Մեկնաբանություն

26.08.2013 19:50


Հայ ժողովրդին ձայն չի՛ տրվում

Հայ ժողովրդին ձայն չի՛ տրվում

«Լիներ անհնարինը. մեր խորհրդարանի նախագահողը մի օր հանկարծ հայտարարեր. «Ձայնը տրվում է հայ ժողովրդին: Միացրեք … հինգերորդ խոսափողը…»: Բնական է, խորհրդարանը կքարանար զարմանքից, թեեւ կարծում եմ, որ մեկնումեկը հարց կուղղեր նախագահողին. «Իսկ ժողովուրդը պատգամավո՞ր Է, թե՞ հրավիրված: Եթե հրավիրված է, նրան ձայն տալու հարցը, ըստ կանոնակարգի, պիտի քվեարկությամբ որոշել»:

Չգիտեմ, եթե քվեարկության դրվեր, ձայն կստանա՞ր արդյոք, «հրավիրված» ժողովուրդը…»:

Ավելի քան երկու տասնամյակ առաջ նկատել ու հարցադրել է գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը:

Գրողի խոսքն ավելի քան ակտուալ է այսօր, երբ ակնհայտ է, որ «ապահով Հայաստանի» ժողովուրդը բացարձակապես ձայնազուրկ է:

Կարելի՞ է պատկերացնել՝ ասենք այսօրվա խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է Հանրապետականը, նման անսպասելի հայտարարություն:

Ենթադրենք, հնարավոր է, բայց անմիջապես ՀՀԿ խմբակցության ղեկավարը կհիշեցնի կանոնակարգի կարեւոր «գործառույթները» եւ մեծամասնությունը քվեարկությամբ հայ ժողովրդին կզրկի արտահայտվելու իրավունքից:

Մեր մեջ ասած՝ ճիշտ էլ կանեն, քանի որ այդ ժողովրդի մեծ մասը 5000 դրամ ընտրակաշառք վերցնելով սրանց է «ուղարկել» խորհրդարան ու սրանք իրավունք ունեն ժողովրդի այդ հատվածի հետ վարվել այնպես, ինչպես իրենք են կամենում:

Սակայն, եթե շրջանցենք «հինգհազարանոց ընտրազանգվածին» պետք է նկատել, որ հայ ժողովուրդն իսկապես բացակայում է «ապահով Հայաստան» կերտողների քաղաքական առօրյայից:

Թեպետ, տեղի ու անտեղի ՀՀԿ առաջնորդը վկայակոչում է ժողովրդին, սակայն անցած տարիներին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանն իր բոլոր «նախաձեռնություններում» զրոյի է հավասարեցրել ժողովրդի դերակատարությունը:

Չթվարկենք Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» բոլոր քայլերը, քանի որ դա հայտնի է բոլորին: Հայտնի է նաեւ, որ դրանք իրագործելու ճանապարհին ժողովուրդն անգամ «ժիլետի թեւ» չի եղել: Եվ բնական է, որ այդ նախաձեռնությունները մեկը մյուսի հետեւից տապալվել են:

Հիմա հերթը ԵՄ-ի հետ ՀՀ-ի ասոցացման համաձայնագրինն է, որը Սերժ Սարգսյանը կարծես թե հակված է ստորագրելու:

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հպարտությամբ ազդարարեց. «Տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը»։

Եվ մանրամասնեց. «Մեզ առաջարկում են խաղի նոր՝ եվրոպական կանոններ, ինչը և՛ մեր երկրում տեղի ունեցած բարեփոխումների գնահատականն է, և՛ հետագա զարգացման գրավականներից մեկը։ 5-6 տարի առաջ այս հեռանկարի մասին ոչ ոք մտածել անգամ չէր կարող»։

Ինչեւէ, Սերժ Սարգսյանի բերանով խոսում է բազեականը: Այսինքն՝ հարցն արդեն որոշված է:

Իսկ ժողովուրդի կարծիքը այս կարեւոր հարցի վերաբերյալ, ինչպես նախկինում, այսօր էլ իշխող ուժին եւ նրա ղեկավարին բացարձակապես չեն հետաքրքրում:

Որոշումը «խփե՛լ» -պրծել են՝ թքած ժողովրդի վրա:

Հարցն այն չէ, որ եվրոինտեգրացիան լավ կամ վատ բան է։ Հարցն այն է, որ ամեն ինչ արվում է մթության քողի տակ, գիշերով։ Այսինքն՝ այնպես, ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, ինչը հուշում է, որ արդյունքներն էլ «ֆուտբոլային» լինելու։ Բայց եթե Գյուլի հետ խաղում խաղատախտակին արձանագրվեց 0:2 հաշիվ ի վնաս մեզ, ապա այս անգամ կարող է խոշոր հաշիվ արձանագրվել։ Ու կրկին ի վնաս մեզ։

Եվ հանուն ինչի՞ պետք է մենք այս ամենը հանդուժենք։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը