանա»։

Գարեգին Բ–ն շանս ունի։ Եթե նա այդ շանսը չօգտագործի և շարունակի իշխանության վերին օղակին սպասարկելու ֆունկցիան, ապա մնալու է խորտակվող նավակում։ ժամանակը սուղ է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը