Մեկնաբանություն

23.08.2013 13:49


«Դիպլոմատիկ պասպող» հաճախորդին

«Դիպլոմատիկ պասպող» հաճախորդին

Սերժ Սարգսյանը սկսել է կամաց–կամաց փոխհատուցել «երկրորդ սերնդի» հաճախորդներին։ Խոսքս հրապարակային փոխհատուցման մասին է։ Թե չէ ստվերային փոխհատուցում նա միշտ էլ տվել է։

Արտաշես Գեղամյանը պատգամավոր դարձավ, Վիկտոր Դալլաքյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, Արթուր Բաղդասարյանը՝ ԱԽՔ, իսկ երբեմնի մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ դարձել են «անկախ»։

Հիմա եկել է մյուսների հերթը։ Մեկին կառավարություն են ուզում տանել, մյուսին՝ մամուլի ասուլիսների «արքա» են նշանակել, երրորդին ուզում են փողոցի լիդեր սարքել, բայց ոչ մի կերպ չի հաջողվում, իսկ չորրորդին՝ դեսպան ուղարկեցին։

1998–ին Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո մի շարք պաշտոնյաներ նույնպես հրաժարվեցին իրենց լիազորություններից։ ՀՀՇ–ի քաղաքական թիմից միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը հրաժարական չտվեց։

Իր աթոռից հրաժարվեց նաև ԱԺ այն ժամանակվա փոխխոսնակ Արա Սահակյանը, ում Սերժն անմիջապես «տակից» սեփականաշնորհեց։ Սույն սեփականաշնորհվածին բիզնեսի որոշակի արտոնություններ տվեցին ու առաջարկեցին ընդդիմադիր դեմքը պահելու համար քննադատել Ռոբերտ Քոչարյանին (նմանատիպ ընդդիմադիրներ էին նաև Գեղամյանը, Դալլաքյանը և այլոք)։

ԱԺ նախկին փոխխոսնակին երկար ժամանակ հաջողվում էր Սերժ Սարգսյանի հետ բիզնես անելով՝ հաճույք ստանալ և Ռոբերտ Քոչարյանին քննադատելով՝ քաղաքականապես կույս մնալ, բայց առաջին նախագահի վերադարձն ակտիվ քաղաքականություն հաճախորդներին, այդ թվում՝ Արա Սահակյանին դրեցին ծանր վիճակի մեջ։

Արան այնքան «շուստրի» էր, որ հաջողացրեց հանրության լայն շրջանակների համար աննկատ մնալ իր գեղամյանությամբ։ 2013թ. նախագահական ընտրությունները, սակայն, վերջ դրեցին արտաքինից Բերիային հիշեցնող Արայի «կուսակրոնությանը»։ Նա ներկա էր գաղջ մթնոլորտում տեղի ուենցող Սերժ Սարգսյանի երդման արարողությանը։

Անգամ «ֆեյք» ընտրություններում պարտված Սերժը համահաճախորդական հավաքի էր վերածել երդման արարողությունը և բնականաբար Արա Սահակյանն էլ էր հայտնվել ՄՀՀ–ի դահլիճում ու ծափահարում էր տոկոս «խփողին»։

Այժմ Արա Սահակյանին Ղազախստանում ՀՀ դեսպան են նշանակել։ Այսինքն՝ Արային հաճախորդական թոշակ են նշանակել։

Ինչպես ասում են՝ տարոսը մյուս հաճախորդներին։ Սպասենք նոր նշանակումների։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Արա Սահակյանին Ղազախստանում դեսպան նշանակելով՝ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ դեսպանատները նրա համար ոչ թե պետության քաղաքականությունն իրականացնելու ինստիտուտներ են, այլ սրան–նրան լավություն կամ փոխհատուցում տալու միջոց, առուծախի առարկա, թաքստոց կամ էլ Հայաստանում թալանած փողերը «դիպլոմատիկ պասպողով» դրսի «կայֆերի» վրա ծախսելու վայր։

Հ.Գ.-2: Սերժ Սարգսյանը շարունակում է հավատարիմ մնալ իր ոճին։ Արա Սահակյանին դեսպան նշանակելով՝ նա զուգահեռաբար քսի է տվել «անկախ» լրատվամիջոցներին ու վարձկան «դիշովկեքին» Լևոն Տեր–Պետրոսյանի վրա։

Սրանց տարածած կոդն այն է, թե իբր Արային դեսպան նշանակելը ցույց է տալիս, որ իշխանությունն ու ՀՀՇ–ի իրավահաջորդ ՀԱԿ–ը համագործակցում են։ Փաստորեն, Սարգսյանը մի կողմից բացահայտում ու «փչացնում» է իր Արային՝ «դիպլոմատիկ պասպող» տալով նրան, իսկ մյուս կողմից էլ ուզում է «բոչկա» գլորել ՀԱԿ–ի ուղղությամբ՝ ակամայից խոստովանելով, թե ումից և ինչից է վախենում։

Սերժի միակ զենքն այն է, որ նա տարածի, թե իբր բոլորը իր հետ համագործակցում են, քանզի ինչպես Արտաշես Գեղամյանն էր դիպուկ բնորոշում տվել՝ ում անունը Սերժ Սարգսյանի անվան հետ կապվի, անմիջապես վարկաբեկվում է։

Արային ՀԱԿ–ի հետ կապելով՝ սերժահպատակ լրատվամիջոցներն ու «վերլուծաբանները» փորձում են վարկաբեկման այդ տեխնոլոգիան կիրառել, բայց դե դա կարող է ազդել միայն մտավոր հետամնացների և կատարյալ անմեղսունակների վրա։

Այնպես որ Սերժը թող Արային «սատկած» վիճակում չնաղդի հանրության վրա։ Գնող չկա։ Իսկ ՀԱԿ–ից ՀՀԿ ղեկավարի գիտակցական ու ենթագիտակցական մակարդակների վախերը, փաստորեն, անգամ ամառային սեզոնին չեն անցնում։ Չօգնեց նույնիսկ գաղտնի պայմաններում անցկացրած արձակուրդը։

Այս խորագրի վերջին նյութերը